Հսկում եւ աւտոերթ. «Տաւուշն յանուն Հայրենիքի» շարժումը տօնել է Մայիսի 28-ը
«ԱԼԻՔ» – Մայիսի 28-ի 106-ամեակի եւ հանրապետութեան տօնի առիթով, «Տաւուշն յանուն Հայրենիքի» շարժումը միջոցառում էր կազմակերպել Սարդարապատի յուշահամալիրում:
Մայիսի 27-ի երեկոյեան շարժամն հարիւրաւոր ակտիւիստներ Բագրատ Սրբազանի գլխաւորութեամբ Սարդարապատի յուշահամլիրում էին, ուր ողջ գիշերւայ ընթացքում իրականացրեցին հսկման արարողութիւն:
Մայիսի 28-ի առաւօտեան նրանց միացան հարիւրաւոր քաղաքացիներ, որոնք նոյնպէս իրենց յարգանքի տուրքը մատուցեցին 1918 թւականի մայիսի իրենց կեանքը յանուն Հայրենիքի զոհած քաջերի եւ Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմանդիր այրերի յիշատակին: Քաղաքացիները յուշահամալիրի պատի մօտ ծաղպեսակներ խոնարհեցին, որոնց լենթերի վրայ գրւած էր «Սրբազան պայքար»:
Նիկոլ Փաշինեանը յուշահամալիր այցելեց Բագրատ Սրբազանի եւ շարժման ակտիւիստների հեռանալուց յետոյ միայն
Առաւօտեան արդէն ԶԼՄ-ները տեղեկացրեցին, որ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող Նիկոլ Փաշինեանը եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը Սարդարապատի յուշահամալիր չեն այցելելու՝ հաշւի առնելով Բագրատ Սրբազանի եւ «Տաւուշն յանուն հայրենիքի» շարժման ներկայութիւնն այնտեղ:
Բագրատ Սրբազանն անդրադառնալով փաստին, յուշահամալիրի մօտ իր ելոյթի ընթացքում ասել է. «Այստեղ չի, որովհետեւ վաղուց դադարել է լինել մեր ժողովրդի իղձերն ու երազանքները ներկայացնողը, որովհետեւ վաղուց դադարել է լինել այն բարոյական, հոգեւոր խոր արժէքի կրողը եւ փոխանցողը, որը միայն եւ միայն ուղղւած է մեր ժողովրդի վերելքին։ Այսօր դրա վկայութիւնն է՝ այստեղ չլինելու»:
Նա յուշահամալիր է այցելել այն բանից յետոյ միայն, երբ Բագրատ Սրբազանն ու շարժման ակտիւիստները հեռացել են համալիրից:
Քաղաքացիները «Սրբազան պայքար» գրութեամբ ծաղկեպսակով ծածկել են Փաշինեանի անունից դրւած ծաղկեպսակը
Մամուլում տարածւած լուրերի համաձայն, Նիկոլ Փաշինեանի` Սարդարապատի հերոսամարտի յուշահամալիր գնալուց առաջ այնտեղից հեռացրել են բոլոր ծաղկեպսակները, այդ թւում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ նախկին նախագահների անունից դրւածները։
Փոխարէնը՝ նրա հեռանալուց յետոյ, քաղաքացիները «Սրբազան պայքար» գրութեամբ ծաղկեպսակով ծածկել են նրա անունից դրւած ծաղկեպսակը։
ՀՀ իշխանութիւնների կողմից փորձ է արւել խոչընդոտել Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը յուշահամալիր
Երէկ, տհաճ միջադէպ է գրանցւել Սարդարապատի յուշահամալիրում: Ոստիկանները եւ սեւ բերետաւորները փորձել են խոչընդոտել Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի մուտքը Սարդարապատի յուշահամալիր:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Զաքարիա Ծայրագոյն վարդապետ Բաղումեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադառնալով միջադէպին, գրել է. «Այս օրը հետագայում արձանագրւելու է որպէս ամենաամօթալի էջերից մէկը մեր նորանկախ պատմութեան մէջ, երբ ուժային կառոյցներն ամէն ինչ արեցին՝ խոչընդոտելու Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ նրան ուղեկցող հոգեւորականների մուտքը Սարդարապատի յուշահամալիր։
Չնայած ոստիկանների, ՊՊԾ մի քանի աշխատակցի եւ յատկապէս սեւ բերետաւորների անյարիր պահւածքին, վազելով եւ երեք անգամ մի քանի շարքով փակելով մեր դիմացը (չորրորդին արդէն տեղի տւեցին), այնուամենայնիւ, մեզ յաջողւեց բարձրանալ մինչեւ վերջ, Վեհափառ Հայրապետի առաջնորդութեամբ հոգեհանգստեան աղօթք անել եւ վերադառնալ Մայր Աթոռ»: