Ցոյցերը շարունակելու կոչ՝ «Դեղին բաճկոններ»-ի կողմից
Ֆրանսիայում պարետային ժամ է սահմանւում

Ֆրանսիայի «Դեղին բաճկոններ» բողոքի շարժումը յառաջիկայ շաբաթւայ ընթացքում համազգային նոր ցոյցերի կոչ է արել պահանջելով նախագահ Էմմանուէլ Մակրոնի հրաժարականը եւ գործող համակարգի վերանայում։ Միեւնոյն ժամանակ, երկրում շարունակւող անկարգութիւնների պայմաններում, կառավարութիւնը որոշել է առանձին քաղաքներում կիրառել տեղային եւ սահմանափակ պարետային ժամ։
Tasnim-ը գերմանական Die Zeit պարբերականին յղումով նշել է, որ շարժումը հոկտեմբերի 24-ին նախատեսել է բողոքի գործողութիւնների «երկրորդ փուլը»։ Շարժման հրապարակած յայտարարութիւններում նշւած են նախատեսւող հաւաքներ՝ Փարիզում եւ Ֆրանսիայի այլ քաղաքներում։
Թանկացումների դէմ շարժումը կրկին աշխուժանում է
«Դեղին բաճկոններ»-ի շարժումը ձեւաւորւել է 2018 թւականին թանկացումների դէմ ցոյցերի առանցքում։ Իսկ ներկայիս ցոյցերը սկզբնապէս սկսւել են կրթական համակարգի խնդիրների դէմ ուսանողական բողոքներով, ապա վերաճել՝ կենցաղային բարձրացող ծախսերի դէմ դառնալով աւելի լայն շարժում, ներգրաււելով նաեւ «Դեղին բաճկոններ»-ին եւ այլ կազմակերպութիւնների։
Հազարաւոր ձերբակալւածներ եւ հարիւրաւոր միլիոն եւրոյի վնասներ
Հրապարակումների համաձայն վերջին օրերի անկարգութիւնների հետեւանքով արձանագրւել են խանութների թալան, հրդեհներ, ճանապարհաափակումներ եւ պետական շէնքերի վրայ յարձակումներ։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարութեան տւեալներով ձերբակալւել է շուրջ 2400 մարդ, իսկ շուրջ 1000 ոստիկան վիրաւորւել է, որոնցից եօթի վիճակը գնահատւում է ծանր։ Բողոքի մասնակիցների վիրաւորների ընդհանուր թիւը դեռ յայտնի չէ։
Արդիւնաբերութեան եւ առեւտրի պալատների միութեան տւեալներով վնասւել կամ թալանւել է աւելի քան 2000 առեւտրային տարածք, իսկ նիւթական վնասը հասել է հարիւրաւոր միլիոն եւրոյի։ Փարիզում միայն վերջին գիշերւայ ընթացքում թալանւել է շուրջ 30 խանութ։ Երկուշաբթի առաւօտեան ուսանողների կողմից մուտքի արգելափակման պատճառով ժամանակաւորապէս փակւել է նաեւ Լուվրի թանգարանը։
Կառավարութիւնը սահմանափակում է մտցնում
Վարչապետ Սեբաստիան Լըկորնուն յայտարարել է, որ նահանգապետերին յանձնարարել է անհրաժեշտութեան դէպքում առանձին քաղաքներում սահմանել պարետային ժամ կանխելու հետագայ անկարգութիւններն ու թալանը։ Նա արտակարգ դրութիւն յայտարարելու հնարաւորութիւնը չի բացառել, սակայն նշել է, որ ներկայիս պայմաններում պարետային ժամն աւելի նպատակայարմար միջոց է։
Եւրամիութիւնը դատապարտում է բռնութիւնները
Եւրամիութիւնը անընդունելի է համարել հրկիզումները, թալանն ու յարձակումները միաժամանակ ընդգծելով խաղաղ բողոքի իրաւունքի պաշտպանութեան անհրաժեշտութիւնը։ Փարիզի, Մարսէլի եւ Լիոնի քաղաքապետերը եւս քննադատել են կառավարութեանն անվտանգութեան ուժերի անբաւարար պատրաստւածութեան համար։



