ԻրանՔաղաքական

Խորհրդարանն ընտրեց նախագահող իր դիւանը

11-րդ խորհրդարանի նախագահը մէկ տարով կը նախագահի նաեւ 12-րդը

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Իրանի Իսլամական խորհրդարանը երէկ՝ մայիսի 28-ի նիստին Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին ընտրեց որպէս 12-րդ գումարման խորհրդարանի նախագահ:

ԻՌՆԱ-ի համաձայն՝ Իրանի Իսլամական խորհրդարանի դիւանի ընտութիւնը տեղի ունեցաւ նորընտիր պարլամենտի աշխատանքային երկրորդ օրը:

Խորհրդարանի նախագահութեան համար առաջադրւած երեք թեկնածուները՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը (Թեհրան), Մոջթաբա Զոլնուրը (Ղոմ) եւ Մանուչեհր Մոթաքին (Թեհրան) քւէարկութեան աւարտին նիստին ներկայ 287 պատգամաւորներից նոյն հերթականութեամբ հաւաքեցին 198, 60 եւ 5 ձայն: Անվաւէր է ճանաչւել 24 քւէաթերթիկ:

Այսպիսով 12-րդ խորհրդարանն իր վստահութիւնը յայտնեց 11-րդ խորհրդարանի նախագահին, ով առաջիկայ մէկ տարւայ համար շարունակելու է նախագահել պարլամենտը:

«ԻՐԱՆ» օրաթերթն իր այսօրւայ համարի խմբագրականում անդրադառնալով խորհրդարանի դիւանի ընտրութեան արդիւնքներին, նշել է, որ թէեւ 12-րդ խորհրդարանում ձեւաւորւած երկու խմբակցութիւններից ոչ մէկը՝ «Իսլամական յեղափոխութեան» եւ «անկախներ»-ի խմբակցութիւնները, պաշտօնապէս ցուցակ չներկայացրեցին դիւանի ընտրութեան համար, սակայն Ղալիբաֆը խորհրդարանի ղեկավար դարձաւ հաւաքաց 198 ձայներով։ «Իսլամական յեղափոխութիւն» խմբակցութիւնն ունէր «անկախներ»-ից շուրջ 85-ի աջակցութիւնը: Սակայն նրանց չյաջողւեց դիւանում աթոռ զբաղեցնել: Այսպիսով,  Համիդռեզա Հաջիբաբայիին եւ Ալի Նիքզադին յաջողւեց առաջին եւ երկրորդ փոխնախագահի պաշտօնում ընտրւել՝ համապատասխանաբար 175 եւ 169 ձայներով: Այս հարցում եւս Համիդ Ռասային դուրս մնաց ընտրական կուրսից:

Խորհրդարանի երւէկւայ նիստում  դիւանի միւս անդամների ընտրութեան ժամանակ Մոջթաբա Բախշիփուրը հաւաքաեց 120 ձայն, Ահմադ Նադերին՝ 112 ձայն, Ռուհօլլահ Մոթեֆաքերզադը՝ 101 ձայն, Մոջթաբա Իւսեֆին՝ 98 ձայն, Մոհամմադ Ռաշիդին՝ 97 ձայն եւ Աքբար Ռանջբարը՝ 95 ձայն, որոնք ընտրւեցին, որպէս նախագահութեան դիւանի անդամ։

Ղոլամռեզա Նուրի Քազալջէն՝ 130 ձայնով, Ալիռեզա Սալիմին՝ 82 ձայնով եւ Սէյէդ Ջալիլ Միրմոհամմադին՝ 61 ձայնով ընտրւել են որպէս վերահսկիչ կազմի անդամ:

Վերջում Ալիռեզա Սալիմիին վստահւեց խօսնակի դերը։ Նշենք, որ այնուհետեւ ընտրւած դիւանն ու յարակից մարմինների պատասխանատուները մասնակցել են համապատասխան երդման արարողութեանը:

«ԻՐԱՆ»-ը յաւելել է, որ քւէարկութեան պատկերով պարզ դարձաւ, որ նորընտիր խորհրդարանը պատրաստ չէ տուրք տալ անցողիկ ճնշումներին եւ մեծամասնութեան քաղաքական սպեկտրը չի ուղեկցւում քաղաքական դաշտի ժամանակաւոր դէմարշներով: «Նոյն առիթով Յեղափոխութեան գերագոյն առաջնորդի հրապարակած ուղերձը խօսում էր նաեւ այն մասին, որ ընտրեալ պատգամաւորներ առաւել խոստումնալից են դարձնում գործող խորհրդարանը»,- մէջբերել է յօդւածագիրը։

Related Articles

Back to top button