Տաւուշում իրավիճակը շարունակում է լարւած մնալ
Ժողովուրդը հողերը թշնամուն զիջել չի պատրաստւում
«ԱԼԻՔ» – Տաւուշի մարզի Կիրանց գիւղում իրավիճակը շարունակում է լարւած մնալ:
Երէկ՝ ապրիլի 22-ին, քաղաքացիները կրկին փակել են Երեւան-Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ ի նշան բողոքի՝ Տաւուշի մարզի գիւղերը թշնամուն յանձնելու ՀՀ կապիտուլեանտ իշխանութիւնների հայրենադաւ որոշմանը:
Նրանք յստակ յայտարարել են, որ չեն պատրաստւում համակերպւել այդ որոշման հետ, եւ իրենց պապենական հողերը թշնամուն զիջել: Բողոքաւորները մերժել են ճանապարհը բացելու՝ իրաւապահների պահանջը:
Ականազերծման աշխատանքներ ձախողւել են
Կիրանցում բնակիչներն ՀՀ ԱԱԾ-ին թոյլ չեն տւել ականազերծում իրականացնել զօրքերի յետ քաշման համար։
Նոյնը տեղի է ունեցել նաեւ Ոսկեպար գիւղում: ՀՀ ԶՈՒ-ն փորձել է ականազերծման աշխատանքներ տանել գիւղի Սուրբ Աստւածածին եկեղեցու յարակից տարածքներում։ Աշխատանքները գիւղի բնակիչները խոչընդոտել են եւ թոյլ չեն տւել իրականացնել։
Իշխանութիւնները խաբել են, սա մեծագոյն կեղծիք է
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցութեան նախագահ, քաղաքագէտ Սուրէն Պետրոսեանը Ոսկեպար գիւղից, «Ֆէյսբուք»-եան ուղիղ եթերում անդրադառնալով ականազերծման աշխատանքներին ասել է. «Այստեղից պարզ երեւում է, որ իշխանութիւնը կրկին խաբել է եւ սա մեծագոյն կեղծիք է, թէ կան պայմանաւորւածութիւններ, սահմանն այստեղով չի անցնելու, որովհետեւ յստակ երեւում է, որ միակողմանի յանձնման գործընթացը շարունակւում է, հակառակ դէպքում որեւիցէ պատճառ չէր լինի որ Ոսկեպարի եկեղեցու շրջակայ հատւածը փորձէին ականազերծել»:
ԵԿՄ տարբերանշանով աւտոմեքենան մխրճւել է ժողովրդի մէջ
Ժողովրդական բողոքի գործողութիւնները դադարեցնելու նպատակով, ՀՀ գործող իշխանութիւնները դիմում են ցանկացած սադրանքի:
Երէկ՝ միջօրէին, բողոք իրականացնողների շրջանում յայտնւել է Երկրապահ կամաւորականների միութեան նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան վարչութեան անդամ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Սասուն Միքայէլեանի ընկերը՝ Տաւուշի ԵԿՄ տարածքային ստորաբաժման պատասխանատու Իւրա Յարութիւնեանը, եւ ակնյայտ սադրիչ գործողութիւներ իրականացնելով, պահանջել է բացել ճանապարհը:
Ըստ անակատեսների՝ նա իր աւտոմեքենան վարել է ակցիայի մասնակիցների ուղղութեամբ:
Ակցիայի մասնակիցներին յաջողւել է հեռացնել Սասուն Միքայէլեանի ընկերոջը՝ Տաւուշի ԵԿՄ տարածքային ստորաբաժման պատասխանատու, նիկոլական սադրիչ Իւրա Յարութիւնեանին։
Ցաւալի է, որ սադրանքը տեղի է ունեցել ոստիկանների ներկայութեամբ, որոնք անտարբեր նայել են, թէ ոնց է սադրիչն իր աւտոմեքեայով մխրճւում ժողովրդի մէջ:
Բնականաբար, ԵԿՄ Տաւուշի մարզի պատասխանատուն չէր կարող իր սադրիչ գործողութիւններով նման անբարոյ վարքագիծ դրսեւորել առանց Սասուն Միքայէլեանի հրամանի։
Իշխանական շարունակւող սադրանքներ
Բողոքի գործողութիւններ խափանելուն ուղղւած իշխանական սադրանքների շրջանակում, աւելի ուշ քաշքշուկ եւ հրմշտոց է տեղի ունեցել Բագրատաշէնի հատւածում:
ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը եղել է ժողովրդի կողքին: Քաշքշուկի եւ հրմշտոցների ժամանակ սադրիչներ հարւածել են նաեւ նրան:
Աւելի ուշ, ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը տեղեկացրել է, որ Գառնիկ Դանիէլեանը լուրջ վնասւածք չի ստացել եւ չի հոսպիտալացւել ու շարունակում է մնալ ժողովրդի կողքին:
«Իշխանական սադրանքի արդիւնքում՝ Բագրատաշէնի հատւածում, որտեղ տաւուշցիները փակել էին ճանապարհը, տեղի է ունեցել քաշքշուկ եւ հրմշտոց:
Պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը եղել է քաղաքացիների կողքին, սակայն որեւէ ծանր մարմնական վնասւածք վերջինս չունի: Մենք մի խումբ գործընկերներով գտնւում ենք Տաւուշում»,- «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է Վարդանեանը:
Եթէ այս հողը մեր չէր, ինչո՞ւ էիք եկել մեր անտառներում քէֆ անում
Եթէ Տաւուշի այս հողերը մերը չէր, ինչո՞ւ էիք եկել մեր անտառներում քէֆ անում։ Այս մասին երէկ՝ ապրիլի 21-ին, Ոսկեպարի փակ ճանապարհին ասել է Տաւուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ արք. Գալստանեանը՝ դիմելով իշխանականներին։
«Մեզ ասում են գործակալ ու չգիտեմ՝ ինչ, ինչ ասես ասում են։ Մեր անելիքը ճշմարտութեան մասին է, եւ իրենք էլ ստին, փողին, սատանային ծառայողներ են, սրանից կամ նրանից փող են վերցնում։ Ոչ մի բանից չնեղւէք, ժողովուրդ ջան, ձեզ ձեռ են առնում, ծաղրում են, կաշառք են առաջարկում։
Կարծում են, թէ այստեղ մարդիկ հայրենիք չունեն։ Այդ մարդիկ, որոնք այս հողը չեն համարում մերը, մեր անտառներում կերուխում էին անում։ Եթէ այս հողը մերը չէր, ինչո՞ւ էիք եկել մեր անտառներում քէֆ անում»,- իր խօսքում նշեց Սրբազանը։
Գիշերը եւս փակ է եղել ճանապարհը
Գառնիկ Դանիէլեանը տեղեկացրել է, որ ժողովուրդը գիշերը եւս շարունակելու է փակ պահել Երեւան-Թբիլիսի ճանապարհը:
«Արդէն երկար ժամանակ է, միջպետական մայրուղին պարալիզացւած է մեր հայրենասէր քաղաքացիների կողմից։ Սա միայն Կիրանցի, Ոսկեպարի եւ Բաղանիսի պայքարը չէ, սա հայ ժողովրդի պայքարն է, յանուն վաղւայ լուսաւոր գալիքի։ Գիշերն այստեղ ենք լինելու»,- ասել է նա։
Պատգամաւորը նաեւ նշել է, որ տեղեկութիւններ կան, որ յատուկ նշանակութեան ստորաբաժանումներ են ուղեւորւում Կիրանց եւ պատրաստւում են ուժ կիրառել եւ այդպէս ճանապարհը բացել։
«Բայց մենք շարունակում են մնալ այստեղ»,- նշել է նա։