Իրանցի փորձագէտ. «Բաքուն պատրաստւում է ներխուժել Հայաստան․հայ ազգը զգօնութեամբ պէտք է շարունակի գոյատեւման պայքարը»
Բաքուն ոչ պատրաստ է Հայաստանի հետ խաղաղութեան պայմանագիր կնքել, ոչ էլ ցանկանում է չյարձակման մասին պայմանագիր ստորագրել։ Այս մասին «Թելեգրամ»-եան իր ալիքում հրապարակում է արել միջազգային հարցերի իրանցի աւագ փորձագէտ, դոկտ․ Էհսան Մովահեդեանը, տեղեկացրել է «Երկիր»-ը:
Աղբիւրը յաւելել է, որ փորձագէտն անդրադարձել է Բաքւի ԶԼՄ-ներում տեղ գտած «Արեւմտեան Ադրբեջանի հասարակութեան» յայտարարութեանը առ այն, որ իբր Երեւանը պատերազմի նախապատրաստութիւնը թաքցրել է խաղաղութեան դեմագոգիայի յետեւում:
«Ընթերցողն առաջին հայեացքից ենթադրում է, որ անկախ պետութեան կեղծարարների կողմից հրապարակւած նման զաւեշտալի յայտարարութիւնն այնքան անտրամաբանական է, որ պէտք չէ լուրջ ընդունել, բայց իրականում ամէն ինչ լուրջ է եւ վկայում է Բաքւի չարամիտ մտադրութիւնների մասին։ Նման յայտարարութիւնները միայն մէկ բան են փաստում՝ Բաքուն պատրաստւում է ներխուժել Հայաստան։ Ցաւօք, մենք բազմիցս ենք ականատես եղել, որ Ալիեւի կառավարութիւնը այս մեթոդն է կիրառում։ Սցենարը նոյնն է՝ Հայաստանին մեղադրում են զէնք հայթայթելու եւ ներխուժելու պատրաստութեան համար, իսկ յետոյ սկսւում են հայկական սահմանային կէտերի գնդակոծումը կամ երկրի որոշ հատւածներում առաջխաղացումները։ Այնուհետեւ հրետակոծութիւնը նորմալ է դառնում եւ այս ամէնը վերածւում նոր տարածքային յարձակման ու Հայաստանը կորցնում է նոր ռազմավարական դիրքեր»,- գրել է Մովահեդեանը:
Փորձագէտի գնահատմամբ՝ այս ամէնը կարող է տեղի ունենալ առաջիկայ 3-4 ամիսների ընթացքում։ «Ժամանակը Բաքւին միանգամայն բաւարար է ռազմական եւ հետախուզական պատրաստութեան համար։ Ամենակարեւոր գործօններից մէկը եղանակային պայմանների բարելաւումն է, որը մինչ այդ աւելի քան գոհացուցիչ կը լինի։
Այս իրավիճակում Հայաստանը պէտք է ականատես լինի քաղաքական միասնութեան ու աւելի լայն հայրենասիրական քարոզչութեան։ Հայաստանի կառավարութիւնն էլ պէտք է դադարեցնի թուլութեան նշան համարւող խաղաղասիրական միակողմանի պնդումներն ու զգուշացնի Բաքւի ագրեսորներին, որ եթէ նոր ագրեսիայի պատրաստւի, ապա կը բախւի հայկական Զինւած ուժերի երկաթէ բռունցքին։ Հայաստանի համար իդէալական տարբերակը կը լինի Զինւած ուժերի հզօրացումը՝ ընդլայնելով ռազմական համագործակցութիւնը բարեկամ երկրների հետ, ինչպիսին Իրանն է եւ համատեղ զօրավարժութիւններ անցկացնելու միջոցով։
Հայաստանի կառավարութիւնը պէտք է դադարի Ռուսաստանին մեղադրել իր տարածքների կորստի համար։ Թէեւ 2020 թւականից սկսած Ռուսաստանի դերը Կովկասում չի կարելի դրական համարել, սակայն Փաշինեանի ներկայիս մօտեցումը ռուսների նկատմամբ կառուցողական չէ։ Իհարկէ, վերջին շաբաթների փոփոխութիւններն այս առումով խոստումնալից են։ Միեւնոյն ժամանակ, հայ ժողովուրդը պէտք է հասկանայ, որ բարգաւաճման եւ տնտեսական առաջընթացի ձեռքբերումը եւ խաղաղութիւնն ու հանգստութիւնը պահանջում են միաժամանակ փափուկ եւ կոշտ ուժի աւելացում։ Հակառակ դէպքում Բաքւի ագրեսիայի վտանգը միշտ կը լինի։ Արտաքին ագրեսիայի սպառնալիքի ներքոյ տնտեսական եւ սոցիալական զարգացումը շարունակական լինել չի կարող։
Եթէ այսօր Հայաստանը ճիշտ ռազմավարութեամբ առաջնորդւի, ապա Սիւնիքն ու Ջերմուկը հնարաւոր կը լինի փրկել։ Եթէ այս ամէնը երէկ արւէին, Արցախը կը փրկւէր։ Իսկ եթէ վաղը այս քայլերը չձեռնարկւեն, ժամանակը կը կորչի եւ շատ ուշ կը լինի։ Հայ ազգը պէտք է շարունակի գոյատեւման պայքարը զգօնութեամբ, որպէսզի ստանայ այն, ինչին արժանի է»,- գրել է Մովահեդեանը։