Լաւագոյնս տնօրինելու եւ աշխատանքներում նորարարութիւններ ստեղծելու տեսլականով
Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ նստաշրջանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորութեան թեկնածու Գեղարդ Մանսուրեանի կենսագրութիւնը եւ գործունէութիւնը
Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ նստաշրջանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորութեան թեկնածու Գեղարդ Մանսուրեանը ծնւել է 1980 թւականին, Նոր Ջուղայում։ Դպրոցական կրթութիւնն ստացել է տեղի հայոց ազգային, ապա պարսկական պետական դպրոցներում։
Այնուհետեւ երկամեայ զինւորական ծառայութեան է անցել՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան բանակում։
Պատանի տարիքից, անդամակցելով Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեանը, աշխոյժ մասնակցութիւն է ցուցաբերել միութեան տարբեր միաւորների՝ ի մասնաւորի Սկաուտականի աշխատանքներին։ Անդամակցել է ՀՅԴ «Թադէոս Թադէոսեան» պատանեկան եւ ՀՅԴ «Ռուբէն» երիտասարդական միութիւններին եւ բազմաթիւ անգամներ՝ թեմի ազգային մարմինների կողմից կեանքի կոչւած յանձնախմբերին։
Նա ստացել է բարձրագոյն կրթութիւն՝ այն շարունակելով մինչեւ դոկտորայի մակարդակ. լիսանսը ստացել է Շահռեզայի Ազատ համալսարանից քաղաքագիտութեան ճիւղում, գերլիսանսն ստացել է Թեհրանի Հետազօտութեան գիտութեան համալսարանից՝ մասնագիտանալով միջազգային յարաբերութիւններ ասպարէզում, ապա նոյն ճիւղը շարունակել է մինչեւ դոկտորայի մակարդակ, որն աւարտելու է առաջիկայ շաբաթներին՝ պաշտպանելով իր աւարտաճառը «Սիւնիքի ապահովութեան դերակատարութիւնը տարածաշրջանի անվտանգութեան հարցում» թեմայով։
Անդամակցել է շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ Սպահան նահանգի Իսլամական Ազատ համալսարանի երկրի առաջնորդի ներկայացուցչութեան գրասենեակի համատեղ նախաձեռնութեամբ կեանքի կոչւած Իրան-Հայաստան յարաբերութիւնների ուսումնասիրութեան աշխատանքային խմբին, որի նպատակն է եղել ուսումնասիրել Արցախեան վերջին պատերազմից յետոյ տարածաշրջանի անվտանգութիւնը խաթարող երեւոյթները, ինչպէս նաեւ գտնել Իրան-Հայաստան յարաբերութիւնների վրայ ազդող խնդիրները եւ արդիւնքը արտացոլել պարսկական շրջանակներում։ Այս աշխատանքային խմբին յաջողւեց կազմակերպել երկու վեբինար՝ Իրանի մասշտաբով, որն լայն ընդառաջում գտաւ պարսիկ ուսանողների եւ դասախօսների կողմից։
Հեղինակն է «Հայաստանը եւ յարակից անվտանգութեան խնդիրները» գրքի ու բազմաթիւ քաղաքական վերլուծական յօդւածների՝ մասնաւորապէս Կովկասի, Հայաստանի եւ Արցախի թեմաներով, որոնք հրապարակւել են զանազան մամուլներում եւ քաղաքական կայքէջերում։ Դոկտորայի աւարտաճառի նիւթի շուրջ հրապարակել է մի գիտական-վերլուծական յօդւած, որն իր թեմայով առաջինն է Իրանում. սոյն յօդւածը ստացել է Ազատ համալսարանների դասախօսների հաստատումը։ Ուսանողական ժամանակաշրջանում եղել է Շահռեզայի Ազատ համալսարանի թերթի խմբագրական կազմի անդամ։
Աւելի քան մէկ տարի եղել է Իսլ. խորհրդարանի 10-րդ նստաշրջանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանի ներկայացուցիչը, Նոր Ջուղայում։
Իր թեկնածութիւնն է առաջադրել թեմի Պատգամաւորական ժողովի 15-րդ, 16-րդ, եւ 17-րդ նստաշրջանների ընտրութիւններում եւ ստանալով ժողովրդի վստահութեան քւէն, ազգային աշխատանք է ծաւալել այդ բնագաւառում, ստանձնելով նոյն ժողովի դիւանի ատենադպիրի, իսկ վերջին տարիներին փոխատենապետի պարտականութիւնը։ Այժմ անդամակցում է նաեւ 17-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի Կրթական յանձնաժողովին, որտեղ գործունէութիւն է ցուցաբերում՝ հայոց ազգային դպրոցների կրթադաստիարակչական մակարդակի վերելքի ուղղութեամբ։
2017 թւականին մասնակցել է Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի առիթով Անթիլիասում կազմակերպւած սեմինարին, ուր հանդէս է եկել որպէս զեկուցաբեր։
Վերջին չորս տարիներին ստանձնել է Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական երկսեռ դպրոցի տնօրէնի պաշտօնը եւ բազմաթիւ անգամներ արժանացել է Սպահանի 3-րդ շրջանի Ուսումնադաստիարակչութեան հիմնարկի տնօրէնութեան գնահատագրերին՝ դպրոցի վարչական գործը լաւագոյնս տնօրինելու եւ աշխատանքներում նորարարութիւն առաջացնելու համար։
Ամուսնացած է եւ ունի երկու որդի։
Նոր Ջուղա
Գեղարդ Մանսուրեանի նախընտրական շտաբ