ԻՌԱՍ-ը վերլուծել է. Սիրիայի նոր կառավարութեան եւ Կատար-Թուրքիա գազատարի նախագծի միջեւ եղած կապը
«ԱԼԻՔ» – Սիրիայի զարգացումների արդիւնքում տեղի ունեցած իշխանափոխութիւնը փոխել է տարածաշրջանային համագործակցութիւնների, ինչպէս նաեւ էներգետիկ ենթակառուցւածքային նախագծերի տեսակն ու գոյնը։
ԻՌԱՍ-ում հրապարակած յօդւածում Մերձաւոր Արւելքի հարցերով փորձագէտ Մոհամմադ Ամին Նուրբալա Թաֆթին անդրադառնալով տարածաշրջանային համագործակցութիւնների ուղղութիւններին՝ կենտրոնացել է Կատար-Սիրիա-Թուրքիա գազատարի նախագծի վրայ, որը փորձագէտի հաւաստմամբ՝ նպատակ ունի Կատարի գազը Հարաւային Փարս հանքավայրից հասցնել Եւրոպա: Նախագծով ենթադրւող գազատարն սկիզբ է առնում Կատարի Ռաս Լաֆան շրջանից, անցնում է Սաուդիան Արաբիայի տարածքով, մտնում Սիրիա, այնուհետեւ հասնում Թուրքիա, որտեղ այն միանում է Nabucco խողովակաշարին եւ ուղղորդւում՝ Եւրոպա։
Նախագծի մասին առաջարկն արւել է 2000-ականներին՝ Կատարի կողմից, սակայն Սիրիայի նախկին նախագահ Բաշշար Ասադը հրաժարւեց այն իրականացնել փոխարէնը՝ համաձայնութիւն տւեց Իրան-Իրաք-Սիրիա նախագծին, որը համընթաց էր Իրանի աշխարհաքաղաքական նպատակներին: 2011 թւականին Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսւելուց յետոյ այս ծրագիրը եւս դարձել էր անիրագործելի:
Սիրիայի զարգացումների արդիւնքում իրականացւած իշխանափոխութեան եւ բաասական վարչակարգի տապալումից յետոյ, դարձեալ շրջանառութեան մէջ են մտել Կատարի առաջարկած նախագծի վերակենդանացման մասին լուրերը, ինչի իրականացումը շարունակում է կախւած մնալ նոր ձեւաւորւող սիրիական պետութեան կայունութիւնից։ Վերլուծաբանի կարծիքով՝ այս նախագծի իրականացման համար, որպէս սպառնալիք է դիտւում նաեւ քրդական PKK-ի ուժերի առկայութիւնը։
Յօդւածագիրը նշել է նաեւ, որ Կատար-Թուրքիա գազատարի նախագիծը ենթադրում է նաեւ բնական գազի մատակարարումների փոխակերպման եւ Եւրոպայի էներգետիկ անվտանգութիւնը բարձրացնելու ներուժ: Ծրագրի իրագործելիութեան առումով ֆինանսական եւ բնապահպանական գործօնները դեռ պէտք է գնահատւեն, իսկ այս փուլը վերլուծելիս պէտք է հաշւի առնւեն այնպիսի կարեւոր գործօններ, ինչպիսիք են քաղաքական անկայունութիւնը Սիրիայում եւ փոփոխւող էներգետիկ շուկաները:
Կատարի տեսանկիւնից, այս նախագիծը, որը թոյլ կը տայ գազն ուղիղ տեղափոխել Եւրոպա, շատ աւելի քիչ ծախսատար է, քան ծովային փոխադրումները, եւ խիստ շահաւէտ է Կատարի համար: Այսպիսով, մեծացնելով իր աշխարհաքաղաքական ազդեցութիւնը՝ Կատարը կարող է լրացնել Ռուսաստանի բացը եւրոպական էներգետիկ շուկայում եւ ամրապնդել իր տնտեսական յարաբերութիւնները Թուրքիայի եւ Եւրոպայի հետ։ Բացի այդ, խողովակաշարի նախագիծն առաջարկում է աւելի ծախսարդիւնաւէտ լուծումներ՝ Եւրոպայի աճող էներգիայի պահանջարկը բաւարարելու առումով:
Յօդւածագիրը յաւելել է, որ Թուրքիան յայտնի է որպէս բնական էներգիայի տարանցման կարեւոր հանգոյց՝ Ասիայի եւ Եւրոպայի խաչմերուկում ունեցած ռազմավարական դիրքի պատճառով, ուստի Կատար-Թուրքիա խողովակաշարը կարող է ուժեղացնել Թուրքիայի կարեւորութիւնը համաշխարհային էներգետիկ շուկաներում:
«Ծրագիրը նպաստելու է մատակարարման անվտանգութեանը` տրամադրելով տարբեր աղբիւրներ, միաժամանակ նւազեցնելով ծախսերը եւ ամրապնդելով ԵՄ-ի էներգետիկ անվտանգութիւնը»-, խօսելով Կատար-Թուրքիա գազատարի նախագծի կարեւորոթեան մասին, նշել է տնտեսագէտ Քրիստիան Ստոֆասին: Փորձագէտի կարծիքով՝ նախագիծը միջնաժամկէտ եւ երկարաժամկէտ ներուժ ունի էներգետիկ անվտանգութեան ապահովման համար, քանի որ թոյլ է տալիս շրջանցել ռուսական գազի երթուղին եւ ինչ-որ տեղ ազատւել նաեւ տարանցման հսկայ ծախսերից։
Հիդրոքաղաքական ստրեսները
Չնայած Կատարը նաւթի ու գազի հարուստ պաշարներ ունի, սակայն ջրային ռեսուրսներով աղքատ երկիր է եւ սպառած ջրի 50%-ն ստանում է ծովի ջրի աղազերծման միջոցով: Բացի ծովային ռեսուրսների աղտոտումից, ծովաջրի զտման գործընթացը նոյնպէս ֆինանսական մեծ կարողութիւն արժէ: Հաշւի առնելով Կատարի ջրային ռեսուրսների պահանջարկը՝ ջրի տարանցման նախագծի իրականացումը եւս ենթադրում է իրականացնել՝ բնական գազատարի նախագծին զուգահեռ։
Այս առումով Թուրքիան, որպէս հիդրոքաղաքական նախաձեռնութիւններով առաջնորդւող երկիր, նախկինում հիդրոնախագծեր է իրականացրել, որոնցից մէկը «Մանաւգաթ»-ի ջրամատակարարման ծրագիրն է։ Այս ծրագիրն առաջին անգամ օրակարգ մտաւ 1987 թւականին՝ Մերձաւոր Արեւելքի երկրներին խմելու ջրով ապահովելու պատճառաբանութեամբ՝ տարածաշրջանը ջրային սթրեսի ենթարկելով: Սակայն այն չիրականացւեց, եւ «Մանաւգաթ»-ի կենտրոնից Իսրայէլին ջուր վաճառելու պայմանագիրը ինքնաբերաբար չեղարկւեց 2006 թւականին։ Յօդւածագրի համոզմամբ ջրի փոխանցման նախագծի ուղղութեամբ աշխատելը որպէս Կատարի ջրային կարիքների լուծում, կարող է իր մնայուն տեղն ունենալ երկու երկրների համագործակցութեան օրակարգում:
Եզրակացութիւն
Ընդհանուր գնահատականով կարելի է փաստել, որ սիրիական ռեժիմի տապալումը պատեհ առիթ ընձեռեց Կատար-Թուրքիա գազատարի նախագծին կողմ երկրներին: Սակայն պէտք է արձանագրել, որ այս նախագիծն իրականացւելու է քաղաքական անկայունութեամբ եւ տարածաշրջանային մրցակցութեամբ բնութագրւող տարածաշրջանում: Ուստի այս նախագծի յաջողութիւնը կախւած է տարածաշրջանային եւ միջազգային դերակատարների համագործակցութիւնից։ Բացի Եւրոպայի էներգետիկ անվտանգութեան ամրապնդումից, այս նախագծով Եւրոպայի գազամատակարարման ուղիները առաւել ճկուն կը դառնան: Թէեւ նման առաւելութիւններով նախագիծը գրաւիչ է դառնում՝ կարճաժամկէտ եւ միջնաժամկէտ հեռանկարներում, այնուամենայնիւ, դրանք ռիսկեր են պարունակում, ինչպիսիք են աշխարհաքաղաքական լարւածութիւնը, անվտանգութեան խնդիրները եւ գազի պահանջարկի հնարաւոր անկումն ու իրագործելիութեանը անհրաժեշտ օգուտների եւ ռիսկերի հաշւարկումները: