Տպաւորութիւններ Երկու խօսք «Գիշատիչների խնջոյք»-ը ներկայացման շուրջ
Խոսրով Խաջաւեան
Վերջերս Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» սրահում Վահագն Ազիզեանի ջանքերով բեմականացւեց Վահէ Քաչայի «Գիշատիչների խնջոյք»-ը ներկայացումը:
Նոյն կապակցութեամբ Խոսրով Խաջաւեանը թերթիս յղւած գրութեամբ փորձել է իր տպաւորութիւններով կիսւել ընթերցողի հետ, որտեղ նա նշումներ անելով բեմական արւեստի յատկանիշերի մասին դրանք տեսել է միմիկայի, կոմպոզիցիայի, միզանսէնային լուծումների, դերասանական հմտութիւնների, ձայնի ու խօսքի…կարեւորութեան մէջ:
Պրն. Խաջաւեանի պարսկերէնով գրւած ձեռագիր-նիւթը նոյնութեամբ հրապարակելն անհնար գործ էր: Սակայն փորձել ենք սիւնակիս սահմաններում ընթերցողին փոխանցել գրութեան համառօտ պատկերն ու շունչը:
Յաւելենք, որ գնահատականներն ու արւած մեկանաբանութիւնները յօդւածի հեղինակինն են, եւ յօդւածը թերթով հրապարակելը դրա բովանդակութեան հետ համաձայն լինել, կամ այն երկրորդել չի նշանակում:
Խոսրով Խաջաւեանը նշել է, որ մինչեւ ներկայացման մեկնարկը դերակատարները հերթով բեմ դուրս եկան՝ լուռ ներկայացնելով իրենց կազմւածքն ու մարմնաւորած կերպարը, ինչը յօդւածի հեղինակի համաձայն իւրայատուկ լուծում էր ռեժիսոր Վահագն Ազիզեանի կողմից:
«Պիէսի հեղինակն է Վահէ Քաչան՝ (Խաչատրեան) 1920 թւականին ծնւած Ֆրանսիայում: Պիէսն առաջին անգամ հայերէնի է թարգմանւել 1967 թւականին «Գիշատիչների խնջոյք»-ը անւանումով:
Քաչան 1945-ին մեկնում է Փարիզ եւ աշխատակցում մի շարք հրատարակութիւններին ու թերթերին: 25 տարեկանում նրա գրւածքները տպագրւում են եւ անսպասելիօրէն արժանանում ընթերցողների ուշադրութեանը:
Ներկայացումը, որն արդէն ֆիլմի տեսքով էկրանաւորւել էր, կամ մի քանի անգամ բեմականացւել է տարբեր երկրներում, այս անգամ թեհրանահայ հանդիսատեսը հնարաւորութիւն ունէր տեսնել այն:
Խոսրով Խաջաւեանը յաւելել է, որ տարբեր հարթակներից է կարելի քննարկել այս գործը։ Սոցիալական, հոգեվերլուծութեան, հոգեբանական, հետպատերազմեան իրավիճակի, հոգեկան ճգնաժամի…
Խաջաւեանը գրում է, որ հեղինակը մարտահրաւէր է նետում իւրաքանչիւր կերպարի՝ անցանկալի ճգնաժամից ազատւելու միջոց գտնելու համար եւ փրկել սեփական կեանքը: Կերպարներն առանձնայատուկ խելամտութեամբ են փորձում փրկութեան համար պատրւակներ յօրինել, միաժամանակ բացասական էներգիա հաղորդելով դահլիճում:
«Պիէսի բովանդակութիւնը կարելի է վերլուծել նեղութեան մեջ ընկած մարդկանց տեսանկիւնից: Պատմութեան հերոսներից իւրաքանչիւրն անգիտակցաբար բացայայտում է իր դիմակի տակ թաքցրած դէմքը։ Հոգեկան ճնշումը բերում է նրան, որ ամուսինները բոլորի աչքի առաջ խոստովանում են իրենց անհաւատարիմ լինելու մասին»,-գրել է Խաջաւեանը։
Եթէ այս բոլորը միասին քննարկելու լինենք (գրում է Խաջաւեանը), ապա կը տեսնենք, որ Վահագն Ազիզեանին յաջողւել է դերակատարներից «խաղ քաշելով» պատմել իր պատմութիւնը:
Խաջաւեանը, ապա պատմել է ներկայացման մեկնարկային տեսարանի մասին, երբ Վիկտորի ու նրա կնոջ՝ Բրիժիթի սովորական դեկորով բնակարանն է պատկերւած: Նրանք պատրաստւում են ընկերների հետ միասին նշել Բրիժիթի ծնունդը եւ անհամբեր սպասում են հիւրերի ժամանմանը: Բրիժիթն ի ցոյց է դնում իր վերահսկողութիւնը ամուսնու նկատմամբ՝ թաքցնելով նրա ծխախոտի տուփը։
Անհատական խաղեր ցուցադրելու ռեժիսորի կարողութիւնը եւ բեմում հիւրերի մուտքը (ութ հոգանոց դերակատարների խմբով) երեւան է հանում նրա միզանսենային կարողութիւնները։
Իւրաքանչիւր դերասան ռեժիսորի ցուցումներով ուղղորդւում է մինչեւ ներկայացման աւարտը:
Խաջաւեանը նաեւ անդրադարձել է կերպարներից իւրաքանչիւրին ու նրանց կերտած դերերին: «Առաջին հիւրը՝ 65 տարեկան մեծահարուստ Դոն Վիլիխն է»: Ու այսպէս մէկ առ մէկ նա նշել է դերակատարների մուտքը, միաժամանակ բացատրելով նրանց զբաղեցրած սոցիալական դիրքն ու բարքերը:
Բեմայարդարման մասին եւս կան նշումներ պրն. Խաջաւեանի գրութեան մէջ, որտեղ նա յատուկ անդրադարձով է յիշեցնում այն պատուհանի մասին, որտեղից տնեցիները տեսնում են փողոցի անցուդարձերը:
Դրսից լսւում են նաեւ պայթիւնների ու կրակոցների ձայնը, որից անմիջապէս յետոյ բնակարան է ներխուժում գերմանացի սպան, եւ բռնի կերպով պատանդ վերցնելու փոխարէն նրանց առաջարկում ինքնակամ յանձնել երկուսին միայն:
Խաջաւեանն ապա յաւելել է. «Թատրոնում կան լուծումներ ու արտայայտման ձեւեր, որոնց պէտք է ծանօթ լինի իւրաքանչիւր դերակատար։ Արտայայտման ձեւ, մնջախաղ, ձայնային տւեալներ, արտասանական հմտութիւններ… իսկ մարմնի լեզուն, որը դերասանին կատարելութեանը տանող յատկանիշերից է։ Իրականում մարմնի լեզուն, խօսքը եւ միմիկան ներդաշնակ են եւ նման իրավիճակներում եւ իրենց ազդեցութիւնն են թողնում հանդիսատեսի վրայ»։
Նա ապա անդրադառնալով դերակատարներից իւրաքանչիւրին, մեկնաբանութիւններով կիսւել է լսարանի հետ, որը կը փորձենք ներկայացնել հապաւումներով:
Անի Զաքարեան.
Նրա դէմքի արտայայտութիւնն ու միմախաղը հէնց սկզբից իրենով են անում ներկայացումն ու հանդիսատեսին փոխանցում նոյն ստրեսներն, ինչ ինքը կոչւած է ներկայացնել բեմում: Ներկայացման ընթացքում եւս դահլիճն ականատեսն էր նրա մնջախաղային վարպետութեանը: Նոյն վարպետութեամբ էլ մանկան պէս ուրախանում է, երբ ստանում է ծննդեան կապոցը Ֆրանսուազից: Նա իր ներկայութեամբ օգնել է բեմադրիչին աւելի սահուն պատմել պատմութիւնը:
Պատրիկ Քեշիշեան.
Վիկտորի դերում է. Բրիժիթի ամուսնու: Տաղանդաւոր դերասան է եւ նրան յաջողւում է ներկայացմանը արագութիւն ու շարժ հաղորդել: Սա հասարակ հանդիսատեսի աչքից կարող է աննկատ մնալ: Տպւաորութիւնն այնպիսին է, որ ռեժիսորը նրան ազատ է թողել բեմում: Հաւատացած եմ դեռ Փաթրիկի մասին շատ ենք լսելու: Նա, յատկապէս, տագնապային իրավիճակներում աչքի ընկնող դերակատար է:
Արմէն Զարգարեան.
Դան Վիլիչի դերում էր նա: Լաւ խաղով աչքի ընկաւ: Երկար-բարակ դիալոգներ, սահուն խաղ, ինչով նաեւ բնական կեանքին աւելին նմանեցւեց ներկայացումը: Միաժամանակ միմային ու մարմնի լեզուն լաւագոյնս օգտագործեց նա: Նա, յատկապէս աչքի ընկաւ տագնապախառն տեսարաններում: Համոզիչ էր նա նաեւ բանավէճերի ժամանակ, նոյնիսկ, երբ խօսքը երկարելու բերումով ներկայացումը վտանգի է մատնւում: Նա վարպետօրէն իրականացրեց իր առաջադրանքը բեմում, ի դիմաց նա արժանացաւ հանդիսատեսի համակրանքին:
Ամուր Զարգարեան.
Պիեռի դերում էր նա: Պատերազմի հետեւանքով զինհաշմանդամ դարձած, ով ռումբի պայթիւնից կորցրել է տեսողութիւնը: Նրա խաղի շնորհիւ բեմում զգալի էր կոյր կերպարի ներկայութիւնը: Համակրելի դիմագծերով երիտասարդ: Մինչեւ ներկայացման աւարտը նա մարմնի լեզւով իր ուսերին կրեց կոյր կերպարի դերը: Նա արժանանում է դահլիճի ուշադրութեանը, յատկապէս, այն պատճառով, որ Պիեռի կերպարը նրա խաղով հեղինակութիւն ստացաւ ողջ ներկայացման ընթացքում:
Գառնի Շահմուրադեան.
Համակրելի երիտասարդ, որին համոզւած եմ տեսնելու ենք նաեւ կինոյի էկրաններում: Համարձակ խաղով նա անմիջապէս դերն իրենով արեց: Իր մարմնի լեզւից աւելի ինքնավստահ արտայայտութիւններով աչքի ընկաւ: Չնայած նրա դէպքում առաջինի վրայ աշխատել է պէտք:
Անի Ալեքսանեան.
Ֆրանսուազի դերում էր նա: Գեղեցիկ դիմագծերով: Չնայած բեմ մուտք գործելիս մի պահ ազդւեց դահլիճի ծանրութիւնից, սակայն արագօրէն նրան յաջողւում է հաւաքել իրեն եւ իր հագով դարձնել դերը: Նա նոյնիսկ մենախաղային հատւածում աչքի ընկաւ իր ինքնավստահութեամբ ու դահլիճին փոխանցած շուքով:
Դերիկ Թէքդեան.
Դոկտ. Քարթն էր նա: Կայացած ու փորձառու դերասան, ով լինելով բազմաթիւ բեմերում հասցրել է թեհրանահայ հանդիսատեսի համար դառնալ սիրւած դերասաններից մէկը: Առանձնանում է իր հմուտ վարպետութեամբ ու խաղով: Նա իր խաղի կողքին զարմանալիօրէն բարձրաձայն է մասնակցում դիալոգներին: Չգիտես ռեժիսորի պահանջով էր, թէ այդպէս է ստացւել: Նա կարծես այնքան էլ իրեն պարտաւորւած չի զգում տեղաւորւել մարմնի լեզւի, կամ ձեռքերով խաղալու կաղապարներում:
Գամեր Աբնուսեան.
Գերմանացի սպան է, Քուրթ Քաւախը: Մարզւած կազմւածքով համապատասխանում էր ստանձնած կերպարին: Միանգամից երեւաց, որ դերը նրան տարել է իր հետ: Գեստապոական է դառնում նրա մուտքով մուդը: Այս ճիշտ ընտրութիւնը եւս խօսում է ռեժիսորի գրագիտութեան մասին: Ամէն բան չափաւորւած է, ինչպէս գերմանական ոճին համապատասխան իրավիճակներն են թելադրում: Չնայած կարծում եմ, եթէ իրօք գեստապօն այս աստիճան ճշտապահ աշխատած լինէր, երբեք Հիտլերը պատերազմը տանուլ չէր տայ:
Խոսրով Խաջաւեանի գրութեան վերջում տեղ է գտել նաեւ քննադատութեան հատւածը, որտեղ նա «մեծ» բացթողում է համարել յայտագրում դերասանական կազմի անունները չյիշատակելը: Փոխարէնը նա տարօրինակ է համարել նոյն յայտագրում երեք տարբեր առիթներով ռեժիսորի անունը նշելու փաստը, քանի որ իր կարծիքով հանդիսատեսը գիտի ռեժիսորին եւ նման շեշտադրումների անհրաժեշտութիւն չկայ:
Նա անդրադարձել է նաեւ պարապ նստարանների ու մասամբ դատարկ դահլիճի փաստին, ինչը տոմսի բարձր գնի հետւանք է համարել նա: Դաատարկ դահլիճը բացասական լիցք կարող է հաղորդել բեմին ազդելով դերակատարների խաղի վրայ,- նշել է նա:
ՀԱՏԻՍ – «Գիշատիչների խնջոյք»-ը առիթ դարձաւ նորից հանդիպելու բեմադրիչ Վահագն Ազիզեանի հետ: Վահագնը նոր անուն չէ իրանահայ բեմական արւեստի կտրւածքով: Շահէն Սարգսեանի դպրոցի գրասեղանը տեսած թատերական գործիչներից է, ում կարծիքով թատրոնի ծառի տակ կարելի է զովանալ, եթէ ժամանակին ջրես ու խնամքն էլ անպակաս լինի:
Վահագն Ազիզեանի հետ մեր նախորդ հանդիպումը Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ «Բեբեքս» ներկայացումից առաջ էր: Այդ զրոյցի ընթացքում տեղեկացանք, որ ներկայացումը բեմ է դուրս գալիս մասամբ սկսնակ դերասանական կազմով: Երկրորդ հանդիպման առիթը «Գիշատիչների խնջոյք»-ը ներկայացումն էր, որի բեմում են նոյն կազմից երեքը, որոնք այս երկու տարւայ ընթացքում որոշակի բեմական ճանապարհ են անցել:
Երկու տարւայ փորձի արդիւնքը
Վահագն Ազիզեանը մեզ պատմեց, որ Վահէ Քաչայի «Գիշատիչների խնջոյք»-ը ներկայացման համար երկու տարի է պահանջւել: Բանը նրանում է, որ ոչ թէ ներկայացումն էր բարդ ու անյաղթահարելի, այլ դերակատարների ժամանակն էր սահմանափակ, ինչի բերումով սահամանապակւում էին նաեւ փորձերը: «Մի կերպ տեղաւորւեցինք մեր սիրելի կազմի չունեցած ժամանակի արանքում: Այնպէս, որ այդ երկու տարին պէտք է տեղաւորել մի քանի ամսւայ տարածութեան մէջ»,- ասում է նա:
Պիէսի թարգմանութիւնը
«Գիշատիչների խնջոյք»-ը պիէսի թարգմանութեան մասին Վահագնը պատմեց, որ այն առաջին անգամ բեմականացւել է 80-ականներին «Կոմիտաս»-ի բեմում, որտեղ խաղացել է նաեւ ինքը: Թարգմանութեան համար այն ժամանակ չգիտէին կամ չեն գտել Թոփչեանի կատարած թարգմանութիւնը եւ ստիպւած խումբն ինքն է անցել գործի թարգմանելիով պիէսը (մեր զրոյցից երկու օր անց, երբ ներկայացումը դիտելու առիթ ունեցայ այն առաւել զգալի դարձաւ, յատկապէս, դարձւածքների ու կիրառւող հաերէնի իմաստով):
Զգեստի ձեւաւորում
Վահագն Ազիզեանը մեզ պատմեց, որ զգեստի ձեւաւորման հարցով, ինչպէս նաեւ բեմայարդարման համար միշտ անլուծելի խնդիրները ստւերի պէս հետւում են բեմադրութեանը: «Հիմնականում իհարկէ բիւջէն է: Իսկ բեմական կահաւորումն ու զգեստների գտնելը պակաս գլխացաւանք չէ: Մեզ պէտք էր գեստապոյի սպայ յիշեցնող զինւորականի տարազ՝ իր համապատասխան բոլոր էլեմաններով: Հանդիպել ենք իրանական թատերախմբերին տարազը պարտքով վերձնելու համար: Ցաւօք բոլորն էլ ամենաքաղաքակիրթ ձեւով մերժել են: Վերջապէս հնարաւոր եղաւ առցանց շուկաներում գտնել արծիւն ու գնացիստների խաչը, ինչպէս նաեւ թեւկապը: Իհարկէ կլորիկ գումարով»,-նշում է նա:
Ինչով է զբաղւած ինքը՝ Վահագն Ազիզեանը
Ասում է գաղտնիք է, չգրե՛ս յանկարծ: Այժմ նա հեռուստասերիաներից մէկում է նկարահանւում: Իսկ թէ ի՞նչ դերում ում կերպարով՝ թողնենք ժամանակը ցոյց կը տայ: Նկարահանումների մի մասն անց է կացւել Պոլսում, իսկ միւս մասը Իրանի տարբեր շրջաններում: «Սպոյլ» անելու փոխարէն ասեմ, որ Վահագնը սերիալի առանցքային կերպարներից մէկն է:
Սկսնակ դերասանների հետ աշխատելը
Վահագն Ազիզեանն այն կարծիքի է, որ առաջին հայեացքից գործը կարող է տուժել: «Բայց, որ մի-երկու քայլ յետ էս գնում ու նոր նայում՝ տեսնում ես համայնքի թատրոնն է շահում դրանից: Նախորդ գործից մենք ստացել ենք նոր դերասաններ, ովքեր այսօր հայկականից բացի առիթ են ստացել բեմ դուրս գալ նաեւ իրանական խմբերի հետ:
«Գիշատիչների խնջոյք»-ը բեմադրելն ինչքանով է օրւայ թեմայ
«Օրւայ թեմայ էք ուզում ժուռնալ թերթէք»,- պատասխանում է Վահագն Ազիզեանն ու յաւելում, որ մարդու իրական դէմքը չի փոխւում ժամանակի կտրւածքով: Վահէ Քաչայի այս գործը վեր է հանում մարդու իրական դէմքը, մերկացնում նրան ամենաանհաւանական իրավիճակներում, յատկապէս, երբ պատրաստ է ողջ մնալու համար ամէն ինչ զոհել, սկսած ընկերութիւնից, վերջացրած հարազատներով:
Դատարկ դահլիճների ու տոմսերի գնի մասին
Վահագն Ազիզեանը նշելով, որ եթէ ցածր գին ես ճշտում տոմսերի համար, այն տպաւորութիւնն է ստեղծւում, որ էժան գործ ես ներկայացրել, յաւելեց, որ նախաձեռնող միութեան հետ միասին որոշեցինք, որ տոմսերի գինը համապատասխանեցւի իրանական բեմերի հետ: Չնայած գուցէ դժւար, լինի այն ընտանիքների համար, ովքեր, ասենք, չորսով են ցանկացել դիտել թատրոնը…
Շնչահեղծ դարձող ժամանակակիցը
Վահագն Ազիզեանը հարցին, թէ, նման պատմողական շունչ կրող եւ տեւողութեամբ երկար ներկայացումները չեն խանգարելու արդեօք խօսքը կարճով փոխանցելու հնարամտութեան դրսեւորումներին, պատասխանեց. «Պիէսը մանրակրկիթ կերպով ներկայացրել է մարդկայինը: Կարելի է կրճատել գործը միաժամանակ բացը լրացնելով հմուտ դերասանական կազմի լուծումներով: Սակայն չես կարող տարին մէկ-երկու բեմադրութիւն ունենալ, յետոն էլ սպասել, որ հանդիսատեսը ընկալի այդ կարգի գործերը: Էլ չասենք, որ ռեժիսորին էլ մտքի ճկունութիւն դրսեւորի… Մի խօսքով, ե՛ւ մէկը, ե՛ւ միւսն ունենալը երկու երնեկ մի բեմում է, ինչը երազանք է նաեւ արհեստավարժ բեմերի համար, որով նաեւ ապրում են թատրոնի գործիչները…երկար զրոյցի թեմայ է…