ԱտրպատականՀամայնք

Քաջ Վարդանի սրի զոհը

Խմբագրական «Արտազ» պաշտօնական ամսագիր

Աւարայրի ճակատամարտի տօնը երբ ժամանում է օրացուցային թերթիկներով, դրա աշխարհագրական տարածքը հովանաւորող Ատրպատականի հայոց մեր թեմում բոցավառւում է զգացական խարոյկը, բոլորի ուշադրութիւնը հրաւիրելով յաղթանակի վերակերտման գաղափարի շուրջը:

Պատմագրքերում շատ քիչ է թիւը այն ճակատամարտերի, որոնք երկար կեանք են ունեցել, այսինքն դաստիարակչական բնոյթ՝ նոր սերնդի կրթութեան համար: Աւարայրը անցել է բոլոր սահմանները, ներշընչման մաքրամաքուր աղբիւր հանդիսանալով մեր ժողովրդի զաւակների համար:

Հակառակ Փետրւարեան ձիւնածածկ եղանակին, Ատրպատականի հայոց մեր թեմում դեռեւս գոյութիւն ունեն պատմասէր անձինք, որոնք Վարդանանց ճակատամարտի թւին քաղաքից ճանապարհւում են դէպի Աւարայրի դաշտը, շնչելու համար այն օդը, որը մեր 1036 վկաների շնչով է օծւել, ինչպէս նաեւ այն հողը, որը նւիրականացել է նրանց նահատակութեան սուրբ արիւնով:

Սոյն տարածքում ներկայ գտնւողները մտային յետադարձով մխրճւում են պատմութեան խորքը, հինգերորդ դարի սահմաններ մուտք գործելով, երբ չկային մեր դարի զէնքերն ու օդային ու ծովային հարւածների միջոցները: Սրերի ճօճումը, վահաններին քսւող դրանց սարսափելի ձայները, ռազմադաշտը վերածում էին արեան բաղանիքի, իսկ քաջերի պահւածքը՝ անկասկած ծանուցւում էր իբրեւ հերոսական քայլ:

Պարսկական բանակի այդ օրերի հզօրութիւնը, փղերի կենտրոնական զօրաբաժնով, որը պաշտպանում էր նրանց զօրավարի շրջապատը, այսօր փոխարինւել է այնպիսի զէնքերով, որոնց հրատարակւած անունները սարսափեցնում են ընթերցողներին, եւ աշխարհաքաղաքական կեղտոտ խաղերի զոհ են դարձնում իրենց հայրենիքի պաշտպանութեան համար ուխտեալ զինւորներին, խոցելով նաեւ նրանց մայրերի անաղարտ սրտերը:

Քաջ Վարդանի ու նրա հրահանգին ենթարկւող բանակի սրերը ուղղւել էին թշնամու ուղղութեամբ, բացի Վասակ Արծրունու զօրագնդից, որը դաւաճանեց հայոց բանակին, Աւարայրի ճակատամարտում, հայոց պարտութեան հիմնական պատճառը լինելով, ըստ օրւայ պատմիչ՝ Եղիշէի:

Նորօրեայ մեր պատմութեան սուրը ո՞ւմ ձեռքում է արդեօք այսօր…: Վարդանն ու Վասակը այսքան դարեր յետոյ ունեն իրենց կրկնօրինակները: Իզուր չէ, որ մեր հայրերը տօնական յիշատակութեան են արժանացրել Աւարայրում մեր բանակի կրած նոյնիսկ ողբերգական, ու ցաւալի պարտութիւնը: Նրանք մեզանից աւելի մանրամասնօրէն են ուսումնասիրել ազգային հոսանքների եւ ալիքների ուղղութիւնները, ներքին ճակատի հակասութիւնների վրայ հիմնւած հակառակութիւններն ու եղբայրական թշնամանքի տեսակները:

Ազգակործան եւ հայրենակործան որոշումների ներկայ բոլոր դրսեւորումները, Աւարայրեան անհասկացողութիւնների եւ ինքնատելութեան կրկնօրինակումն են:

Այո՛, մեր պատմութիւնը կրկնւում է: Վարդանն ու Վասակը իրենց հետեւակ զօրքերով ռազմադաշտում են, սակայն միայն համազգային ճակատների ընդհարումներով…: Պարսիկն ու թուրքը չկան մեր դիմաց, բայց մենք «գոհ» ենք, որ մեր ռազմական «վարժութիւնը» չենք կորցնում, իրար սպանելու վճռական փորձեր կատարելով…: Նման ռազմական «փորձերը», միայն թշնամուն ծիծաղ են պատճառում, որը հեռուստացոյցի վրայ ըմբշամարտիկների հրմշտուքը դիտելու նման մի պահ է:

Աւարայրի դաշտում մեր նահատակներից ներշնչւած, միասնականութեան խոր ցանկութեամբ լցւած սրտով վերադարձանք առաջնորդական աթոռանիստ քաղաքը՝ Թաւրիզ, հայրենասիրական եւ եղբայրասիրական ոգով տոգորւած սրտով, եւ ազգային պայծառ օրերի երազանքով:

Related Articles

Back to top button