«Ժամանակի զուր վատնում»
Համաշխարհային առաջնորդները հրաժարւում են մասնակցել Բաքւի COP29-ին
«ԱԼԻՔ» – Աշխարհի առաջնորդները, բանակցողները, լաբբիստները եւ ոչ կառավարական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ կը հաւաքւեն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքւում՝ COP29 համաժողովին մասնակցելու։ Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է Euronews-ը։
ՄԱԿ-ի կլիմայի այս համաժողովը կոչւում է «ֆինանսական», քանի որ այս տարի ակնկալւում է, որ երկրները կը սահմանեն կլիմայի ֆինանսաւորման նոր գլոբալ թիրախ:
Յաջորդ տարի Բրազիլիայում անցկացւելիք COP30-ից առաջ, դրանք նաեւ պայմանաւորւած են «Ազգային մակարդակով սահմանւած ներդրումներ» անունով յայտնի կլիմայական ներկայ ազգային պարտաւորութիւններով (NDCs):
ՄԱԿ-ի տւեալներով՝ հաստատել են իրենց մասնակցութիւնը համաժողովին աւելի քան 100 պետութիւնների եւ կառավարութիւնների ղեկավարներ։
Սակայն աշխարհի մի շարք առաջնորդներ ու պետական պաշտօնեաներ արդէն յայտարարել են, որ չեն մեկնելու Բաքու։ Պարզաբանենք՝ ով չի մեկնի Բաքու եւ ինչու:
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մի շարք եւրոպական առաջնորդներ յայտարարեցին, որ չեն մասնակցի COP29-ին:
Այս շաբաթւայ սկզբին Եւրայանձնաժողովի նախագահի խօսնակը Euronews-ին հաստատեց, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի համաժողովին:
Քանի որ Եւրայանձնաժողովը անցումային փուլում է, «նախագահը կը կենտրոնանայ իր ինստիտուցիոնալ պարտականութիւնների վրայ»,-յայտարարել է ֆոն դեր Լայենի խօսնակը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկրորդ ժամկէտը ԵՀ-ի ղեկավարի պաշտօնում սկսւում է դեկտեմբերի 1-ին։
Փոխարէնը ԵՄ-ն կը ներկայացնեն Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլը, ինչպէս նաեւ կլիմայի հարցերով եւրայանձնակատար Վոպկէ Հոկստրան եւ էներգետիկ եւրայանձնակատար Կադրի Սիմսոնը:
Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնը եւս բաց կը թողնի կլիմայական համաժողովը, ըստ տեղեկութիւնների՝ դրա գտնւելու վայրի պատճառով: Ֆրանսիայի յարաբերութիւններն Ադրբեջանի հետ սրւել են անցեալ տարւանից, երբ Փարիզը դատապարտեց Բաքւի գործողութիւնները Ղարաբաղում։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը յայտարարել է, որ չի մասնակցելու COP29-ին՝ ներքաղաքական խնդիրների պատճառով. չորեքշաբթի Գերմանիայում իշխող կոալիցիան փլուզւեց։ Նա ծրագրել էր Բաքւում մասնակցել կլիմայի վերաբերեալ բանակցութիւններին, սակայն ստիպւած եղայ չեղարկել ուղեւորութիւնը։
Քանի որ COP29-ը տեղի կունենայ ԱՄՆ ընտրութիւններից մի քանի օր անց, նախագահ Ջօ Բայդէնը եւս չի մասնակցի համաժողովին: Նա երկրորդ տարին անընդմէջ բաց է թողնում կլիմայի վերաբերեալ գլոբալ բանակցութիւնները: ԱՄՆ պատւիրակութիւնը կը գլխաւորի կլիմայի միջազգային քաղաքականութեան գծով նախագահի ներկայիս աւագ խորհրդական Ջոն Պոդեստան։
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիօ Լուլա դա Սիլւան եւս չեղեալ է յայտարարել իր ուղեւորութիւնը՝ անցեալ ամիս գլխի վնասւածք ստանալուց յետոյ: Յաջորդ տարի երկիրը կը հիւրընկալի COP30-ը Բելեմում:
Չարլզ Երրորդ թագաւորը եւս չի մասնակցի համաաժողովին, իսկ Մեծ Բրիտանիայի կառավարութիւնը որոշել է չուղարկել նրան որպէս ներկայացուցիչ, քանի որ նա շարունակում է ապաքինւել հիւանդութիւնից: Թագաւորը երկար ժամանակ եղել է կլիմայի փոփոխութեան ջատագով եւ մասնակցել է ՄԱԿ-ի նախկին համաժողովներին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի ՄԱԿ-ի կլիմայի համաժողովին, իսկ COP29-ում երկրի պատւիրակութիւնը կը գլխաւորի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Հոկտեմբերին ԵՄ-ում Ուկրաինայի դեսպան Վսեւոլոդ Չենցովը Politico-ին յայտնել էր, որ միջազգային հանրութիւնը պէտք է հրաժարւի բանակցութիւններին մասնակցելուց, եթէ Պուտինը մասնակցի:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրիւդօն, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Չինաստանի նախագահ Սի Ծինպինը, Հարաւային Աֆրիկայի վարչապետ Սիրիլ Ռամաֆոսան եւ Աւստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզէն նոյնպէս բաց կը թողնեն այս տարւայ կլիմայի համաժողովը:
Օգոստոսին Պապուա Նոր Գւինեայի վարչապետ Ջէյմզ Մարապեն յայտարարեց, որ երկիրը չի մասնակցի COP29-ին՝ ի նշան բողոքի խոշոր երկրներից «կլիմայի փոփոխութեան զոհերին արագ աջակցութեան» բացակայութեան դէմ: Մարապեն յայտարարեց, որ նման քայլի է դիմում՝ ելնելով բոլոր փոքր կղզի պետութիւնների շահերից:
Շրջապատւած ովկիանոսով եւ ունենալով մոլորակի երրորդ արեւադարձային անտառներով ամենամեծ տարածքը՝ Պապուա Նոր Գւինեան չափազանց խոցելի է կլիմայի փոփոխութեան հետեւանքների հարցերում: Երկիրը տառապում է ծովի մակարդակի բարձրացումից եւ բնական աղէտներից։
Ընդամէնը մի քանի շաբաթ է մնացել, արտգործնախարար Ջասթին Տկաչենկօն հաստատել է, որ երկիրը դուրս է գալիս կլիմայի գագաթնաժողովում բարձր մակարդակի բանակցութիւններից։ Բաքւում անկացւելիք COP29-ը նա «ժամանակի զուր վատնում» է որակել:
Տկաչենկօն յայտարարել է, որ Պապուա Նոր Գւինեան «այլեւս չի հանդուրժի դատարկ խոստումները եւ անգործութիւնը», մինչ նրա ժողովուրդը տառապում է կլիմայի փոփոխութեան կործանարար հետեւանքներից: Նա յաւելել է, որ երկրների ներկայացուցիչների վերջին երեք հանդիպումները փոքր կղզի պետութիւնների համար առանց որեւէ շօշափելի արդիւնքի են անցնում։
Պապուա Նոր Գւինեան պետական պաշտօնեաների փոքր պատւիրակութիւն կուղարկի, սակայն բանակցութիւններին նախարարներ չեն մասնակցի։