Թեհրան

Արա Շահվերդեան. «Իրանահայերը խտրականութեան կամ քաղաքական ճնշման չեն ենթարկւում»

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը Թեհրանում ընթացող ԶԼՄ-ների 24-րդ ցուցահանդէսի շրջանակում «Շաֆաղնա» լրատւական գործակալութեան հետ ունեցած զրոյցի ընթացքում, ասել է. «Համարձակօրէն կարող եմ ասել, որ Իրանի Սահմանադրութեամբ ճանաչւած կրօնական փոքրամասնութիւնները չունեն որեւէ խնդիր։ Ոմանք կարող են մտածել, որ իմ խօսքերը քարոզչութիւն ու լոզունգ է, բայց իրականութիւնն այն է, որ մենք լիակատար ազատութիւն ունենք կրօնական եւ մշակութային հարցերում»։

Parstoday-ի համաձայն՝ պատգամաւոր Արա Շահվերդեանն ընդգծել է․ «Ես այս մասին յայտարարել եմ նաեւ Ժնեւի Մարդու իրաւունքների կոմիտէում։ Ես ասել եմ, որ մենք չենք ենթարկւում խտրականութեան եւ քաղաքական ճնշման՝ մեր գործունէութիւնը դադարեցնելու համար։ Իրանում կայ մօտ 400 գործող եւ ոչ ակտիւ հայկական ու ասորական եկեղեցի։ Որոշ եկեղեցիների չգործելու պատճառը տւեալ տարածքում մարդկանց բացակայութիւնն է»։

Նա նշել է. «Արեւելեան եւ Արեւմտեան Ատրպատական նահանգներում գտնւող մեր եկեղեցիները, այդ թւում՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցին, գրանցւած են ԻՒՆԵՍԿՕ-ում։ Կազմակերպութիւնը գրանցել է նաեւ Ս. Թադէոս Առաքեալի՝ Թադէի վանքի ուխտագնացութիւնը, ինչը վկայում է այն մասին, թէ որքան են Իրանի պաշտօնեաները կարեւորում կրօնական վայրերը։ Հակառակ մի շարք երկրների, որոնք ոչնչացնում են կրօնական սրբավայրերը, մեր երկրի Մշակութային ժառանգութեան եւ զբօսաշրջութեան նախարարութիւնը դրանց համար նախատեսում է կոնկրետ բիւջէ, ինչը ցոյց է տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը յատուկ ուշադրութիւն է դարձնում այլ հայրենակիցների կրօնական, մշակութային եւ կրօնական վայրերին»։

Արա Շահվերդեանը յաւելել է․ «Հայերն Իրանում ներկայ են շուրջ 6 դար եւ գործունէութիւն են ծաւալում տարբեր ոլորտներում»։

«Հայաթ» լրատւական գործակալութեան հետ ունեցած հարցազրոյցի ընթացքում, Արա Շահվերդեանն ասել է. «Իրանում, Իսլամական յեղափոխութեան սկզբից ի վեր հայերն առանձնայատուկ դեր ու մասնակցութիւն են ունեցել այս երկրի պատմական բոլոր իրադարձութիւններում։ Այդ պատմական իրադարձութիւններից մէկը Սրբազան պաշտպանութեան տարիներն էին, որտեղ իրանահայութիւնը ակտիւ մասնակցութիւն ունեցաւ, եւ կրօնական փոքրամասնութիւններից իրանահայութիւնը ամենաշատ նահատակները նւիրաբերեց»։

Related Articles

Back to top button