Բագրատ Սրբազան. «Տաւուշի մարզպետի ասածն արտացոլում է պետութեան որակը»
«ԱԼԻՔ» – Բագրատ Սրբազանը մեկնաբանել է Տաւուշի մարզպետ Հայկ Ղալումեանի յայտարարութիւնը, թէ ինչու է հէնց ներկայիս ձեւով սահմանազատում իրականացւում։
Այս մասին ըստ Tert.am-ի՝ Սրբազանը խօսել է մշակութային գործիչների հետ հանդիպմանը։
Նշենք, որ երէկ՝ մայիսի 18-ին Տաւուշի մարզպետ Հայկ Ղալումեանը Կիրանց է այցելել եւ յայտարարել, թէ գիւղի բնակիչների մեղքով է, որ Ալիեւն աւելի շատ տարածքներ է ցանկանում։ Նա ասել է. «Դուք ցոյց էք արել, Բաքուն տեսաւ դուք ստեղ ակտիւ էք, դրա համար Ալիեւը քարտէզը տենց գծեց»։
«Կիրանցի ժողովուրդը 2-3 օր է՝ կրկին տառապանքի մէջ է, որովհետեւ ստախօսութիւն ու խաբեբայութիւն է այս ամբողջ գործընթացը։ Այդ ամէնը հակաօրինական, հակասահմանադրական, ապազգային, անմարդկային է ե՛ւ օրէնքի, ե՛ւ բարոյականութեան դաշտում։ Հայկ Ղալումեանն էլ ասել է՝ եթէ ժողովուրդը չպայքարէր իր իրաւունքների համար, ապա քարտէզն այդպէս չէր լինի։ Դա պետական գործիչն ասել է այն ժողովրդին, որը հերոսաբար, կրակի տակ պահել է իր հողը, առանջագիծը, պետական սահմանը՝ այգիները, դպրոցները, մշակոյթի օջախները, գերեզմանները»,- նշել է Սրբազանը։
Նա մշակութային գործիչներին խնդրել է «Տաւուշը յանուն հայրենիքի» մէկ այլ առաջնորդի՝ Սուրէն Պետրոսեանի հետ մայիսի 19-ին, մի քանի մեքենայով գնալ Կիրանց՝ քաջալերելու այդ բնակիչներին։