Վարդան Ոսկանեան. «Տարածաշրջանը ճանաչողների համար Թուրքիայի ՊՆ ակնարկը շատ յստակ է»
Թուրքիայի խորհրդարանի պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերով յանձնաժողովի նախագահ, այս երկրի պաշտպանութեան նախկին նախարար Յուլուսի Աքարը Բաքու կատարած այցի ժամանակ սպառնալիք է հնչեցրել Հայաստանի հասցէին՝ խօսելով այն մասին, որ որոշ երկրներ, իբր, ցանկանում են Հայաստանը վերածել արբանեակ կամ պրոքսի պետութեան, եւ եթէ Երեւանը գնայ այդ ուղով, ապա դա կունենայ ծանր հետեւանքներ:
Անդրադառնալով թուրք բարձրաստիճան պաշտօնեայի յայտարարութեանը, իրանագէտ Վարդան Ոսկանեանը սոցիալական ցանցերի իր հարթակներում գրել է, որ տարածաշրջանը ճանաչողների համար ակնարկը շատ յստակ է՝ էրդողանական վարչախմբի ներկայացուցիչը, «որոշ երկրներ» ասելով, ակներեւաբար նկատի ունի Իրանը, որը բոլոր մակարդակներում հսկայական ճնշում է բանեցնում յատկապէս վիժեցնելու Հայաստանը փաստացիօրէն մասնատելուն ուղղւած «թուրանական միջանցքի» հեռագնայ ծրագիրը։
«Ակնյայտ է, որ հայ-իրանական հազարամեակների յարաբերութիւնները չեն կարող հանգիստ տալ ո՛չ Բաքւի, ո՛չ էլ վերջնիս օպերատոր էրդողանական վարչախմբերին՝ յատկապէս, եթէ հաշւի առնենք այդ յարաբերութիւնների քաղաքակրթական բնոյթը եւ այն հսկայական յաւելեալ ներուժը, որը դրանց կարող է հաղորդել մէկ այլ հսկայ քաղաքակրթութեան՝ Հնդկաստանի ներգրաւումը։
Ինչպէս պարսկական ասացւածքն է պնդում՝ «անհաւատը բոլորի մասին իր հաւատքով է դատում», եւ որովհետեւ Թուրքիայի համար Բաքւի վարչախումբն իրականում հէնց պրոքսի-գործակատարի կարգավիճակ ունի՝ ընդորում, սկսած 1918 թ. առաջին անգամ արհեստածին Ադրբեջանի պատմութեան թատերաբեմում յայտնւելուց ի վեր, ապա այս թուրքական կարծրատիպը փորձ է կատարւում պրոյեկտել հայ-իրանական յարաբերութիւնների վրայ՝ նպատակ ունենալով հնարաւորին խաթարել դրանց խորացման եւ ռազմավարական մակարդակի բարձրացման իւրաքանչիւր հեռանկար»,- գրել է նա։