Հայաստան - Արցախ

Բագրատ Սրբազան. ««Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման ձեւաչափի փոփոխութիւնը կը կրի աւելի համաժողովրդական բնոյթ»

«ԱԼԻՔ» – «Մենք որոշել ենք փոխել մեր շարժման ձեւաչափը, եւ մի քանի օրւայ ընթացքում հասարակութիւնը կիմանայ մանրամասների մասին։ Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների` «Արարատեան դաշինքի շուրջ» համաժողովի ժամանակ յունիսի 15-ին ասել է շարժման ղեկավար Բագրատ Սրբազանը։

Նա նշել է, որ ձեւաչափի փոփոխութիւնը կը կրի աւելի համաժողովրդական բնոյթ։

Սրբազանը վստահութիւն է յայտնել, որ շարժումը կը հասնի իր նպատակներին, եւ ոչ միայն իշխանափոխութեան մասին։

«Իշխանափոխութիւնը  ընդամէնը միջոցներից մէկն է։ Խօսքը քաղաքակրթականի, արժէքայինի, զարգացման եւ հաշտեցման մասին է։ Դրանք այն հասկացութիւններն են, որոնք հանւել են մեր բառապաշարից։ Ուստի մենք դուրս ենք եկել փողոց։

Արցախը յանձնելով՝ յանձնեցին ոչ միայն հողը, այլեւ պատիւը։ Այժմ ոչ մի սահմանազատում չկայ, այլ կայ հայրենիքի յանձնում։ Դա դարձաւ վերջին կաթիլը, որը մեզ դրդեց դուրս գալ հրապարակ այն ըմբռնմամբ, որ լուծումը գտնւում է Երեւանում, որտեղ նստած է չարիքը»,- աւելացրել է Բագրատ Սրբազանը։

Նրա գնահատմամբ՝ յունիսի 12-ին վերջնականապէս գրանցւեց, որ իշխանութիւններն ու նրանց ներկայիս ղեկավարը պատրաստ են ամէն ինչի։

«Ողջ իրաւապահ համակարգը զբաղւած է այն բանով, որ այդ ամէնն արդարացնի, փոխանակ հայրենիքին ծառայելու։ Յունիսի 12-ը դարձաւ ջրբաժանի օր։ Այդ իրադարձութիւնների ողջ պատասխանատիութիւնն ընկնում է Նիկոլ Փաշինեանի ու նրա թիմի վրայ։ Մենք գտնւում ենք այնպիսի վիճակում, երբ գողացւած է մեր պատիւը, շրջւել են մեր արժէքները»,- նշել է Բագրատ Սրբազանը։

Նրա խօսքով՝ իշխանութիւնների գործողութիւններն ուղղւած են այն բանին, որ ժողովուրդը չկարողանայ արտայայտել իր ինքնութիւնը, որպէսզի իշխանութիւնը ծառայի չարին։

«Իմ ներկայութիւնը հրապարակում եւ փողոցում անհասկանալի էր շատերին, այդ թւում ինձ, եւ ինչ-որ իմաստով անընդունելի։ Բայց այդ որոշումն ուղղւած էր մարդկանց յորդորելուն, որպէսզի ցոյց տրւի, որ փոփոխութիւնները մեր երկրում չափազանց անհրաժեշտ են»,- ասել է նա։

Յունիսի 12-ի հրահանգները տրւել են ԱԺ-ի ներսից

Աւելի ուշ, Բագրատ Սրբազանը ֆէյսբուքեան ուղիղ եթերում անդրադարձել է յունիսի 12-ի դէպքերին`  նշելով, որ յունիսի 12-ը արիւնարբու իշխանութեան դէմքը վերջնականապէս բացայայտեց։

«Միայն շարժման ղեկավարների սթափութեան կոչերն ու գործողութիւններն էին, որ կանխեցին զոհերը։ Այն, ինչ տեսանք, դիտաւորութիւնից ոչ մի բանով չէր տարբերւում։ Մենք համոզւած ենք, որ ամբողջ հրահանգները տրւել են ԱԺ ներսից՝ գլխաւորութեամբ գլխաւոր ստախօսի (Նիկոլ Փաշինեան-ԽՄԲ.), ով արձանագրել է, որ ոստիկանութիւնը գործել է իրաւաչափ կերպով»,- ասել է նա։

Սրբազանը վստահ է, որ ոստիկանութիւնը գործիք է դարձել իշխանութիւնների ձեռքում։

«Ունենք բազմաթիւ վիրաւորներ, ձեռքը կտրւած մարդ։ Ոստիկանները ոչ միայն ծեծել են մարդկանց, այլեւ` նւաստացրել ու անպատւել։ Իրաւապահ համակարգում ընդգրկւած կառոյցները ամենավերջին աստիճանով արդարացնում են այս իշխանութիւնների բիրտ, արիւնարբու նկարագիրը ու կեցւածքը։ Ձեր ուսադիրն աւելին է, քան քմահաճոյքով տրւած հրամանը: Աւելի էք տենչալու արիւն, բայց դուք դրա հաճոյքը չէք ստանալու»,- ասել է Սրբազանը։

Related Articles

Back to top button