
Երեքշաբթի՝ փետրւարի 25-ին տօնն էր Սրբոց Ղեւոնդեանց քահանայից։ Հոգեւոր հայրեր, որ Աւարայրի մեծ ճակատամարտին՝ 451 թւականին, Ղեւոնդ երէցի առաջնորդութեամբ արիացեալ ոգով՝ զինավառեցին վասն հաւատքի եւ վասն հայրենեաց մարմնաւոր բանսարկուի դէմ դուրս եկած զօրավարներին։
Այդ առիթով հովանաւորութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի Ս. Մինաս եկեղեցում մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Կրօնական արարողութեան նախագահեց, պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Թեմակալ Առաջնորդի օգնական՝ Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը: Արարողութեանը ներկայ էին, թեմի քահանայ հայրերը, որոնցից ոմանք խոնարհաբար սպասարկում էին Սուրբ եւ Անմահ Պատարագին:
Հայր Սուրբն իր քարոզի սկզբին, ակնարկ նետելով Ղուկասի աւետարանից քաղւած «Մի՛ վախենաք նրանցից, ովքեր մարմինն են սպանում եւ ապա ուրիշ բան անել չեն կարող» (Ղկ 12. 4) աւետարանական հատւածին նշեց.-«Մեր բոլորի Տէրն ու Փրկիչը՝ Յիսուս Քրիստոս յայտնում է թէ մարդ արարածը ումի՞ց պէտք է վախենայ: Նա յորդորում է չվախենալ նրանցից, ովքեր միայն կարող են մեր մարմինը սպանել, սակայն ձեռնհասութիւն չունեն մեր հոգին սպանելու: Ապա ասում է, թէ մարդ արարածը միայն ու միայն Աստծուց պէտք է վախենայ, որովհետեւ Աստւած միայն ի՛նքն է կարող մեր հոգին սպանել, այլ խօսքով՝ մեզ դժոխք գցել»: Նա շարունակեց. «Երբ Քրիստոս ասում է Աստծուց վախեցէք, նա չի խօսում Աստծուց սարսափելու, նրանից դողալու եւ նրա առջեւից փախնելու մասին, այլ խօսում է Աստծու նկատմամբ երկիւղ եւ յարգանք ունենալու մասին: Աստծուց վախենալ նշանակում է երկիւղ եւ յարգանք ունենալ նրա իւրաքանչիւր խօսքի, պատւիրանի, օրէնքի եւ ուսուցումի նկատմամբ եւ նրանք իրագործել մեր առօրեայ կեանքում»:
Հայր Սուրբը յաւելեց. «Այս խօսքերով եւ այս ոգիով էին սնւել Ղեւոնդեանց քահանաները: Նրանք չվախեցան մարդկանցից: Չվախեցան նրանցից, որոնք կարող էին իրենց մարմինները սպանել, բայց երբեք իշխանութիւնը, ձեռնհասութիւնը եւ կարողութիւնը չունէին նրանց հոգիները սպանելու: Ղեւոնդեանց քահանաները վախեցան միայն Աստծուց եւ այդ իսկ պատճառով պատրաստ դարձան իրենց կեանքը նւիրելու Աստծու հաւատի եւ սրբազան հայրենիքի համար: Ղեւոնդեանց քահանաների կեանքում երկու հիմնական եւ կարեւոր կէտեր կան, որոնք ցոյց են տալիս հայ հոգեւորականի ճշմարիտ պատկերը: Առաջինը Աստւածասիրութիւնն է, իսկ երկրորդը՝ ազգասիրութիւնը եւ հայրենասիրութիւնը: Հայ եկեղեցին աշխարհով մէկ ճանաչւել է իբրեւ ազգային եկեղեցի: Մեզ համար կարելի չէ ազգը եւ եկեղեցին իրարից բաժանել եւ անջատել: Այս իրականութեան ամէնից ցայտուն փաստը մենք տեսնում ենք Ս. Ղեւոնդ երէցի մէջ, նա պատերազմի դաշտում իր մի ձեռին խաչն էր բռնել, իսկ միւս ձեռին՝ սուրը»:
Հայր Սուրբը յայտնեց, որ Թեհրանի հայոց թեմում, Սրբոց Ղեւոնդեանց քահանաների տօնը սահմանւել է իբրեւ թեմում ծառայող քահանաների տօն: Այս առիթով, Նա շնորհաւորեց Թեհրանի հայոց թեմի մեր բոլոր քահանաներին, աղօթելով որ նրանք միշտ լինեն առողջ, կայտառ, ծառայասէր եւ յաջողակ: Հայր Սուրբը մաղթեց, որ մեր բոլոր քահանաները իրենց կեանքում միշտ Ս. Ղեւոնդ Երէցի նկարագիրը պահեն, լինեն եկեղեցասէր եւ հայրենասէր, աստւածասէր եւ ազգասէր եւ Ղեւոնդեանց քահանաների հաւատքով շարունակեն իրենց առաքելութիւնը։
Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան կարգ հանգուցեալ քահանաների հոգիների հանգստեան համար։
Արարողութեանը ներկայ էին Թեմական խորհրդի ներկայացուցիչներ՝ պրնյք. Հայրիկ Աղանեանը եւ Արթին Շահբազեանը, ազգային մարմինների եւ եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները ու նկատառելի թւով հաւատացեալներ:
Կէսօրին ի պատիւ քահանայ հայրերին Ս. Մինաս եկեղեցու Եկեղեցական խորհուրդը հիւրասիրութիւն էր կազմակերպել «Արարատ» մարզաւանի «Տնակ» ճաշարանում:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապ