ՀԱՏԻՍ
Առասպելների կիրառումը նախընտրական քարոզարշաւներում հասարակագիտական ակնոցից ժամանակի եւ տւեալ ժողովրդի կենսակերպի ու մտածողութեան արտացոլանքն է:
Թերթիս արխիւներում պահպանւած Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահական ընտրութիւնների քարոզարշաւների պաստառների լուսանկարները ժամացոյցի սլաքների պէս ցոյց են տալիս իւրաքանչիւր ժամանակահատւածում առկայ մարտահրաւէրներն ու այդ ուղղութեամբ տրւող խոստումների տեսլականը:
Ռոլան Բարտի տեսանկիւնից առասպելն ու առասպելի դերը քաղաքականութեան եւ քաղաքական քարոզչութեան ասպարէզում անցնում է համակեցութեան եւ (հերոսներին) փոխարինելու երկու առանցքների սահմանումների միջով: Նոյնի համաձայն քարոզչական բնոյթ կրող պաստառներում տեղ գտած տեքստը եւս տողատակերի պէս իր վրայ է վերցնում ակնարկւած պատկերը նպատակին համապատասխանեցնելու դերը։
Քարոզչական պաստառների (իրանական) վերլուծութիւնների արդիւնքները ցոյց են տալիս*), որ քարոզչութեան մէջ օգտագործւած առասպելաբանութեան հարցում տարբերութիւն չի նկատւել քաղաքական հայեացքներով միմեանցից տարբերւող թեկնածուների միջեւ։ Հայրենիք, հերոսութիւն, միացում, ազգային դրօշ, արդարութիւն… սրանք հէնց այն առասպելածին ուղղութիւններն են, որոնց խորհրդանիշերի օգտագործման հարցում աւելի մեծ հետաքրքրութիւն է նկատւում ընտրարշաւներում, ինչը նկատելի է, յատկապէս, պատերազմական եւ դրան անմիջապէս յաջորդող ժամանակաշրջաններին գրանցւած պատմութիւններում:
Եւ, քանի որ խօսքը նախագահականի նախընտրական քարոզարշաւներին է վերաբերում, պէտք է արձանագրել, որ հասարակական կարծիքն ու միտքը հնարաւոր չէ ստուգել պահի ազդեցութեան կտրւածքով: Այն կարելի է նկարագրել միայն երկարատեւ հետազօտութիւնների արդիւնքում, ենթադրելով չափորոշիչների սխալականութեան աստիճանը: Իսկ եթէ աւելի կարճ, ապա անհնար է խօսել յստակ թւերով, նոյնիսկ իրականացւած երկարաժամկէտ ուսումնասիրութեան դէպքում:
Նոյն տրամաբանութեամբ առաջնորդւելով արձանագրենք, որ մերօրեայ հետազօտութիւնները տեղի ունեցած իրադարձութիւնների ֆոնին կրում են միայն ու միայն զարգացումների մասին պատմողի տեսակ ու էութիւն:
Եթէ մի քայլ եւս առաջ շարժւենք, ապա քարոզարշաւների ընթացքում հնարաւոր է սպասել արհեստական բանականութեան կիրառման փորձերն ու OpenAI-ին վստահւած տարածութիւնը՝ «Z» սերնդի ներկայութիւնն ապահովելու միտումներով: Իհարկէ նորամուծութեան հաշւին նման բան իրականացնելիս պէտք է հաշւի առնել խոցելիութեան աստիճանի բարձրացման վտանգները նաեւ:
Արձանագրենք, որ ժամանակի ընթացքը եւս հետաքրքրում է հետազօտողներին:
Ընտրութիւնները գործող գաղափարների ու համոզմունքների վերահաստատման միջոց են, որոնց պահպանման հարցում իրանական քաղաքական ներկապնակում առկայ բոլոր հոսանքները միակարծիք են, սակայն մօտեցումների ու դրսեւորման ձեւաչափի հարցում, յաճախ, առկայ են ձեւի ու գործադրման հարցում տարակարծութիւն: Պարզապէս քարոզարշաւի ընթացքում երեւակման առիթներ են ունենում դիտորդները իւրաքանչիւր քաղաքական հոսանքի աչքին թիրախ համարւող լսարանի ու քւոտայի ներգրաււածութիւնը արձանագրելու առումով: Սա եւս խօսելու է խմբակցութիւնների գաղափարների շարունակականութեան եւ հնարաւորութիւնների մասին: Փաստ է նաեւ, որ թւայնացւած տարածութիւնում արհեստական բանականութեան հնարաւորութիւններից բացի ծաւալուն եւ անվճար քարոզչութեան առիթը կայ, որտեղ արդէն թիրախ համարւող լսարանը հիմնականում շրջանակւում է 16-ից՝ 30 տարեկանների սահմաններում:
Այսպիսով պէտք է սպասել նորամուծութիւնների ալիքին, որով յօդւածին կից ներկայացւած պաստառներն իրենց տեսակով եւ զուտ տեխնիկական իմաստով, դառնալու են պատմութիւն:
– – –
*)«Առասպելաբանութիւնը եւ նախընտրական քարոզչութիւն, 8-րդ խորհրդարանի նախընտրական պաստառների սեմիոտիկ վերլուծութիւն յօդւածի տեսակը՝ գիտահետազօտական:
Հեղինակ՝ Ալիռեզա Դեհղան (Թեհրանի համալսարանի Ժուռնալիստիկայի բաժնի դոցենտ) եւ, Ֆարզանէ Նեզաքաթի (Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ասպիրանտ «Ալամէ Թաբաթաբա»-ի համալսարան)