
Ուրբաթ եւ շաբաթ՝ սեպտեմբերի 26 եւ 27-ին, Ս. Գէորգ Զօրավարի տօնի առթիւ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան արք. Քէչէճեանի, մասնակցութեամբ եկեղեցական դասի եւ ներկայութեամբ հոծ թւով հաւատացեալների, երկօրեայ արարողութիւններ կատարւեցին Նոր Ջուղայի համանուն եկեղեցում, ուր նշւեց նաեւ եկեղեցու անւանակոչութեան տօնը:
Ուրբաթօրեայ արարողութիւնների շարանում, առաւօտեան կատարւեց աղօրհնէքի կարգ, իսկ երեկոյեան՝ հսկման արարողութիւն:
Շաբաթ առաւօտեան, ձեռամբ Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Զարգարեանի, մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ, որի ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:
Պատարագիչ հայրն օրւայ իր քարոզում անդրադարձ կատարեց Ս. Գէորգի կեանքին ու գործունէութեանը, յատկապէս ընդգծեց հաւատի ճանապարհին նրա սխրագործութեանն ու անձնազոհութեանը։ Նա իր խօսքի աւարտին յորդորեց, որ անսալով Վեհափառ Հայրապետի կոչին, կառչած մնալ ազգային արմատներին, արժէքներին եւ աւանդոյթներին:
Տօնի աւարտին, եկեղեցու բակում համախմբւած հաւատացեալների ներկայութեամբ, թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր նախագահութեամբ օրհնւեց պատրաստւած հարիսան, որը բաժանւեց ներկաների միջեւ: Սրբազան Հայրն այստեղ հանդէս եկաւ տօնի առթիւ շնորհաւորանքի արտայայտութիւններով եւ շնորհակալական խօսքով ուղղւած՝ արարողութեան կազմակերպիչներին, մատաղի պատրաստման գործում բոլոր դերակատարներին եւ նւիրատու անհատներին:
Թղթակից (Նոր Ջուղա)