Մենք միասին զինւորներն ենք մեր եռագոյնի
«ԱԼԻՔ» – Իրանահայ ազգային–հասարակական գործիչ, «Ալիք» օրաթերթի խմբագրութեան նախկին աշխատակից Սոնիկ Բաղումեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի եւ «Սրբազան շարժման» գործունէութեանը.
«Հետեւում եմ արդէն համարեայ 1 ամիս «Տաւուշն յանուն հայրենիքի» եւ, այնուհետեւ «Սրբազան շարժման» մասնակիցների պայքարի իւրաքանչիւր օրւայ իրադարձութիւններին։
Անցեալ օրը ներքին գործերի, երէկ կառավարութեան, այսօր արդէն Արտաքին գործերի նախարարութեան շէնքի մօտ շարժման մասնակիցների դէմքերին, նայում էի Բագրատ Սրբազանին՝ արդէն 50 անց տղամարդ, Գառնիկին, Սուրէնին, զոհւած հերոսների ծնողներին, մեծահասակ կանանց, տղամարդկանց, ու նայում մեզ՝ որ ճիշտ է որովհետեւ ֆիզիկապէս հեռու ենք հայրենիքից, այդ պատճառով մասնակից չենք բուն շարժման եւ նրա գործողութիւններին, սակայն ամէն պարագայում հանգիստ նստած ենք մեր տներում, մեր առօրեան ենք ապրում, եւ ճիշտ է հոգու խորքում եռ եւ եփում ենք, մտքով ու սրտով քայլում ու յուզւում ենք շարժման հետ, խելագարւում ենք մեր հայրենիքը դէպի կործանում տանող իշխանութիւնների ստորութիւններից, սակայն ընդունենք ուղղակի մեր մաշկի վրայ չենք զգում ժամեր քայլելու հետեւանքով մեր քոյրերի ու եղբայրների, մեր գաղափարի ընկերների ոտքերի այտուցւածութիւնը, կոկորդների չորութիւնն ու ծարաւը, անտանելի շոգը, յոգնածութիւնը, եւ դեռ մի բան աւելին՝ բորենի ոստիկանների բռնութիւնների հետեւանքով մարմնական վնասւածքները (այսօր շարժման տասնեակ մասնակիցներ վնասւածքներ են կրել, դրանցից մէկի վիճակը ծանր է)։
Ճիշտն ասած, այսօր շատ մեղքս եկան անձամբ Բագրատ Սրբազանն ու իր ընկերները, տքնաջան աշխատող լրագրողները, ամաչեցի որ այնտեղ չեմ։ Աւելի ուշ երբ Սրբազանն ու շարժման աջակիցներն սկսեցին շարժւել դէպի Ս. Աննա եկեղեցի, էնպիսի խրոխտ էր եւ ամուր նրանց քայլքը, այնպէս անվարան ու հզօր էր նրանց դէմքերը, որ սկսեցի ինքս ինձ խղճալ։
Համոզւեցի որ այդ «ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԶԻՆՒՈՐՆԵՐՆ ԵՆՔ ՄԵՐ ԵՌԱԳՈՅՆԻ»-ն է այդ բոլոր ֆիզիքական ցաւերի եւ վնասւածքների սպեղանին ու դարմանը, իսկ երբ յաղթանակը լինի, այս բոլոր կը դառնան ե՛ւ դառը, ե՛ւ քաղցր յուշեր եւ, այնուհետեւ բոլորս ՄԻԱՍԻՆ կապրենք մարդավայել եւ հային վայել բնականոն կեանքով՝ ծանր փորձառութիւնների հսկայ բեռը մեր ուսերին, կորցրածը ետ բերելու, աւելի զարգանալու տքնաջան աշխատանքը մեր առջեւում»,- գրել է նա։