Monument Watch. ԻՒՆԵՍԿՕ-ն ոչ մի կերպ չի արձագանգել Արցախում ոչնչացւած 3 եկեղեցիների, պատմական 7 գերեզմանոցների աւերմանը
Monument Watch-ը ահազանգում է.
Սկսած 2021 թւականից պաշտօնական Ադրբեջանն առաջ է մղում այսպէս կոչւած «Արեւմտեան Ադրբեջանի» գաղափարը, որի տակ ադրբեջանական քարոզչամեքենան հասկանում է ներկայիս ՀՀ տարածքը: Այս կերպ Ադրբեջանն առանց թաքցնելու անուղղակի եւ շատ դէպքերում նաեւ ուղղակի կերպով սկսում է տարածքային նկրտումներ ցուցաբերել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ՝ կեղծ պատմական, ժողովրդագրական «փաստարկներ» մէջբերելով, աղաւաղելով պատմական եւ արխիւային տվյալները:
2022 թւականին գրանցւեց այսպէս կոչւած «Արեւմտեան Ադրբեջանի համայնքը», որը «Ադրբեջանի փախստականների միութիւն» ՀԿ-ի 2022 թւականի օգոստոսին վերափոխւած անունն է։ Ադրբեջանն այս հասարակական կազմակերպութեանը տւեց պաշտօնական դիրք, համայնքի գրասենեակ այցելեց Իլհամ Ալիեւը, իսկ մայիսի մէկին Բաքւում բացւեց «Արեւմտեան Ադրբեջան» պետական հեռուստատեսութիւնը:
Ադրբեջանական քարոզչամեքենայի թիրախում առաջին հերթին յայտնւել են Երեւան քաղաքը եւ Երեւանի մզկիթները: Հիմնական թէզն այն է, թէ հայկական կողմը միտումնավոր կերպով ոչնչացրել է քաղաքի իսլամական մշակութային ժառանգութիւնը, քանի որ այն ադրբեջանական է: Այս թեմայի շուրջ վերջին տարիներին նկարահանւել են նաեւ բազմաթիւ հաղորդումներ, տեսանիւթեր:
Այս առնչութեամբ հարկ ենք համարում նշել, որ Երեւան քաղաքում գտնւող մզկիթների մասին կան բազմաթիւ հրատարակութիւններ սկսած դեռ 19-րդ դարից: Դրանք նկարագրել են այդ թւում եւ հայ հետազօտողները, ճանապարհորդները՝ արժեւորելով դրանց ճարտարապետութեան ու յարդարանքի առանձնայատկութիւնները: Այս թեման չի շրջանցել նաեւ 20-րդ դարի հայ ակադեմիական միտքը: Երեւանին նւիրւած աշխատանքներում, բնականաբար, ներկայացւած են քաղաքի մզկիթները եւ իսլամական կառոյցները (տե՛ս, օրինակ, Շահազիզ 2003, 165-166, Յակոբեան 1971, 366):
Երեւանի իսլամական յուշարձանների զգալի մասը կառուցւել է 17-19-րդ դարերում, երբ քաղաքը, ինչպէս եւ ամբողջ Արեւելեան Հայաստանը գտնւում էին պարսկական տիրապետութեան տակ, իսկ Երեւան քաղաքը պարսկական խանութեան կենտրոն էր: Երեւանի իսլամական բնակչութիւնը բազմազգ էր: Այստեղ բնակւում էին պարսիկներ, թուրքական տարբեր ցեղերի ներկայացուցիչներ, ովքեր 19-րդ դարի փաստաթղթերում նշւում էին որպէս թաթարներ: Երեւանի մզկիթները պարսկական 17-19-րդ դարերի կրօնական ճարտարապետութեան օրինակներ են, ուստի խօսել դրանց ադրբեջանական ճարտարապետութեան մասին ինքնին արդէն անհեթեթութիւն է:
Երբ Երեւանը եւ ամբողջ Արեւելեան Հայաստանը միացւեցին ռուսական կայսրութեանը, այդ ժամանակ յայտնւեցին Երեւանի մզկիթների, դրանց ֆիզիկական վիճակի մասին առաջին նկարագրութիւնները, որոնք բոլորն էլ հրատարակւած են: Կարող ենք փաստել, որ Երեւանի առաւել մեծ թւով միաժամանակ գոյութիւն ունեցած մզկիթների մասին վկայութիւնները վերաբերում են 19-րդ դարի երկրորդ կէսին եւ 20-րդ դարի սկզբին: 19-րդ դարում Երեւանում յիշատակւել են գործող 6, որոշ տւեալներով 7 մզկիթ (Պետրոսեան 2018, 179): Հարկ ենք համարում նշել, որ համաձայն 19-րդ դարի արխիւային տւեալների եւ նկարագրութիւնների՝ մզկիթների մի մասը չէր գործում, կային նաեւ վթարային վիճակում գտնւողները, ինչը պայմանաւորւած էր ռուս-պարսկական պատերազմով եւ ռուսական իշխանութիւնների կողմից արւած վերակառուցումներով: Սրա հետեւանքով վթարային էին Երեւանի բերդի տարածքում գտնւող մզկիթները: Իսկ Երեւանի բերդը պատկանում էր ռուսական զինւորական իշխանութիւններին (Պետրոսեան 2018, 177-179, 196-197):
Ադրբեջանական քարոզչամեքենան առաջ է տանում այն թէզը, որ Երեւանի մզկիթների մեծ մասը խորհրդային տարիներին իբր միտումնաւոր կերպով քանդւել են հայերի կողմից՝ Երեւանը «հայկականացնելու» նպատակով: Ցաւօք, ադրբեջանական կողմից ծայրայեղ քաղաքականացւած եւ քարոզչական շեշտադրումներով առաջ շարժւող պատմական միտքը միակողմանի կերպով է մեկնաբանում Երեւանի մզկիթների հարցը:
Պէտք է նշել, որ 1930-1940-ական թւականներին Երեւանի մզկիթներից շատերը քանդւեցին խորհրդային աթեիստական քաղաքականութեան հետեւանքով: Այդ նոյն տարիներին քանդւեցին նաեւ Երեւանի պատմական եկեղեցիների մեծ մասը՝ Պօղոս-Պետրոս եկեղեցին, Կաթողիկէ սուրբ Աստւածածինը, Հին Նորք թաղամասի Սուրբ Սիմէոն Ծերունու եւ Սուրբ Աստւածածին եկեղեցիները, Գեթսեմանի մատուռը, 20-րդ դարասկզբին կառուցւած եւ որպէս Երեւանի գլխաւոր տաճար հանդիսացող Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին, Երեւանի կենտրոնում գտնւող ռուսական Նիկոլայեւեան սուրբ Աննայի եկեղեցին, Մլերի գերեզմանատան եկեղեցին, պատմական Կոզեռն գերեզմանատան եկեղեցին եւ այլն: Ինչո՞ւ ադրբեջանական կողմը չի խօսում սրա մասին: Ստացւում է, «Երեւանը հայկականացնելու մոլուցքով տարւած հայերը» տարօրինակաբար քանդեցին քաղաքի հին եւ պատմական եկեղեցիները, գերեզմանատները, մատուռները, խաչքարերը:
Երեւանում ադրբեջանական քարոզչամեքենայի թիրախում ի մասնաւորի վերջերս յայտնւել է Երեւանի պատմական Կոնդ թաղամասը եւ այնտեղ գտնւող մզկիթը: Երկուսն էլ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից յայտարարւել են ադրբեջանական: Վերջին տարիներին Երեւանի «ադրբեջանականացման» հարցերով զբաղւում է պատմաբան, հնագէտ Սաբուհի Հոսէյնովը, ով պարբերաբար իր ֆէյսբուքեան էջում եւ հեռուստատեսութեամբ հանդէս է գալիս Երեւանի անցեալի մասին իր դատողութիւններով եւ եղած փաստերը, արխիւային նիւթերը միակողմանի ներկայացնելով: Վերջինիս թիրախում յատկապէս Կոնդն է:
Կոնդի մզկիթը գտնւում է համանուն թաղամասի կենտրոնում: Մզկիթի կառուցման մասին, ցաւօք, ստոյգ տւեալները բացակայում են, այն ամենայն հաւանականութեամբ, կառուցւել է 18-րդ դարերում (Պետրոսեան 2018, 193): Մզկիթը ներկայումս պահպանւել է մասնակի, ինչը 1980-ական թւականներին փլուզման հետեւանքն է: Շինութիւնը վթարային էր եւ մասնակի փլուզումը կատարւել է 1988 թւականի Սպիտակի երկրաշարժի հետեւանքով (թէեւ որոշ բնակիչներ նշում են, որ փլուզումը եղել է դեռեւս 1987 թւականին): Մզկիթի մասին յիշատակումները շատ քիչ են: Մզկիթի հին ոչ մի լուսանկարում չի երեւում նրա մինարեթը: Կենտրոնում այն ունեցել է գունաւոր ջնարակապատ հախճասալերով պատւած գմբէթ (նկ. 1): Ներկայումս մզկիթի ներսում կան բնակւող ընտանիքներ: Վերջիններիս նախնիները 1915 թւականին Երեւանում ապաստանած գաղթականներ էին, ովքեր Երեւանում բնակւել են արդէն այդ տարիներին լքւած մզկիթում (համաձայն բնակիչների բանաւոր ինֆորմացիայի):
Ադրբեջանական քարոզչամեքենան սկսած 2021 թւականից սկսեց խօսել այսպէս կոչւած «Արեւմտեան Ադրբեջանի» մշակութային ժառանգութեան մասին: Միեւնոյն ժամանակ, «Արեւմտեան Ադրբեջան» կոչւող համայնքն սկսեց տարածել ՀՀ-ում գտնւող եւ իբր յատուկ հայերի կողմից ոչնչացւած իսլամական մշակութային ժառանգութեան մասին թէզը՝ չբերելով որեւիցէ հիմնաւորում ու փաստեր: Այս հասարակական կազմակերպութիւնը նաեւ սկսեց պարբերաբար նամակներ ուղարկել միջազգային կառոյցներ՝ ՀՀ տարածքում «ադրբեջանական» յուշարձանների մշտադիտարկման պահանջով: Վերջին նմանատիպ դիմումներից մէկը՝ Ադրբեջանական հասարակական կազմակերպութիւնների բաց նամակը ուղարկւեց ԻՒՆԵՍԿՕ-ի գլխաւոր տնօրէն Օդրի Ազուլային՝ 2024 թվականի մայիսի 7-ին։
Նամակում, ի մասնաւորի նշւած է, որ «Մենք Ադրբեջանի քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչներս» կոչ ենք անում ԻՒՆԵԿՕ-ին միջոցներ ձեռնարկել ՀՀ-ում ադրբեջանական ժողովրդի նիւթական եւ մշակութային ժառանգութեան ոչնչացումը դադարեցնելու համար»։ Նամակում նշւած է, որ իբրեւ թէ Հայաստանում պատմականօրէն ապրել են ադրբեջանցիներ, եւ ոչնչացման քաղաքականութիւն է իրականացւել ադրբեջանցիներին պատկանող ողջ ժառանգութեան նկատմամբ։ Այսօր այստեղ 1870 թւականին գրանցւած 269 մզկիթներից պահպանւել է միայն 1-ը, աւերւել են հարիւրաւոր ադրբեջանական գերեզմաններ։
Նամակի շարունակական ընթերցմամբ տեղեկանում ենք, թէ իբր Կոնդը (ադրբեջանական անւանմամբ՝ «Էրիւանի Թեփեբաշի» թաղամասը) ժամանակին ադրբեջանցիներով բնակեցւած քաղաք է եղել, որի պատմական անունը փոխւել է Կոնդի:
Նամակում կոչ է արւում ԻՒՆԵՍԿՕ-ին իր պաշտպանութեան տակ վերցնել «Թեփեբաշը թաղամասը՝ որպէս Համաշխարհային մշակութային ժառանգութեան եզակի օրինակ»։ Նամակը եզրափակւում է այն մտքով, որ ԻՒՆԵՍԿՕ-ն պէտք է փաստահաւաք առաքելութիւն ուղարկի ՀՀ եւ անյապաղ քայլեր ձեռնարկի ադրբեջանական նամակում նշւած Թեփեբաշի, իրականում Կոնդ թաղամասի վերաբերեալ։
Մեր արձագանգը
2020 թւականի պատերազմի առաջին օրերից սկսած պատերազմի եւ բռնազաւթւած տարածքներում մշակութային ժառանգութեան ԻՒՆԵՍԿՕ-ի բազմաթիւ նորմերի խախտումներում, զինւած բախումների դէպքում Հաագայի եւ Ժնեւի կոնւենցիաների կոպիտ խախտումներով Ադրբեջանը բազմակի հարւածներ է հասցրել Արցախի հայկական ժառանգութեանը։ Ոչնչացումից զատ՝ խախտելով ԻՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունւած 1994 թւականի Նարայի իսկութեան վերաբերեալ փաստաթուղթը՝ աղւանացրել, հայկական իսկութիւնից զրկել եւ խեղաթիւրել է հայկական հոգեւեր արժէքները։ Ոչնչացրել է 2010 թւականից ԻՒՆԵՍԿՕ-ի կողմից համաշխարհային ժառանգութիւն համարւող խաչքարային արւեստի բացառիկ նմուշներ, հարւած հասցնելով ոչ միայն Արցախին, այլեւ ողջ մարդկութեանը։
ԻՒՆԵՍԿՕ-ն ոչ մի կերպ չի արձագանգել Արցախում իսպառ ոչնչացւած 3 եկեղեցիների, այդ թւում Շուշիի Կանաչ Ժամ Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցու հիմնայատակ աւերմանը։ ԻՒՆԵՍԿՕ-ն չի արձագանգել նաեւ փաստագրված եւ արձանագրւած պատմական 7 գերեզմանոցների աւերմանը։
ԻՒՆԵՍԿՕ-ի առաքելութիւնը անյապաղ պէտք է իրականացնել Արցախում՝ կանխելու ներկայում շարունակւող մշակութային ցեղասպանութիւնը։