Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լեւոն Քոչարեան. «Մեղրիի մասին փաստերով. հայկական կողմը չի համաձայնւել Մեղրին Արցախով փոխանակելուն»

«ԱԼԻՔ» – ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լեւոն Քոչարեանն անդրադարձել է այս օրերին քննարկման առարկայ դարձած Մեղրիի թեմային եւ  ֆէյսբուքեան գրառում կատարել:

«Մեղրիի մասին փաստերով.

1. Հէյդար Ալիեւը համաձայն էր, որ Արցախը միանար Հայաստանին Մեղրիի հետ փոխանակման դիմաց:

2. Հայկական կողմը չի համաձայնւել Մեղրին Արցախով փոխանակելուն:

3. Հայկական փայլուն դիւանագիտութեան արդիւնքում բանակցային սեղանին յայտնւել է կարգաւորման առաջարկ, որով Ադրբեջանին ընդամէնը վերգետնեայ ճանապարհ (էստակադա) էր տրամադրւելու Մեղրիով:

4. Արցախը դառնալու էր միջազգայնօրէն ճանաչւած Հայաստանի մաս, Լաչինի միջանցքով հանդերձ:

5. Չնայած նախնական համաձայնութեան Ադրբեջանը վերջին պահին հրաժարւել է այս տարբերակից:

6. Այսօր՝ Արցախի կորստից յետոյ, Նիկոլ Փաշինեանը բանակցում է Ադրբեջանին Մեղրիով ճանապարհ տալու շուրջ, դիմացը չստանալով ոչինչ:

7. Փաշինեանի իշխանութեան ժամանակ Արցախը կորսւել է, Ադրբեջանը Հայաստանից օկուպացրել է Մեղրիից աւելի մեծ տարածք եւ չի էլ պատրաստւում յետ վերադարձնել:

8. Առնւազն տարօրինակ եւ անազնիւ է, երբ գաղտնազերծում են որոշ պաշտօնեաների ընկալումները բանակցային սկզբնական փուլից, բայց չի գաղտնազերծւում բուն փաստաթուղթը, որն առաջացել է այդ բանակցութիւնների արդիւնքում եւ որում յստակ ֆիքսւած է, որ Մեղրին չէր փոխանակւելու: Եզրակացութիւնները իւրաքանչիւրի համար պէտք է որ ակնյայտ լինեն:

Սրանք փաստեր են, իսկ իշխանութիւնների եւ այլ ուժերի կողմից գեներացւող աղմուկն այս ամէնի շուրջ պարզապէս նպատակ է հետապնդում նորից մոլորեցնել հասարակութեանը հերթական միակողմանի զիջումների գնալուց առաջ:

Նշենք, որ յունւարի 30-ին, հրապարակել էր տեսանիւթ «Երբ, ով եւ ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի» վերնագրով։

Ըստ տեսանիւթի՝ իբր 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարեանն ու Հէյդար Ալիեւը դէմ առ դէմ՝ առանց միջնորդների, համաձայնութեան էին եկել լուծել Ղարաբաղեան խնդիրը տարածքների փոխանակմամբ` Մեղրին Ղարաբաղի դիմաց։

Related Articles

Back to top button