Հայաստանում կառավարող վարչակազմը յատել է բոլոր կարմիր գծերը. այն պէտք է հնարաւորինս շուտ հեռացւի
Ես խորապէս հիասթափւած եւ վշտացած եմ Հայաստանում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձութիւններից. այնքան շատ բռնութիւն եղաւ եւ արիւն թափւեց Երեւանի փողոցներում եւ այնքան անխոհեմ յայտարարութիւններ հնչեցին վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից։
Շատ վրդովեցուցիչ էր տեսնել, թէ ինչպէս է Փաշինեանի ոստիկանութիւնը լուսաձայնային նռնակներ նետում եւ ծեծում խաղաղ տղամարդկանց, կանանց եւ երեխաներին, որոնք պարզապէս իրացնում էին իրենց քաղաքացիական իրաւունքները մի երկրում, որը կեղծօրէն համարւում է ժողովրդավարական: Բռնութիւնը հանրութիւնից թաքցնելու համար ոստիկանները նոյնիսկ յարձակւեցին լրատւամիջոցների տասնեակ ներկայացուցիչների վրայ եւ ոչնչացրեցին նրանց սարքաւորումները: Ոստիկանութիւնը նոյն մարտավարութիւնը կիրառեց խորհրդարանի ներսում, երբ Փաշինեանի կողմնակիցները ֆիզիկական բռնութեան էին ենթարկում ընդդիմութեանը։ Ոստիկանութիւնը փորձեց ստիպել լրագրողներին դադարեցնել հեռարձակումը խորհրդարանի անդամների բռնի վարքագծի մասին, սակայն խիզախ լրագրողները, որոնք բոլորը կանայք էին, շարունակեցին հեռարձակել ամօթալի ծեծկռտուքը:
Աւելի քան 100 քաղաքացիական անձինք եւ մի քանի ոստիկաններ հոսպիտալացւեցին: Մէկ ցուցարար կորցրեց ձեռքի երեք մատները լուսաձայնային նռնակի պատճառով: Բացի այդ, Փաշինեանի քննադատ, քաղաքական գիտութիւնների թեկնածու Աբրահամ Գասպարեանը, յատուկ թիրախաւորւեց ոստիկանութեան կողմից: Նրա ձերբակալութիւնից յետոյ տասնեակ ոստիկաններ դաժանօրէն յարձակւեցին նրա վրայ՝ պատճառելով ուղեղի ցնցում, գլխի խոր վէրք, ինչպէս նաեւ կոտրեցին նրա մի քանի կողոսկրերը: Սիրիայից արտագաղթած Գասպարեանը դոցենտ է, հեռուստահաղորդավար եւ Genesis Armenia վերլուծական կենտրոնի հիմնադիր տնօրէնը։ Այս դաժան գործողութիւնները դատապարտել են Amnesty International-ը, «Լեմկինի» ինստիտուտը եւ ԱՄՆ-ի հայ փաստաբանների ասոցիացիան:
Այժմ անդրադառնանք Փաշինեանի անհեթեթ յայտարարութիւններին, որոնք խորհրդարանում հնչեցին աւելի քան հինգ ժամ՝ երկու օրւայ ընթացքում: Նախ, նա յայտարարեց, որ Հայաստանը դուրս կը գայ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւնից (ՀԱՊԿ), բայց ասաց, որ չգիտի, թէ երբ: Դա կարող է լինել «մէկ ամսից, մէկ տարուց կամ երեք տարուց»: Սա այն է, ինչ ես անւանում եմ «վճռական ղեկավար…»։
Այնուհետեւ Փաշինեանը մեղադրեց Բելառուսի (ՀԱՊԿ անդամ) նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ 2020 թւականի պատերազմից առաջ եւ պատերազմի ընթացքում Ադրբեջանին աջակցելու համար: Փաշինեանը յայտարարեց, որ երբեք չի այցելի Բելառուս՝ ո՛չ ինքը, ո՛չ իր պաշտօնեաներից որեւէ մէկը: Իր անընդհատ հակասական յայտարարութիւններին համահունչ, Փաշինեանը շուռ եկաւ եւ ասաց, որ իր որոշումը կը վերանայի միայն այն բանից յետոյ, երբ Բելառուսը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից կամ նախագահ Լուկաշենկօն ներողութեան եւ բացատրութեան այնպիսի խօսքեր ասի, որոնք հայ ժողովրդի համար հասկանալի եւ ընդունելի կը լինեն…
Չնայած Լուկաշենկօն հրեշտակ չէ եւ արժանի է քննադատութեան Ադրբեջանին ցուցաբերած աջակցութեան համար, Փաշինեանը եւս մէկ անգամ ապացուցեց իր ապաշնորհութիւնը՝ թոյլ տալով մի քանի սխալներ.
1) Ինչու՞ է Փաշինեանը յանկարծ արթնացել 2024 թւականին այն փաստից, որ Բելառուսը աջակցել է Ադրբեջանին, երբ դա հանրութեանը յայտնի էր դեռեւս 2020 թւականից առաջ։
2) ՀԱՊԿ-ի ղեկավար Ռուսաստանն Ադրբեջանին շուրջ 5 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա է մատակարարել 2020 թւականի պատերազմի համար։ Ինչո՞ւ Փաշինեանը չի յայտարարում, որ երբեք չի այցելի Ռուսաստան, քանի դեռ Պուտինը նախագահ է։
3) Թէեւ Իսրայելը ՀԱՊԿ անդամ չէ, սակայն ինչո՞ւ Փաշինեանը չի քննադատում այդ երկրին եւ խոստանում որեւէ կապ չունենալ նրա հետ, քանի որ Իսրայէլը Ադրբեջանին մատակարարել է միլիարդաւոր դոլարների առաջադէմ անօդաչու թռչող սարքեր եւ արդիական այլ զինատեսակներ, որոնցով հազարաւոր հայ զինւորներ են վիրաւորւել կամ սպանւել։
4) Մինչ Փաշինեանը հրաժարւում է մեկնել Բելառուս, սակայն նա ուրախութեամբ մեկնեց Անկարա՝ նախագահ Էրդողանի երդմնակալութեան արարողութեանը մասնակցելու համար, սեղմեց նրա ձեռքը ու շնորհաւորեց։ Թուրքիան ոչ միայն մատակարարել է մահաբեր «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր եւ Ադրբեջան տեղափոխել հազարաւոր ջիհադիստ ահաբեկիչներ՝ Արցախի դէմ պայքարելու համար, այլեւ, աւելի կարեւոր՝ ղեկավարել է 2020 թւականի պատերազմը: Արդեօ՞ք Փաշինեանը չպէտք է հրաժարւէր Թուրքիա մեկնելուց՝ Էրդողանին քծնելու եւ չզղջացող ցեղասպան երկրի հետ յարաբերութիւնները կարգաւորելու փոխարէն, որը դեռեւս օգնում է սպանել հայերին:
5) Ինչո՞ւ Փաշինեանը չյայտարարեց, որ դադարեցնում է բոլոր առեւտրային յարաբերութիւնները Բելառուսի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իսրայելի հետ, քանի որ նրանք աջակցում են Ադրբեջանին: Ինչո՞ւ է դա սովորական բիզնես այն երկրների հետ, որոնք զինում են քո թշնամիներին՝ քո քաղաքացիներին սպանելու համար:
Փաշինեանը խորհրդարանի ամբիոնից շարունակեց ամենավիրաւորական եւ չարամիտ ստերն ասել Ամենայն Հայոց կաթողիկոսի, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանեանի, արցախահայերի եւ ընդդիմութեան մասին: Նման վարքագիծը յարիր չէ երկրի վարչապետի համար…
Այնուհետեւ Փաշինեանը խոստովանեց, որ իր ամենամեծ ձախողումն այն էր, որ Արցախը չի տւել Ադրբեջանին, երբ առաջին անգամ եկաւ իշխանութեան։ «Եւ, այո, երէկ ես ընդունեցի, որ իմ ամենամեծ սխալն ու ամենամեծ ձախողումն էր, որ դա չարեցի 2018 թւականին»: Սա այն նոյն մարդն է, որը 2019 թւականին Արցախ այցելելիս յայտարարեց. «Արցախը Հայաստան է, եւ վերջ»։ Իսկ յետոյ, 2023 թւականին շուռ եկաւ եւ ասաց ճիշտ հակառակը՝ «Արցախն Ադրբեջանի մաս է»։ Զարմանալի չէ, որ Փաշինեանի քննադատները կարծում են, որ նրա հետ ինչ-որ բան այն չէ։
Փաշինեանը շարունակելով ասաց, որ Հայաստանը պէտք է «իջեցներ արցախեան կարգավորման նշաձողը»՝ այս հարցում միջազգային կոնսենսուսին համապատասխանելու համար։ Նա մոռացել էր, որ իր գործը Հայաստանի շահերը պաշտպանելն է, այլ ոչ թէ այլ երկրների ցանկութիւններին ենթարկւելը։ Անտրամաբանօրէն նա փորձեց բացատրել, թէ ինչու է սխալ սկսել սակարկել քո ամենաբարձր պահանջից։ Այնուհետեւ նա ասաց, որ յայտնաբերել է 1996 թւականի մի փաստաթուղթ, սակայն պնդեց, որ հազիւ թէ որեւէ մէկը իմանար դրա մասին, քանի որ այն ժամանակ ինտերնետ չկար։ Իրականում ինտերնետը ստեղծւել է 1971 թւականին: Նա կարդացել է ԵԱՀԿ նախագահի քննադատութիւնը Հայաստանի հասցէին, բայց չի կարողացել կարդալ դրա վերաբերեալ Հայաստանի առարկութիւնները: Նա կեղծօրէն պնդեց, թէ «Հայաստանի կղերա-ֆեոդալական էլիտան» խաբել է ժողովրդին, չնայած ինքն է փորձել խաբել հանրութեանը։
Փաշինեանն ու նրա աջակիցները պէտք է իմանան, որ վաղ թէ ուշ նրանք պատասխանատւութեան են ենթարկւելու Հայաստանի օրէնքները բազմիցս խախտելու համար: Նա եւ իր ոստիկանութիւնը պէտք է դատւեն Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի եւ Միջազգային Քրէական դատարանի կողմից: Ադրբեջանի հետ Փաշինեանի ստորագրած բոլոր անօրինական պայմանագրերը յաջորդ ազգային իշխանութիւնը կը համարի անվաւէր եւ չեղեալ կը յայտարարի։
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ