Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Ադրբեջանագէտ. «Հռչակւած խաղաղութիւնը համադրելի չէ Ադրբեջանից եկող վտանգաւոր զաւթողական ծրագրերի ու ագրեսիւ խօսոյթների հետ»

Հռչակւած խաղաղութիւնը համադրելի չէ Ադրբեջանից եկող վտանգաւոր զաւթողական ծրագրերի ու ագրեսիւ խօսոյթների հետ։ Գրել է ադրբեջանագէտ Տաթեւիկ Հայրապետեանը։

Ի՞նչ է կատարւում իրականում Ադրբեջանում, ի՞նչ պետական քաղաքականութիւն է որդեգրւել։ Ես մի քանի անգամ ներկայացրել եմ ու փաստերով ցոյց տւել, որ ՀՀ տարածքը «Արեւմտեան Ադրբեջան» զաւթողական անւամբ կոչելով՝ Ալիեւը շատ հեռուն գնացող ծրագրեր է գծում։

Այսպէս, միայն անցած տարւայ դեկտեմբերի 15-ից մինչեւ այս տարւայ յունւարի 15 ընկած ժամանակահատւածում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատւական գործակալութիւնը արել է 24 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչւել է «Արեւմտեան Ադրբեջան» զաւթողական անւամբ, որը չունի որեւէ պատմական, քաղաքական կամ աշխարհագրական հէնք։ Դա յստակ զաւթողական ծրագիր է, որը ամենօրեայ մակարդակով ներկայացւում է ադրբեջանական հանրութեանը։

Ամփոփ ներկայացնեմ, թէ ինչի մասին են եղել հրապարակումները։ Բառացի մէջբերում եմ իրենց գրած նիւթերից որոշ հատւածներ։ Բոլոր հրապարակումները պետական գործակալութեանն են պատկանում։

Օրինակ՝

«Արեւմտեան Ադրբեջանի պատմական տարածքներում՝ ներկայիս Հայաստանի Հանրապետութեան տարածքում, հարիւրաւոր ադրբեջանա-թուրքական ճարտարապետական յուշարձաններ անողոք կերպով ոչնչացւել են, կամ դրանց ինքնութիւնը փոխւել եւ պահւել «գերութեան մէջ»։

«Ելոյթ ունեցողները, այդ թւում՝ գիտական եւ մշակութային հաստատութիւնների ներկայացուցիչները, նշեցին, որ հրատարակութիւնը կենսաբազմազանութեան ապագայ ուսումնասիրութիւնների համար կարեւոր աղբիւր է եւ նաեւ նպաստում է Ղարաբաղի եւ Արեւմտեան Ադրբեջանի մասին գիտական ճշմարտութիւնները միջազգային հանրութեանը հասցնելուն»։

«Արեւմտեան Ադրբեջանի հարցը դարձել է պետական քաղաքականութեան առաջնահերթ ուղղութիւններից մէկը՝ նախագահ Իլհամ Ալիեւի վճռականութեան արդիւնքում»։

«Իգդիրում պահպանւել է երեւանեան գորգերի ադրբեջանական աւանդոյթը։

Թուրքիայի Իգդիրի նահանգի նահանգապետարանը աջակցել է գորգագործութեան դասընթացներին՝ «Իրաւան գորգ» տեխնիկայի մասնագէտներ պատրաստելու համար, պահպանելով ադրբեջանական ամենահին աւանդոյթներից մէկը, AZERTAC-ին ասել է «Վերադարձ դէպի Արեւմտեան Ադրբեջան» ընկերութեան ղեկավար Սարդար Իգդիրը»։

«Արեւմտեան Ադրբեջանի իրողութիւնների հետ կապւած հարցերը լուծելը դարձել է քաղաքական եւ գիտական հիմնական առաջնահերթութիւն, որը արտացոլում է երկրի յանձնառութիւնը պատմական յիշողութեան եւ ազգային ինքնութեան պահպանմանը»։

«AZERTAC-ը հաղորդում է, որ ուղերձում ընդգծւել է ամբողջ աշխարհի ադրբեջանցիների միասնութեան եւ ազգային առաջնորդ Հէյդար Ալիեւի կողմից ընտրւած ուղու շարունակման կարեւորութիւնը։ Նախագահ Իլհամ Ալիեւը ամրապնդում է կապերը սփիւռքի հետ, պաշտպանում նրանց իրաւունքները եւ աջակցում է ադրբեջանցիների խաղաղ վերադարձին իրենց նախնիների հողեր, այդ թւում՝ Արեւմտեան Ադրբեջան, ամրապնդելով ազգային համերաշխութիւնը»։

«Բակիխանովի անւան պատմութեան եւ ազգագրութեան ինստիտուտում պատրաստւում է «Արեւմտեան Ադրբեջանի պատմական աշխարհագրութիւն» վերնագրով հրատարակութիւն, AZERTAC-ին տւած բացառիկ հարցազրոյցում ասել է պատմական գիտութիւնների դոկտոր եւ Արեւմտեան Ադրբեջանի համայնքի տնօրէնների խորհրդի անդամ Նազիմ Մուստաֆան»։

«Բաքւում վերաբացւեց Երեւանի պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնը՝ նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով վերանորոգումից եւ վերակառուցումից յետոյ»։

««Վերջին 200 տարիների ընթացքում էթնիկ զտումների, տեղահանութեան եւ ցեղասպանութեան ենթարկւածները միշտ վերադարձել են, եւ նրանք կրկին կվերադառնան՝ խաղաղ ճանապարհով, իրենց սեփական մեքենաներով»,- ասել է ադրբեջանցի պատգամաւոր Ալաքբարլին՝ ընդգծելով, որ միջազգային աջակցութիւնն ու համակեցութիւնը փախստականների անվտանգ վերադարձի բանալին են»։

Սրանք ընդամէնը ՀՀ-ի դէմ տարւող վտանգաւոր խօսոյթի մի փոքր հատւածն են։ Այս ամէնի դէմ ՀՀ ներկայիս իշխանութիւնը ոչինչ չի անում։ Ես նախկինում նշել եմ, որ նրանց վտանգաւոր անգործութիւնը ցոյց է տալիս, որ նրանք չեն պատրաստւում դիմադրել այս օրակարգին։ Սա իրականում կանխելի է յստակ ու յամառ աշխատանքի միջոցով։ Սա 0-ից յօրինւած օրակարգ է, որը գնալով նոր թափ է ստանում Ալիեւի հրահանգով եւ ուղիղ հովանաւորութեամբ։ Միշտ յիշէք՝ ցանկացած ագրեսիա, ցեղասպան գործողութիւն, վտանգաւոր ծրագիր սկսւում է պատումից, նոյն ինքը՝ նարատիւից։ Ողջ ԼՂ պատմութիւնը դրա վառ ապացոյցն է, իսկ յետոյ, երբ կեղծ պատումը մարդկանց ուղեղում են մտցնում, արդէն գալիս է բուն գործողութեան փուլը։ Սա պէտք է կանխել, քանի դեռ գործ ունենք պատումի հետ։ Դրա բոլոր հնարաւորութիւնները մենք ունենք»։

Tert.am

Related Articles

Back to top button