Երկրորդ նախագահի գրասենեակի ղեկավարը՝ «Ազատութեան» տեսանիւթի վերաբերեալ. «Տպաւորութիւն է ստեղծւում, թէ Քոչարեանը Մեղրին տալիս էր, իսկ Հէյդար Ալիեւի պէս փորձառու եւ հմուտ քաղաքական գործիչը հրաժարւում էր այն վերցնել․ սա առնւազն ծիծաղելի է»
«ԱԼԻՔ» – «Ազատութիւն» ռադիոկայանը յունւարի 30-ին, հրապարակել էր տեսանիւթ «Երբ, ով եւ ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի» վերնագրով։
«Գաղտնազերծումները» մեկնաբանելու խնդրանքով Yerevan․Today-ը դիմել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի գրասենեակի ղեկավար Բագրատ Միկոյեանին։
Պարոն Միկոյեանն ասել է․ «Ձեր նշած հրապարակմանը ծանօթ եմ։ Միջին որակի պրոպագանդիստական նիւթ էր։ Որեւէ սենսացիա այդտեղ չկայ։ Այսպէս կոչւած «Մեղրին տալու» տարբերակի կարծեցեալ գոյութեան ապացուցման համար մէջբերւում են բացառապէս ադրբեջանցի, թուրք եւ ամերիկացի դիւանագէտների նամակագրութեան հատւածական մէջբերումներ, որոնք լի են սուբեկտիւ կռահումներով եւ ընկալումներով։
Դիւանագիտութիւնից փոքր ինչ հասկացող մարդը կարող է հասկանալ, թէ դիւանագիտական ինչ կարողութիւններ եւ ջանք է պէտք 1999 թւականի գարնանը ալիեւեան արած ցանկութիւն-առաջարկը արդէն 2001 թւականին վերածելու Քի Վեսթի փաստաթղթի։
Այսպէս, 1999 թւականին Հէյդար Ալիեւը առաջարկում է փոխանակել Մեղրին Արցախի հետ, իսկ արդէն 2001 թւականին Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացւած պաշտօնական փաստաթղթով Քի Վեսթում առաջարկւում էր Արցախի միաւորում Հայաստանին։ Ընդ որում, շեշտեմ, այդ թղթում Մեղրին Ադրբեջանին փոխանցելու մասին տառ անգամ չկար, Ադրբեջանին ընդամէնը ճանապարհ էր տրւում դէպի Նախիջեւան։ Այս ահռելի տրասֆորմացիան տեղի է ունեցել ամենօրեայ դիւանագիտական ջանքերի շնորհիւ, առանց շոուների եւ պոպուլիստական զեղումների։ Սրա մասին նախագահ Քոչարեանի գրքում պարզ եւ մատչելի գրւած է։
«Ազատութեան» նիւթից տպաւորութիւն է ստեղծւում, թէ նախագահ Քոչարեանը Մեղրին տալիս էր իսկ Հէյդար Ալիեւի պէս փորձառու եւ հմուտ քաղաքական գործիչը հրաժարւում էր այն վերցնել․ սա առնւազն ծիծաղելի է, եթէ չասեմ՝ անարգանք եւ ծաղր սեփական ունկնդրի մտաւոր ունակութիւնների հանդէպ։
Ով ինչ է տւել, ում է տւել, որքանով եւ քանի անգամ է տւել, արդէն փաստ է եւ՝ պատմական փաստ։
Շնորհակալ կը լինենք ԱՄՆ Պետդեպի սեփականութիւնը հանդիսացող եւ այնտեղից ֆինասաւորւող լրատւամիջոցին, եթէ իրենց վերադաս հիմնարկից պահանջեն եւ հրապարակեն Քի Վեսթի փաստաթուղթը, որն իսկապէս բանակցութեան սեղանին դրւած փաստաթուղթ էր եւ որը, այո, Հայաստանի իշխանութիւնները թէ՛ քննարկել են եւ թէ՛ պատրաստ են եղել ստորագրել։ Այդ փաստաթղի հրապարակայնացումից եւ հանրութեան դատին յանձնելուց յետոյ, վստահ եմ, «Կիկոսի մահը» յիշեցնող «Մեղրին տալիս էին» հեքիաթը վերջնականապէս կաւարտւի։
Եւ ընդհարապէս, ճիշտ կը լինի հրապարակել Մինսկի խմբի կողմից արւած բոլոր պաշտօնական առաջարկները եւ Հայաստանի իշխանութիւնների կողմից դրանց տրւած բոլոր պաշտօնական պատասխանները, ընդհուպ մինչեւ ներկայ ժամանակները»։
Նշենք, որ ըստ «Ազատութիւն» ռադիոկայանի հրապարակած տեսանիւթի՝ իբր 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարեանն ու Հէյդար Ալիեւը դէմ առ դէմ՝ առանց միջնորդների, համաձայնութեան էին եկել լուծել Ղարաբաղեան խնդիրը տարածքների փոխանակմամբ` Մեղրին Ղարաբաղի դիմաց։