ԹեհրանՀամայնք

Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Գրական-գեղարւեստական միաւորի նախաձեռնութեամբ՝ նշւեց Վարդանանց տօնը

Սրբոց Վարդանանց տօնին նւիրւած միջոցառումների շարանում, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Գրական-գեղարւեստական միաւորի նախաձեռնութեամբ՝ ուրբաթ՝ փետրւարի 28-ին երեկոյեան ժամը 19:00-ին միութեան «Յովհ. Թումանեան» սրահում տեղի ունեցաւ բանախօսական-գեղարւեստական բովանդակալից միջոցառում:

Ծրագրի սկզբում մեներգով եւ դաշնամուրային կատարումով հանդէս եկաւ Օֆիկ Մատթէոսեանը կատարելով Կոմիտասի «Տէր ողորմեա»-ն:

Ապա միութեան Գրական-գեղարւեստական միաւորի անդամ Լորեթա Ղեւոնդեանը Վարդանանքի եւ հայ աշխարհի մերօրեայ իրադարձութիւնների միջեւ զուգահեռներ անցկացնելով, սպառիչ կերպով ներկայացրեց օրւայ խորհուրդը: «Ազգերի եւ ժողովուրդների պատմութեան ընթացքում ծնւել են անձինք, որոնք ապրել եւ գործել են ճիշտ ժամանակին եւ վայրում՝ վճռորոշ դեր ունենալով տւեալ դարաշրջանի պատմութեան իրադարձութիւններում: Վարդանանց պատերազմի խորհուրդը ունի առանձնայատուկ դեր մեր ժողովրդի գոյութեան փաստում»,- ընդգծեց նա:

Համապարփակ գծերով նա անդրադարձաւ Վարդանանց պատերազմի պատմական տւեալներին եւ ասաց. «Վարդանանց պատերազմի ամբողջ գաղափարախօսութիւնը հետեւեալն է, որ Հայ մարտիկներն ինքնակամ եւ գիտակցաբար գնում են մահւան, քանի որ գնում են պաշտպանելու հայրենի երկիրն ու հայրենեաց հաւատը եւ այդպիսով՝ անմահանալու:

Իսկ Վարդանը հայ ժողովրդի ամենամեծ սրբութիւնն է, նրա խիղճն է ու պատիւը: Հայկեան ոգու ցասումը, հետագայ դարերում՝ ընդհուպ մինչեւ մերօրեայ արցախեան հերոսամարտը, մէկ անգամ եւս փաստեցին, որ Վարդանանց ոգին անմար է:

Արցախի եւ Սիւնիքի ազատագրական շարժումները՝ ընդդէմ տիրակալների եւ թուրքական նւաճողների, կապւած են Դաւիթ Բէկի, Մխիթար Սպարապետի եւ այլ քաջարի ղեկավարների անունների հետ: 18-րդ դարի սկզբին Արեւելեան Հայաստանում Իսրայէլ Օրին գործողութեան մէջ դրեց Հայաստանը ազատագրելու ծրագիրը: Հայաստանի ազատագրութեան գաղափարի շուրջ միաւորւել էին հայ ժողովրդի բոլոր հատւածնրը թէ՛ հայրենիքում, եւ թէ՛ գաղթօջախներում»: Անդրադառնալով հայրենի աշխարհի ներկայ կարգավիճակին, բանախօսը նշեց. «Առանց Արցախի՝ Հայաստանը գրեթէ ամբողջութեամբ կորցրել է պետութեան իրական գործնականութիւնն ու ինքնիշխանութիւն հաղորդող տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական նշանակութիւնը, քանի որ Հայաստանի Երրորդ Հանրապետութիւնն իր նախաստեղծ հիմքով այլեւս չկայ. Քանի որ չկայ Արցախը»:

Բանախօսի ելոյթից յետոյ միութեան «Գեղարդ» թատերախմբի սաները՝ Անի Յովհաննիսեանը, Վեդի Աւանէսեանը եւ Արթին Մովսիսեանը ներկայացրեցին ռադիօբեմադրութիւն: «Գեղարդ» թատերախմբի բեմադրիչն է Անի Զաքարեանը եւ ղեկավար Լորետա Ղեւոնդեանը: Ռադիօբեմադրութիւնը կարեւորեց՝ Վարդանանքի հոգու սերմանումը նոր սերնդի մօտ, որը իր կարեւոր եւ անժխտելի դերն ունի հայ ժողովրդի գոյապայքարի առումով:

Ընթացքում Օֆիկ Մատթէոսեան, Ֆրէդ Մաւաթեան, Նայիրի Յովսէփեան եւ Նորիկ Աբրահամեան քառեակը կատարեցին «Քաջ Վարդան» մարտական երգը:

Երգերի կատարմամբ ելոյթ ունեցաւ միութեան «Ուրարտու» երգչախումբը, խմբավարութեամբ՝ Ժոզէֆ Տէր-Գալստանեանին կատարելով երեք երգեր:

Ծրագրի աւարտին բեմ հրաւիրւեց միութեան գրական խմբի պատասխանատու Տանիա Վարդանեանը, եւ իր խօսքի ընթացքում շնորհակալութիւն յայտնեց Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Կենտրոնական վարչութեանը: Նա Գրական-գեղարւեստական միաւորի անունից գնահատանքով արտայայտւեց միջոցառմանը իրենց դերակատարութեամբ հանդէս եկած բոլոր մասնակիցներին, եւ մատնանշեց. «Ամենօրեայ մեր կեանքում մենք կրում ենք Վարդանանքի սրբազան գաղափարախօսութիւնը «իմացեալ՝ մահը անմահութիւն է», վկան մեր վերիվայրումներով լի պատմութիւնը, խօսուն վկան՝ հայրենի աշխարհի մերօրեայ ցաւալի իրականութիւնները: Մեր պարտքն է Վարդանանց անմոռանալի սխրագործութիւնները սրբագոյն ձեւով փոխանցել մեր մատաղ սերնդին առ ի աւանդ: Դարեր են անցել, սակայն մեր հոգիներում ծւարել է հայ ժողովրդի գոյատեւման եւ հզօրացման ուղղութեամբ յղւած պատգամը»:

Յատկանշական է, որ ծրագրի բեմայարդարումը իրականացրել էր միութեան վարչութեան նախագահ Վազրիկ Յակոբեանը:

Միջոցառմանը ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի անդամ՝ Հայրիկ Աղանեանը, միութեան վարչութեան անդամները, միութիւնների ներկայացուցիչներ եւ մեծ թւով հայրենակիցներ:

Հանդիսութեան աւարտին կազմակերպւել էր ընդունելութիւն:

Թղթակից Ա.

Related Articles

Back to top button