Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Դեսպան Կոպիրկին. «Ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց ՀՀ-ի եւ ՌԴ-ի յարաբերութիւնների օրակարգում չկայ»

«ԱԼԻՔ» – Հայաստանի Հանրապետութիւնում Ռուսաստանի Դաշնութեան դեսպան Սերգէյ Կոպիրկինը յայտարարել է, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ յարաբերութիւնների օրակարգում չկայ։

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ դեսպանը նշել է «Սիւնեաց Երկիր» թերթին տւած հարցազրոյցում։

«102-րդ ռազմաբազայի դուրսբերումը երկկողմ յարաբերութիւնների օրակարգում չէ։ Հայկական կողմը դրա մասին յստակ յայտարարել է բոլոր մակարդակներում։ Ռուսական ռազմական ներկայութիւնը մնում է Հայաստանի անվտանգութեան համակարգի կենսական յենասիւն եւ տարածաշրջանային կայունութեան էական գործօն։ Միեւնոյն ժամանակ, մեր զինւորականները որեւէ սպառնալիք չեն ներկայացնում տարածաշրջանում որեւէ մէկի համար»,- ընդգծել է դեսպանը։ 

Նա յիշեցրել է, որ «Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայութեան մասին» համաձայնագիրը սկզբնապէս ստորագրւել է Մոսկւայում 1995 թւականի մարտի 16-ին՝ 25 տարով՝ իւրաքանչիւր հինգ տարին մէկ աւտոմատ երկարաձգմամբ։

«Աւելի ուշ՝ 2010 թւականին, մեր երկրները Երեւանում ստորագրեցին փաստաթղթին կից լրացուցիչ արձանագրութիւն, որով Ռուսաստանի զինւած ուժերի ստորաբաժանումների տեղակայումը Հայաստանում երկարաձգւեց մինչեւ 2044 թւականը՝ իւրաքանչիւր հինգ տարին մէկ երկարաձգման հնարաւորութեամբ»,-յաւելել է Կոպիրկինը։

Related Articles

Back to top button