Որոնք են զարկերակային բարձր ճնշման մասին յուշող ախտանշանները
Զարկերակային գերճնշումը քրոնիկ հիւանդութիւն է, որը բնորոշւում է զարկերակային ճնշման մշտապէս բարձր ցուցանիշերով (140/90 մմ/սս եւ ավելի)։ Մասնագէտներն առանձնացնում են այս հիւանդութեան երեք փուլ, որոնցից իւրաքանչիւրն ունի իր բնորոշումները։ Այս մասին Gazeta.Ru-ի հետ զրոյցում ասել է սրտաբան Նատալիա Բլինովան։
«Առաջին փուլի դէպքում մենք պարզապէս խօսում ենք զարկերակային գերճնշման առկայութեան մասին, մինչդեռ օրգաններն ու համակարգերը դեռ նորմալ աշխատում են, եւ բուժառուն չի ունենում ուղեկցող հիւանդութիւններ, այդ թւում՝ սրտանօթային համակարգի ախտաբանութիւններ։ Երկրորդ փուլն արդէն բնութագրւում է սրտամկանի, գլխուղեղի, արիւնատար անօթների ու երիկամների ախտահարումներով»,- նշել է սրտաբանը։
Նրա խօսքով՝ երրորդ փուլում հիւանդի օրգանների աշխատանքն այլեւս պարզապէս խաթարւած չի լինում, այլ ի յայտ են գալիս լուրջ բարդութիւններ, որոնք կարող են յանգեցնել մահւան։ Դրանց շարքին են դասւում գլխուղեղի կաթւածը, սրտամկանի ինֆարկտը, սրտի իշեմիկ հիւանդութիւնը, երիկամային եւ սրտային անբաւարարութիւնը։
Ժամանակին հիւանդութիւնն ախտորոշելու համար շատ կարեւոր է կանոնաւոր զարկերակային ճնշումը չափելը: Զարկերակային բարձր ճնշումը կարող է դրսեւորւել այնպիսի ախտանշաններով, ինչպիսիք են սրտխառնոցը, փսխումը, գլխապտոյտը եւ այլն:
«Զարկերակային բարձր ճնշումը սովորաբար ուղեկցւում է գլխացաւով, գլխապտոյտով կամ ինքնազգացողութեան ընդհանուր վատթարացմամբ։ Ճնշման կտրուկ բարձրացման դէպքում կարող են ի յայտ գալ տեսողութեան ու կօօրդինացիայի խանգարումներ, ցավ սրտամկանի շրջանում, սրտխառնոց եւ փսխում: Որոշ դէպքերում այս ախտաբանութիւնը ոչ մի կերպ չի դրսեւորւում, եւ մարդը կարող է չկասկածել, որ իրեն վտանգ է սպառնում։ Սա է պատճառը, որ արեան ճնշումը կանոնաւոր վերահսկողութեան տակ պահելը շատ կարեւոր է»,- նշել է մասնագէտը՝ յաւելելով, որ զարկերակային գերճնշման դրսեւորումները կարող են տարբեր լինել՝ կախւած հիւանդութեան զարգացման փուլից։