ԹեհրանՀամայնք

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի հանդիպումը՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ Յովսէփ Աւետեանի հետ

Կիրակի, ապրիլի 14-ին, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի հերթական նիստի ընթացքում հանդիպում կայացաւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ Յովսէփ Աւետեանի հետ:

Հանդիպման հիմնական օրակարգն առնչւում էր նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի, ս. թ. մարտի 12-ից 15-ը, Անթիլիասի մայրավանքում յաջորդաբար տեղի ունեցած Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ու Քաղաքական ժողովների եւ թեմակալ առաջնորդների ու ազգային վարչութիւնների ներկայացուցիչների հանդիպումներին, որին ընկերակցութեամբ Յովսէփ Աւետեանի մասնակցել էր Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանը:

Նշելի է, որ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը առողջական խնդիրների պատճառով մասնակից չի եղել վերոնշեալ նիստերին:

Անթիլիասում կայացած նիստերին անդրադառնալով, նշւեց, որ առաջին օրը գումարւեց Կրօնական ժողովը եւ երկրորդ օրը կայացաւ Քաղաքական ժողովի հանդիպումը իսկ երրորդը հանդիպումը տեղի ունեցաւ մասնակցութեամբ Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ու Քաղաքական ժողովների, առաջնորդների ու ազգային վարչութեան ներկայացուցիչների, որը ամբողջութեամբ նւիրւած էր Սփիւռքի վերակազմակերպումին: Առաջին հերթին, Նորին Սրբութիւնը իր պատգամը ուղղեց ներկաներին եւ տասը կէտերով ներկայացրեց Սփիւռքի դիմագրաւած գլխաւոր մարտահրաւէրները եւ յայտնեց, որ Սփիւռքի վերակազմաւորումը անյետաձգելի անհրաժեշտութիւն է: Սա դիւրին աշխատանք չէ, սակայն հրամայական է եւ այս գործընթացին հարկ է լծւել հանգրւանային կերպով՝ ճշտելով այն ինչ որ առաջնահերթ է ու կարելի:

Յովսէփ Աւետեանը յայտնեց, որ Ազգային Կենտրոնական վարչութեան խառն ժողովին զեկուցւեց նաեւ Արցախի ժողովրդի իրաւունքների վերականգնման ուղղութեամբ կաթողիկոսութեան տարած աշխատանքների մասին եւ կարեւորութեամբ նշւեց, որ «Կիլիկիա վերլուծական հարթակ»-ի ճամբով կատարւում են լուրջ խորհրդակցութիւններ, քննարկումներ ու վերլուծումներ։ Նա յաւելեց, որ «Կիլիկիա վերլուծական հարթակ»-ի աշխատանքների շրջագծում, ապրիլի 20-ից 22-ը Անթիլիասի մայրավանքում տեղի պիտի ունենայ համագումար՝ «Արցախի իրաւունքներու վերականգնումի հրամայականը՝ ընդդէմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականութեան» ընդհանուր խորագիրի ներքոյ։ Այս առիթով Հայաստանի Հանրապետութիւնից, Արցախից եւ Սփիւռքեան տարբեր երկիրներից հրաւիրւել են 30 պատմաբաններ, միջազգային իրաւունքի մասնագէտներ եւ քաղաքագէտներ։

Յովսէփ Աւետեանը յայտնեց, որ ժողովական աշխատանքների վերջին օրը, Վեհափառ Հայրապետը յաջորդաբար հանդիպումներ ունեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան բոլոր թեմերի ներկայացուցիչների հետ: Յիշեալ հանդիպումներին զեկոյցներ ներկայացւեցին թեմերի կատարած աշխատանքների ու դիմագրաւած մարտահրաւէրների մասին. բնականաբար նաեւ կատարւեցին քննարկումներ եւ Վեհափառ Հայրապետը անհրաժեշտ թելադրութիւններ կատարեց ի խնդիր թեմերի բարգաւաճման ու ծաղկման:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ

Related Articles

Back to top button