«Բաքւի լաբբիի թիրախում՝ Իրան-Հայաստան սահմանի կենսական շահերն են»
«Ազարիհա»-ն անդրադարձել է Հայաստանի մաքսակէտում իրանցի վարորդին ծեծի ենթարկելու մասին լրատւութեանը
«ԱԼԻՔ» – Վերջերս «իրանցի վարորդին ծեծի ենթարկելու մասին» վերնագրով լուր էր հրապարակւել իրանական լրատւամիջոցներից մէկի կողմից, ինչն արագօրէն արտացոլւել է Բաքւի ԶԼՄ-ներում:
Նոյն կապակցութեամբ Կապանում ԻԻՀ գլխաւոր հիւպատոսը նշել է, որ հաշւի առնելով այս սահմանի կարեւորութիւնն անձամբ է ժամանել Մեղրիի մաքսակէտ: «Տնօրէնի (հայկական կողմի) հետ այցելել ենք դէպքի վայր եւ զրուցել՝ ականատես վարորդների հետ: Խօսել ենք նաեւ Հայաստանի ոստիկանութեան տեղական պաշտօնեաների հետ եւ արձանագրել մեր բողոքը։ Արդէն ձերբակալւած է վարորդին ծեծի ենթարկած անձը եւ իրականացւում է հարցաքննութիւն»,- յաւելել է պրն. Աբեդինը:
Իրանական լրատւական եւ վերլուծական կայքերից՝ «Ազարիհա»-ն իր վերջին հրապարակումներից մէկում անդրադարձել է ծեծկռտուքի մասին տարածւած լրատւութեանը՝ միաժամանակ յիշեցնելով, որ Իրանի քաղաքացիների, յատկապէս թաւրիզցիների նկատմամբ անիմաստ գործ յարուցող ու նրանց դէմ փողոցային ծեծկռտուք սարքող Բաքւին, ինչո՞ւ է միանգամից անհանգստացրել Հայաստանի սահմանին ազերի վարորդի հետ կատարւածը:
Կայքի համաձայն՝ առօրեայի բնոյթ կրող մաքսայինում տեղի ունեցող պարզ վէճերի մասին (Իրանի հիւպատոսի հաւաստմամաբ վիճաբանութեան միւս կողմը հետապնդւել է ՀՀ Ոստիկանութեան կողմից) նման ռեժիմով լրատւութիւն անելը յատուկ նշանակութիւն կարող է ունենալ, յատկապէս, «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերեալ Փեզեշքիանի անկեղծ յայտարարութիւնների, կամ Թեհրանում Բաքւի դեսպանատան վերաբացման մասին իրարամերժ լուրերից յետոյ:
Նշենք, որ սոցիալական ցանցերում հրապարակւած լուսանկարների համաձայն՝ իրանցի վարորդներից մէկը Հայաստանի սահմանային կայանատեղից բեռնատարների ելքի անկանոնութեան դէմ բողոքելով ծեծի է ենթարկւել հայ վարորդների ու որոշ մաքսային աշխատակիցների կողմից։
Կայքը յաւելել է, որ նշւած լրատւամիջոցի կողմից դէպքի մասին լրատւութեան յաջորդ տողում Թեհրանում Բաքւի դեսպանատան այսպէս կոչւած վերաբացման մասին յիշեցնելը այլ բանի մասին էլ է ակնարկում։
Աղբիւրը նշել է, որ նոյն լրատւամիջոց կոչւողները վերջին մէկ տարում ոչ մի լուր չեն հրապարակել Բաքւի հանրապետութիւնում լրտեսութեան կեղծ մեղադրանքով շուրջ տասը անմեղ իրանցիների ձերբակալութեան եւ երկարաժամկէտ ազատազրկման դատապարտելու մասին։
«Եթէ վերոնշեալ լրատւական գործակալութիւնը շահագրգռւած է նման լուրերի արտացոլմամբ, ապա տրամաբանօրէն պէտք է արտացոլի Իրանի քաղաքացիների իրաւունքների ոտնահարման հետ կապւած բոլոր լուրերը։ Կապանի հետ կապւած զգայուն սահմաններում միջադէպ ստեղծելը, եւ այն նման կերպ արտացոլելն ուղիղ իմաստով Բաքւի յատուկ ծառայութիւնների նպատակն է»,- գրել է «Ազարաիհա»-ն:
Յիշեցնենք, որ Մորթեզա Աբեդին Վարամինը «Ասրէ Թաբրիզ»-ին տւած հարցազրոյցում նշել է. «Ըստ Նորդուզի մաքսակէտի տնօրէն Թաղիզադէի՝ իրանցի վարորդներից մէկի հետ տեղի ունեցածի մասին իմանալուն պէս, իրանական կողմը Հայաստանից հետեւել է խնդրին եւ Կապանում ԻԻՀ Հիւպատոսութեան ներկայացուցիչն անմիջապէս մեկնել է հիւանդանոց»։
Կապանում Իրանի գլխաւոր հիւպատոսը յաւելել է. «Բարեբախտաբար ծեծկռտուքից վնասւած վարորդի վիճակը գնահատւում է բաւարար եւ դուրս է գրւել հիւանդանոցից»:
Պրն. Աբեդինը նաեւ նշել է, որ հաշւի առնելով այս սահմանի կարեւորութիւնն անձամբ է ժամանել Մեղրիի մաքսատուն: «Տնօրենի (հայկական կողմի) հետ տեսել եմ վայրը, որտեղ դէպքն է տեղի ունեցել: Բացի վարորդների հետ զրուցելուց, խօսել ենք նաեւ Հայաստանի Ոստիկանութեան տեղական պաշտօնեաների հետ եւ արձանագրել մեր բողոքը։ Արդէն ձերբակալւած է նաեւ վարորդին ծեծի ենթարկած անձը եւ իրականացւում է հետաքննութիւն»,- յաւելել է պրն. Աբեդինը:
Իրանի գլխաւոր հիւպատոսը մատնանշելով Նորդուզի տնտեսական եւ ռազմավարական նշանակութեան մասին յաւելել է. «Այս տարւայ առաջին 3 ամիսների ընթացքում Իրանի եւ Հայաստանի միջեւ գրանցւել է ապրանքների արտահանման եւ տարանցման 60 տոկոս աճ, ինչը կարող է որոշներին դուր չգալ, կամ նման անկարգութիւնների մասին ուռճացւած լրատւութեամբ փորձել նոր խնդիրներ ստեղծել»: