ՀամայնքՄարզական

ՄԵՐ՝ ԲՈԼՈՐԻՍ «ԱՐԱՐԱՏ»-Ը` ԻՐԱՆԱՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՐԺԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ

ՀԱՏԻՍ

 

«Ֆուտբոլի հետ դաժան վարւեցին: Իհարկէ կար նաեւ համայնքի նոսրացման խնդիրը»,- «ԱԼԻՔ» այցելած Մայիս Մինասեանի հետ հանդիպմանն ասում է թերթիս գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը:

Արամ Շահնազարեանը Պերսպոլիսի կողմից է, իսկ կատակով նշում է նաեւ, որ «կապոյտների» դէմ ոչինչ չունի, բայց դէմ չէ, եթէ թերթում մի քիչ էլ կապոյտները երեւան: Ծիծաղում են ու Մայիսը առիթը բաց չի թողնում ասելու համար, որ մարդ միշտ նոյն տեղն է քորում, որտեղից շատ է խայթւել: Այսպիսին է կարգը, երբ ֆուտբոլային կրքոտ զրոյցի մասնակից ես լինում:

Արարատի վետերան ֆուտբոլիստի հետ մտերմիկ հանդիպման ընթացքում հետաքրքրւեցինք միւս թիմակիցների գործերով նաեւ, որով էլ զրոյցը թեւ առնելով՝ ֆուտբոլիստին յատուկ աշխուժութեամբ Մայիս Մինասեանն ընկաւ յուշերի գիրկն ու պատմեց երբէք կրկնութիւն չդարձող դրւագների մասին, ինչը Արարատի ֆուտբոլիստների հետ հաւասարը հաւասարին ժամանակին ապրել են նաեւ Արարատի երկրպագուները:  Մարդիկ, որոնց շարքերում կարելի էր նկատել դպրոցականներին, ուսանողներին, գործարարներին, եւ բոլոր այն արհեստաւորներին, որոնց արհեստանոցների դռները Արարատի խաղի հետ միասին փակւում ու բացւում էին:

 

«Արա-րատ հուպ-տու»

«Ամջադիէ» տեսած սերնդի համար Արարատի ֆոտբոլը նոյնն էր ինչ «համայնքի հաւաքականը»: Արարատի խաղերը դերբիի տպաւորութիւն էին գործում բոլորի վրայ: Քիչ չէին մամուլով հրապարակւած վերնագրերը կապւած «նարնջագոյն ֆուտբոլի» ներկայացրածին, «Եւրոպական դպրոց», «Վերջապէս հաշւարկւած ֆուտբոլ», «օրինակելի հանդիսատես», եւ  «Բոլորի երազած թիմը»…

Տղաների ֆուտբոլը, թիմային հանգստութիւնը, միաժամանակ թելադրած տակտիկան, ոչմէկի աչքից չէր կարող վրիպել: Չխօսենք արդէն արեւագոյն զգեստի գեղեցիկ համադրութեան ու եռագոյնի մասին:

Այնպէս, որ իրանական բոլոր թիմերի երկրպագուների երկրորդ սիրւած գոյնը մեր արեւոտ նարնջագոյնն էր:

«Հայ երկրպագուներն իրենց մնայուն հատւածն ու տաղաւարն ունէին Ամջադիէյի արեւմտեան ճակատում: Դա ամենաաշխոյժն էր ու երբեւէ դատարկութիւն չտեսաւ Արարատի ելոյթների ժամանակ:

Արարատականի զարկերակով գնդապետը

«Արարատ»-ը 80-ից 90-ականներին տեսաւ իր պատմութեան լեգենդների անկրկնելի սերնդին:  «Արարատ»-ի գլխաւոր մարզիչն այն ժամանակ Հասան Հաբիբին էր, թէեւ գնդապետը ազգութեամբ հայ չէր, սակայն ինչպէս երկրպագուներն էին ասում՝ ոչ մի հայ Հխաբիբիի չափ Արարատի խաղերը տեսած չկայ: Բնական է եթէ մտածենք այդպէս է, քանի որ ինքը մարզիչն էր թիմի, սակայն իմաստն աւելի խորն է տանելու, եթէ փոխաբերական ակնոցով ընդունենք այն:

80-ականների մրցաշրջանում, «Արարատը» Թեհրանի ակումբային գաւաթի խաղարկութիւնում մի պահ հասցրեց կանգնել աղիւսակի բարձրակէտում, իսկ սեզոնի աւարտին այն արդէն հինգերորդ պատւաւոր տեղում էր: Հասան Հաբիբին նաեւ «Արարատ»-ով ունեցած յաջողութիւններով ու արդիւնքնեrով հրաւիրւել էր  Իրանի «Օմիդ» ազգային հաւաքականը գլխաւորելու:

Մեքենաներում գիշերելու մասին

Տղաներից շատերն են յիշում այն գիշերները, որ լուսացրել են մեքենաներում: Փորձում էինք գումար խնայել թիմի համար: Հեշտ չէր քաղաքից քաղաք գնալ, հիւրանոցներ, սնունդ, եւ այլն… «Յիշում եմ Համայեակի մերսեդեսում անցկացրած գիշերւայ մասին:

Թիմի հաշիւը փակած անծանօթը

Եղել են նաեւ դէպքեր, երբ տղաներին հարկաւոր էր հիւրանոցներում գիշերել, որպէսզի յաջորդ օրւայ խաղին պատրաստ լինեն: Իսկ երբ առաւօտեան թիմը դիմել է հիւրանոցին, տեղեկացրել են, որ կեցութեան համար հաշւեփակ է արւել: Ի դէպ սա մի քանի անգամ է պատահել: Մեր երկրպագուներն աննման էին: Կայ նաեւ ընտանիք, որոնք քոյրերով ու եղբայրներով ներկայ էին մեր բոլոր խաղերին: Երկար ճանապարհ էին կտրում, բայց գալիս էին տղաներին քաջալերելու: Դասական երեւոյթ էր:

«Հայկական սպորտային ակումբ» ֆուտբոլի կազմը. լուսանկարում՝ առաջին շարքը ձախից՝ Կարօ Խաչատրեան, Արտոշ Ծատուրեան (թիմի աւագ), Էմիլ Եղիազարեան, Արտեմ Բախշի, Ժորժ Աֆթանդիլեան։ Երկրորդ շարք՝ Արտեմ Թունեան, Կառլոս Պօղոսեան, Աշոտ Աւետեան, Առաքել Բաբայեան։ 3-րդ եւ 4-րդ շարք՝ Ժորժ Մանասէրեան, Պիեռ Մեսրոպեան, Վաչիկ Մարկոսեան, մարզիչ Վիկտոր Աբեան:

Իմ հաշւին ռեստորան

«Արարատ»ի երկրպագուներից մէկը, մի անգամ, տղաների յաղթանակի պատւին որոշում է ռեստորան հրաւիրել ողջ թիմը՝ պատիւ տալու: Տղաներն էլ մարզիկ ու երիտասարդ, վատ ախորժակ չունէին: Տղամարդու պէս ուտում ու խմում են, իսկ վերջում պարզւում է, որ նա՝ ով ռեստուրան էր հրաւիրել տղաներին, փող չունի ու տղաներն են հաշիւը փակում նրանն էլ հետը…«էդ հաշիւն էլ մի երկու-երեք աման լւանալով փակւելու բան չէր»…ծիծաղը զսպել չկարողանալով պատմեց Մայիս Մինասեանը:

Ազգային հաւաքականի մեր լեգենդները

Բոլորն էլ լեգենդներ են: Սկսած Անդրանիկից, վերջացրած միւս Անդրանիկով: Իդէպ Անդրանիկ Իսկանդարեանը ԱՄՆ տեղափոխւելուց յետոյ շարունակեց ֆուտբոլը եւ Էսեքսի հետ հասցրեց ԱՄՆ-ի չեմպիոն դառնալ:

Ֆուտբոլը մայրաքաղաք եկաւ Աբադանից

Փաստ է: Իսկ հաստատ հայերիս մատը խառն է: Չիմացած տեղը մեծախօսութիւն չանեմ: Բայց, որ գնացիք Աբադան, հաստատ այցելէք տեղի յայտնի հիւանադանոցները, ու տեսնելու էք, որ դեռ հիմնադիրների ու լաւագոյն բժիշկների նկարների մեծ մասը հայերն են: Գուցէ կապ չունի, ճիշտ էք, բայց տեսնողն ու այնտեղ ապրածը կը հասկանայ ինչ բան էր ասածս: 1320 թւականին Իրանի ազգային հաւաքականի պատմութեան առաջին պաշտօնական խաղում, որն անց է կացւել  Աֆղանստանի դէմ, Արտուշ Ասատրեանն էլ է դուրս եկել խաղադաշտ։ Իրանի ազգային ֆուտբոլի հաւաքականի առաջին սերնդից, առանցքային դեր են ստանձնել Խուզեստանի հայերը Մասջեդ Սուլէյմանից եւ Աբադանից:

Ֆուտբոլում հայհոյելու «արւեստը»

Ֆուտբոլային բառապաշարի կիրառման եւ դաշտում ֆուտբոլիստներին կառավարելու կամ ուղղորդելու հարցում ուղիղ կապ կայ մարզչի տոնայնութեան ու «լեզւին տալու» միջեւ: «Այնպէս որ դաշտում անմիջապէս հասկանում ես բարկութիւնից էր, թէ թիմի արենջն ու տակտիկան փոխելու համար էր այդ զգուշացումը:

Այլ բան եթէ երկրպագուներից որեւէ մէկը  պոռթկում է ու շրջապատի ականջն էլ պղտորում է հետը:

Իսկ «Արարատ»-ի դէպքում դրանք կամ չկային, կամ լինելու դէպքում կրում էին իւրայատուկ տեսակ: Թերեւս ամենայայտնին «Դա-ւար չա-ման բո-խոր»-ն էր: Դա ասւում էր, երբ մրցավարական սխալները չափից շատ էին ու գալիս էին խաղի եղանակը փոխելու:

Ֆուտբոլի ազգային հաւաքականի նախկին աստղ, աւագ եւ գլխաւոր մարզիչ Հասան Հաբիբին՝ (1967 թւականին): նրա գիտելիքներն ու փորձը, գործելաոճը եւ «Արարատ»-ի  ֆուտբոլի ողնաշարի ամրացման հարցում ունեցած ներդրումը ուսումնասիրելու լաւագոյն թեմաներից մէկը կարող է լինել:  Արդիւնքը կարող է կատարեալ օրինակ ծառայել երիտասարդ մարզիչներին ֆիզիկական դաստիարակութեան համար:

Բակային ֆուտբոլից՝  ազգային հաւաքական

Դա բանաձեւ էր: Գուցէ հիմա ոչ այնքան, բայց մինչեւ վերջերս հէնց այդպէս էր: Իսկ մեր դէպքում՝ Րաֆֆիի դաշտից, կամ Հրազդանից ու Շահազիզից, կամ նոյնիսկ Արժանտին հրապարակի հողածածկ ու քարքարոտ գետիններից էին տղաները յայտնւում Արարատի կազմում: Թիմերն էլ, որտեղ խաղում էինք, Հրազդանն էր, Արմենիան, կամ վերջերս էլ Ալէքսն էր: Չկային այսօրւայ պայմանագրային սահմանափակումները: Ով, ուր ուզում՝ կարողանում էր խաղալ: Խաղում էինք հէնց խաղալու համար:

«Արարատ» ֆուտբոլի պատմութիւնը գրքով

Վրէժը, Արիսը եւ Յովիկը իրատեսօրէն են մօտենում «ԱԼԻՔ»-ի այն առաջարկին, որ ժամանակն է մտածելու «Արարատ»-ի ֆուտբոլային անցեալը ներկայացնող գրքի մասին: Իսկ «ժամանակն է, երբ արդէն ուշ է» ասացւածքը յուշում է, որ կարեւոր է պատմութիւնն  արձանագրելու կամքը  եւս: Իհարկէ, դա ենթադրում է հսկայածաւալ աշխատանք, որտեղ պէտք է հաւաքագրել լուսանկարները, որոնել արխիւները, թերթել մամուլով հրապարակւածը…. լուսանկարների հարցում «ԱԼԻՔ»-ից եւս ակնկալիքներ ունէին վետերան ֆուտբոլիստները: «Վարուժ Անդրէասեանը միշտ էր ԱԼԻՔ-ի կողմից մեր խաղերին ներկայ»»-, ասում է Վրէժը:

Հովանաւոր ընկերութիւնները

Հաւիլուքսը, Բանքէ-քարը, Կոկա-կոլան, Լեւոն Ահարոնեանը, Դոդիկը,  PCC-ին… այս ցուցակում յայտնւելու հերթեր էր գոյանալու, եթէ յեղափոխութեան շեմին քաղաքական լարւած իրավիճակից ազդւած չլինէր տնտեսութիւնն ու մարզական աշխարհը: «Արարատ»-ի կողքին լինելը իւրաքանչիւր հայի համար պարտքի զգացում էր, սկսած թիմի տղաներից ու երկրպագուներից, վերջացրած հայ գործարարներով ու հասարակ քաղաքացիներով:

Արարատ, 1964 թւական – Թիմը, որն արժանիօրէն 3 անգամ բացեց «Շահին»-ի աստղերի դարպասը…. Աջից ոտքի վրայ` Աղասի Յակոբեան, Կարօ Հախվարդեան, Վահան Սիմոնեան, Ալէքօ Վարդանեան, Գառնիկ Մեհրաբեան, Խաչիկ Յարութիւնեան, Նստած՝ Գոգօ Բուխանեան, Համլետ Ասէֆի, Հենրիկ Սարգսեան, Լեւոն Կուրաեան, Կոստանտին Յարութիւնեան:

Արհեստավարժ ֆուտբոլի շրջանը, կամ, արդէն փողն է խօսում

«Երբ դեռ Արարատի կազմում էինք ու առաջին անգամ վճարեցին մեզ, ուրախութիւնից մեր գլուխը կորցրել էինք»,-ասում են վետերան «տղաները», ապա նշում, որ  բոլոր տղաներն ունեցել են իրենց աշխատանքն ու արհեստը, բայց արհեստավարժ ֆուտբոլիստի ժեստում յայտնւելը իւրայատուկ զգացողութիւն է եղել նրանց համար:

Սակայն, երբ իրանական ֆուտբոլը բռնեց  արհեստավարժ ուղղութիւն, այդ ժամանակ պարզ դարձաւ, թէ ինչ կորուստների պիտի սպասի Իրանի ֆուտբոլի աւանդական թիմերի համբաւը: Արհեստավարժ դառնալը միւս ոլորտների պէս անկանոն ու «հէնց այնպէս» տեղի ունեցաւ: Հոման, Բանքէ Մելին, Շահինը,…եւ վերջապէս Արարատը դուրս մնացին նորայայտ եւ հսկայական կարողութիւն ունեցող ընկերութիւնների հովանու տակ գլուխ բարձրացրած թիմերի շրջանակից ու մէկը միւսի յետեւից հրաժեշտ տւեցին մեծ ֆուտբոլին: Բնական  իրաւունքն էր տղաների, որ մտածեն իրենց ֆուտբոլի զարգացման ու եկամուտի մասին: Բացի այդ, տարօրինակ կերպով աւելացան իրանական ֆուտբոլի ծախսերը, եւ քանի որ «Արարատ»-ը կապւած չէր պետական ռեսուրսներից սնւող ընկերութիւններին, սկզբում կորցրեց  իր  լաւագոյններին, իսկ յետոյ դիրքը:

Անդրանիկ Իսկանդարեան

«Կոսմուս»-ը երեք անգամ ԱՄՆ-ի լիգայի չեմպիոն դարձրեց նա: Անդրանիկը Պէլէի հետ եւս ծանօթ էր: Ոչ այնպէս, որ միւսներն են: Մարդիկ գնում էին ու լուսանկարւում Պելէի հետ ու անունը դնում՝ ընկերական կապ: Իսկ Անդրանիկի դէպքում Պելեն գիտէր Անդրանիկին: Անդրանիկի որդին՝ Ալեքօն եւս ծառից հեռու ընկած պտուղ չէ:

Ալեքօն է տնօրինում ԱՄՆ-ի սեզոնային տրանսֆերի պատուհանը: Լաւագոյնս ճանաչում ու վերահսկում է ԱՄՆ-ի լիգան իր խաղացողներով: Այնպէս որ, մեր «Արարատ»-ի շնորհքից անմասն չի մանցել նաեւ ԱՄՆ-ը (ծիծաղում են, ոնց որ  գոլ խփած լինեն):

«Արարատ»-ը երբեւէ Ահւազում, Թաւրիզում ու Շիրազում չի պարտւել

Մեր աւտոբուսը յաճախ է յայտնւել նրանց նետած քարերի թիրախում: Էնպէս, որ տեղացիք լաւ էլ մեր ամօթի տակից դուրս էին գալիս: Մաշհադում եւս մեր ձեռքից կրակն էին: Գնում էինք ու յաղթում էինք Աբու Մոսլէմին՝ կրօնական խաղերին: Կատակով նրանց ասում էինք, որ Էմամզադէն մեր կողմից էր:

Հախվերդեան Կարօն

Մեր ձախլիկ լեգենդը: Չգիտես ինչու, երբ ձախ ոտքով խաղացողներն են յայտնի դէմքերի շարքն անցնում, տեսակով ու խաղով նոյնպէս մեծ տարածութիւն ունեն միւսներից: Ֆուտբոլի աշխարհում քիչ չեն օրինակները: Իսկ Կարօն կարծես իւրայատուկ էր: Դերբիներում խաղալը մի բան է, իսկ դերբիներում գոլերի հեղինակ դառնալն այլ բան: Կարօն հասցրեց անել դա: Ազգային հաւաքականի կազմում եւս Կարօ Հախվերդեանի անունը բան էր նշանակում: Իսկ նմաններն իրենց հետ ներկայացնում էին նաեւ Արարատի անունը: Դա երկկողմ պատիւ էր կարծես: Իսկ թիմերի համար, որտեղ արդէն հանդէս էին գալիս «Արարատ»-ի տղաները, կրկնակի պատիւ էր կարծես «Արարատ»-ից եկած ֆուտբոլիստ ունենալը:

1355 թւականի մարտին Կարոյի հրաժեշտի խաղում «Թաջ»-ի վետերանները Ամջադիէում խաղացին հայ անւանիների դէմ: Արդիւնքում յաղթեց «Արարատ»-ի վետերանների թիմը՝ Նաւասարդեանի գոլով: Նասեր Հեջազի, Ալի Ջաբարի, Մանսուր Փուրհէյդարի, Նասրուլլահ Աբդուլահի, Էզզաթ Ջան Մալեքի, Ջաւադ Ղորաբը, Ադելխանին, Միքայէլ Պետրոսեանը, Մայիս Մինասեանը, Գառնիկ Շահբանդարին, Աբեդեանը… Իրանի աստղերի համտեղ խաղը լինէր կարծես:

Արարատի աստղն ու պայծառագոյն դէմքը, Գառնիկ Մեհրաբեանը (նախկին ազգային հաւաքականի, ինչպէս նաեւ Դէյհիմի, Թաջի եւ Արարատի ֆուտբոլիստ) …. Վարպետ Մեհրաբեանը երկար տարիներ ծառայել է իրանական ֆուտբոլին ու Արարատի ֆուտբոլին, եւ այդ թւում Ազգային հաւաքականին ու  ակումբային ֆուտբոլի զարգացմանը:  Նրա շնորհիւ բազմաթիւ խաղացողներ են ի յայտ եկել, այդ թւում՝ Կարօ Հախվարդեանը, Արշաւիր Մալէքին, Համլետ Ասեֆեանը, Անդրանիկ Իսկանդրեանը, Գառնիկ Շահբանդարին…

Իսկ, եթէ ասւի՝ համայնքի մարզական ռեսորսները  ֆուտբոլի վրայ են ծախսւել, վերջն էլ ոչինչ

Ֆուտբոլը բարեկամութեան համար է: Ֆուտբոլի միջոցով տարբեր երկրների հասարակութիւնները դաստիարակւում են յարգանքով վերաբերւել տարբեր մշակոյթների եւ ազգութիւնների նկատմամբ, ինչպէս նաեւ երիտասարդ սերնդին հաղորդել համամարդկային արժէքներ եւ հետաքրքրութիւն դէպի առողջ ապրելակերպ: Սա մեծ յաջողութիւն է, որին հասնելը ֆուտբոլով աւելի արագ է ստացւել: Իսկ «Արարատ»-ի դէպքում, գոնէ այն ժամանակաշրջանում, հայկական ֆուտբոլային յաջողութիւններն ու արկածախնդրութիւնը մեծամասամբ, հէնց տղաների գրպանի հաշւին էր: «Այո, կար կազմակերպութեան բիւջէն, հովանաւորները եւս թիկունք էին հանդիսանում, բայց տղաները բեռ չէին ոչմէկի ուսերին»,-ասում են հին արարատականները:

«Արարատի» ֆուտբոլի ակադեմիան

Մեր վետերան հիւրերը ողջունեցին նախորդ սերունդների ներկայութիւնը ներկայ «Արարատ»-ի կողքին: Ճիշտ է՝ թիմը չկայ, բայց կարեւորն այն է, որ եթէ ցանկանում ես նորից տեսնել թիմը, ապա պէտք է ինքդ էլ քայլ անես, որ հնարաւոր լինի միասին առաջ գնալ: Էդմոնդ Բզիկին մաղթում ենք յաջողութիւն, եւ ասում՝ որ շատ երկար ու դժւար աշխատանք է, բայց գիտակցում ենք, որ ամէն բան սկսում է վերցրած առաջին քայլից: Դու արեցիր այն, մնում է քայլ պահել քեզ հետ:

«Արարատ»-ի ցնցող արդիւնքները

Իրանական ֆուտբոլում «Արարատ»-ը յիշարժան արդիւնքների է հասել, իսկ եթէ թւարկելու լինենք՝

1965 թւականին «Արարատ»-ին յաջողւեց Գառնիկ Մեհրաբեանի գոլով յաղթել «Թաջ»-ին։ 1975-ին «Արարատ»-ը դարձեալ յաղթում է «Թաջին»: Գոլի հեղինակ է դառնում Զաւիկ Հանբարչեանը։ 1984 թւականին «Արարատ»-ը Թեհրանի ֆուտբոլային ակումբների մրցաշարում 5-0 հաշւով յաղթեց «Բանքէ Մելի»-ին:  1992 թւականին «Արարատ»-ն արժանացաւ  Թեհրանի ակումբային գաւաթի լաւագոյն պաշտպանական գծի տիտղոսին։ Նոյն թւականի օգոստոսի 29-ին «Պերսպոլիս»-ը առաջին անգամ պարտութեան համն է զգում «Արարատ»-ի դիմաց։ Մասիս Յակոբեանին «Ազադի» մարզադաշտում երկար շաբաթներ ողջունում էին «Էսթեղլալ»-ի (նախկին «Թաջ»-ի) երկրպագուները: 1372 թւականի յունիսին Սպահանի Նաղշէ Ջահան գաւաթում «Արարատ»-ը Էդմոնդ Ախթարի դուբլով յաղթեց Թեհրանի «Էսթեղլալ»-ին եւ դուրս եկաւ եզրափակիչ փուլ։ Ազադեգան լիգայի 74-րդ տուրում Էդմոնդ Բզիկը խփեց «Արարատ»-ի յաղթական գնդակը «Էսթեղլալի» դիմաց խաղում: 1373 թւականին «Արարատ»-ի պատմութեան լաւագոյն օրն էր։ Ապշեցնող յաղթանակ՝ 8-0 հաշւով «Նասաջիէ Ղայէմշահր»  թիմի նկատմամբ: Թիմ, որն այսօր շարունակում է ելոյթ ունենալ Առաջին լիգայում եւ, իհարկէ, նախկինում ունէր նոյն խնդիրները, որոնց հետ առնչւում էր «Արարատ»-ը:

Ի՞նչ  պատահեց կուռ արմատով  ֆուտբոլային թիմերի հետ: «Արարատ»-ի, «Փաս»-ի, «Հոմա»-ի, «Շահին»-ի, «Վահդաթ»-ի, «Բանք Մելլի»-ի եւ շատ այլ ակումբների, որոնցում ֆուտբոլից բացի տիրում էր դաստիարակչական էթիկա եւ արդար խաղի ոգի…

Իրանի  յայտնի հայ ֆուտբոլիստների երկար ցուցակի  մասին եւս մի քանի տող

Տեղափոխւենք 1941 թւականին, երբ Իրանի ֆուտբոլի ազգային հաւաքականը մեկնել էր Աֆղանստան՝ մասնակցելու Աֆղանստանի անկախութեան տօնակատարութեանը. Հրաչը, Հարանտը եւ Յարաթիւն Պալեանը, երեքն էլ Խուզեստանի Աբադանի եւ Մասջէդ Սոլէյմանից էին խաղում են թիմի կազմում: 1920-ականների ազգային թիմերում եւս այլ հայերի անուններ կարելի է նշել. դոկտ. Ջորջ Մարգարեանը, Աշոտ Աւդալեանը…

Ջորջ Մարգարեանը ազգային հաւաքականի եւ «Թաջ» ակումբի պաշտպանական գծի եւ կիսապաշտպանականի աստղն էր, ով ազգային հաւաքականի հետ Ասիական խաղերում հասաւ երկրորդ տեղի։ Աշոտ Աւդալեանը եւ ներկայ է եղել ազգային հաւաքականում։ Վազգէնը ազգային հաւաքականի կազմում է եղել  20-ականների վերջին եւ 30-ականների սկզբին։ Բացի այդ, հայերն այս ժամանակաշրջանում ունէին իրանական ֆուտբոլի բարձր մակարդակի մէկ այլ ներկայացուցիչ, ում անունը Պետրոս Բաբաջան էր, ով հանդէս էր գալիս այսօր «Էսթեղլալ» կոչւող ֆուտբոլային թիմում, բայց ազգային մակարդակում աչքի չէր ընկնում։

1305 թվականին Թեհրանի ընտրւած թիմը մեկնեց Բադկոբէ Սովետ՝ անցկացնելու երեք ընկերական հանդիպում։ Իրանական թերթը 1305 թւականի Աբանի 3-ի իր 2235 համարում գրել է. «Սպորտի խթանման խորհուրդն ընդունել է Բադկոբայի ֆուտբոլային հսկաների հրաւէրը եւ լաւագոյն խաղացողների ընտրութիւնը թողել ֆուտբոլի զարգացման եւ առաջմղման ժողովին, իսկ ժողովը հրաւիրել է լաւագոյն խաղացողներին։ Թեհրանի ֆուտբոլային ակումբները փորձարկելու են ուրբաթ օրը՝ աբանի 6-ին, ժամը 15:00-ին, նրանք կը մրցեն անգլիական «Կոլոն»-ի ակումբի հետ Լինչի դաշտում, եւ հաւանական է, որ նոյն խաղացողները կուղարկւեն Բադկոբա՝ Քութբալի հանդիպմանը. Միրզա Հասան Մոքթահ, Աբոլֆաթ Աֆխամի, Մոհամմադ Ալի Շաքոհի, Մոստաֆա Աֆխամի, Փոլ, Հոսէյն Ալի Սարդար, Ահմադ Ալի Սարդար, Հրանտ Գալստեան, Ասատոր, Ջորջ։ Պահեստայիններ՝ Ամիր Հոսէյն Խան, Նուրբախշ, Աղա Սէյէդ Ահմեդ, Սուքիաս:

Այս մարդիկ երկու խաղերում (5-3) եւ (3-1) արդիւնքներով յաղթեցին անգլիական գաղութին, իսկ Աբանի 7-ին որոշւեցին Բադկոբա ուղարկւածները։ Այս մարդկանց մէջ Հրանտն ու Փօլը երկու հայ մարզիկներ էին։ Ակումբ, որը շարունակեց աշխատել մինչեւ 1316 թ.

Առաջին ազգային հայ

1926 թւականին եւս Իրանից թիմ է մեկնում Աֆղանստան՝ մասնակցելու Աֆղանստանի թագաւորի թագադրման տօնակատարութիւններին։ Այս թիմում, որը կազմւած էր երկրի լաւագոյն ֆուտբոլիստներից, ընդգրկւած էր Արտոշ Ասատուրեանը, ում կարելի է անւանել առաջին հայը ֆուտբոլի ազգային հաւաքականի կազմում։ Նոյն թւականին ստեղծւեց «Սպորտ» անունով հայկական թիմը:

«Հայկական սպորտային ակումբ»-ը Իրանի առաջին ֆուտբոլային ակումբներից մէկն էր: Այս թիմի լուծարումից յետոյ 1941 թւականին ստեղծւում է  «Սպորտ» անունով մէկ այլ թիմ՝ դարձեալ միայն հայ խաղացողներով։

Նշենք նաեւ, որ Թեհրանի «Արարատ»-ը (ֆուրտբոլ) կեանքի է կոչւել 1944 թւականին, եւ 4 անգամ մասնակցել է Իրանի ֆուտբոլի բարձակարգ լիգային: (2 անգամ «Թախթէ Ջամշիդ»ի գաւաթ եւ 2 անգամ «Ազադեգան» գաւաթ): 2006-ին «Արարատ»-ի ֆուտբոլը  հրաժարւեց իր դիրքից պրոֆեսիոնալ ֆուտբոլում: Սակայն այն շարունակում է կրթել նոր ֆուտբոլիստներ եւ կեանքի է կոչել իր ֆուտբոլի դպրոցը:

Related Articles

Back to top button