Դեսպան Սոբհանի. «Ադրբեջանական որեւէ հող չի գտնւում Հայաստանի հսկողութեան ներքոյ, որ Ադրբեջանն ուզենայ յարձակւել»
«ԱԼԻՔ» – Ադրբեջանական որեւէ հող չի գտնւում Հայաստանի հսկողութեան ներքոյ, ինչի համար Ադրբեջանն ուզենա յարձակւել Հայաստանի վրայ, «Ազատութեան»-ը տւած բացառիկ հարցազրոյցում ասել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին։
Հարցազրոյցի առաջին հատւածը, որտեղ խօսւում էր արցախահայութեան իրենց բնօրրան վերադառնալու իրաւունքի յարգման եւ նրանց անվտանգութիւնն ապահովելու անհրաժեշտութեան մասին, ներկայացրել էինք մեր երէկւայ (յուլիսի 13-ի) համարում: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրոյցի միւս հատւածը:
– Պարոն դեսպան, Իրանի նախագահական ընտրութիւնների օրը Դուք ասել էիք, թէ անկախ այն հանգամանքից՝ ովքեր կը լինեն իշխանութեան ղեկին Իրանում եւ Հայաստանում, Իրանի սկզբունքային քաղաքականութիւնը չի փոխւի․ Թեհրանը յարգում է Հայաստանի տարածքային ամբողջականութիւնն ու դէմ է միջազգայնօրէն ճանաչւած սահմանների ցանկացած փոփոխութեան։
Կը խնդրեմ փակագծեր բացէք, ի՞նչ է սա նշանակում՝ կոնկրետ քայլերի տեսքով։
– Սա փակագծեր չունի, եւ ամէն ինչ շատ յստակ է․ մեր մեծարգոյ նախագահը, պարոն Փաշինեանի հետ հեռախօսազրոյցում, շատ յստակ ասաց, որ յստակ դէմ ենք միջազգային սահմանների փոփոխութեանը եւ յարգում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականութիւնը։ Մենք յստակ դէմ ենք աշխարհաքաղաքական փոփոխութիւններին։ Բոլորը պէտք է յարգեն միջազգային օրէնքները։ Առաւել ի՞նչ փակագծեր բացեմ։
– Առաւել յստակեցնեմ, եթէ Ադրբեջանը փորձի ռազմական ագրեսա իրականացնել Հայաստանի դէմ, արդեօք Իրանը կը միջամտի՞, թէ՝ ոչ։
– Տեսէ՛ք, Դուք մի վարկած էք առաջ քաշում եւ դրա մասին հարց տալիս, նախկինում էլ մի քանի անգամ ինձ այդ հարցը տւել են, եւ ես ասել եմ, որ նման բան տեղի չի ունենայ։ Մենք առաջին հերթին ամէն ինչ կանենք, որ տարածաշրջանում պատերազմ չլինի։ Մենք ուզում ենք, որ բոլորը յարգեն միմեանց տարածքային ամբողջականութիւնը։ Եւ կանխարգելումը շատ աւելի լաւ է, քան բուժումը։ Մեր ամենամեծ ջանքն է, որ պատերազմ չլինի տարածաշրջանում։ Միջագզային հանրութիւնն էլ է ուզում դա։ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը ճանաչւել է միջազգային հանրութեան կողմից եւ իր սահմանները յստակ են։ Եւ պատերազմի նպատակ էլ չունի։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանն ուզում է պահպանել խաղաղութիւնը եւ կայունութիւնը։ Այդ ցանկութիւնը, խաղաղութեան եւ սահմանների յստակեցումը ցոյց են տալիս, որ կողմերը չեն ուզում գնալ դէպի պատերազմ։ Եւ, ի վերջոյ, որեւէ արադրացում չկայ պատերազմի համար։ Որեւէ հող Ադրբեջանից չի գտնւում Հայաստանի հսկողութեան ներքոյ, որ դրա համար ուզենան յարձակւել Հայաստանի վրայ, ես կարծում եմ որ դա հաշւի կառնի նաեւ Ադրբեջանի կառավարութիւնը, որ պատերազմի համար չկայ արդարացում։ Այն վարկածը, որ դուք ներկայացրեցիք, եթէ դա տեղի ունենայ, բնականաբար, միջազգային հանրութիւնը բացասկան կը վերաբերւի դրան։
– Ճի՞շտ հասկացայ, որ Դուք ասում էք, որ Ադրբեջանը ռազմական ագրեսիա չիրականացնի։ Այդ համոզմունքը Ձեզ որտեղի՞ց։ Դուք ասում էք, որ դա վարկած է, բայց Հայաստանի ԱԳՆ վերջերս չբացառեց, որ նոյեմբերին Բաքւում կայանալիք COP 29-ից յետոյ Բաքուն դիմի ռազմական ագրեսիայի։ Եւ ուզում եմ նշել, որ հէնց այս պահին էլ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանից տարածքներ ե՛ւ Սիւնիքում, ե՛ւ Սոթքում, ե՛ւ Ջերմուկում։
– Տեսէ՛ք, այստեղ երկու հարց պէտք է հաշւի առնել, այդ տեղային բախումները կամ հրադադարի խախտումները եւ միւսը, ինչպէս դուք նշեցիք, պատերազմը, դրանք տարբերւում են իրարից։ Այն, որ Հայաստանի տարածքների մի մասը գտնւում է Ադրբեջանի հսկողութեան տակ, բնականաբար, բանակցութիւնների եւ սահմանների յստակեցման շրջանակներում պէտք է կարգաւորւի։ Երբ միջազգային սահմաների համաձայն պարզւեց, որ Ադրբեջանի տարածքների մի մասը գտնւում է Հայաստանի տարածքում, եւ այս հատւածը սահմանագծւեց, այդ տարածքները վերադարձւեցին։
– Ի՞նչ նկատի ունէք, որ 4 գիւղերի տարածքները տրւեցի՞ն Ադրբեջանին։
– Այո՛, եւ երբ այդ միջազգային գծերը յստակեցւեն, բնականաբար, պարզ կը լինի, թէ որ մասը որ երկրին է պատկանում։ Մենք լաւ յարաբերութիւններ ունենք ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի հետ, եւ օգտագործում ենք այդ լաւ յարաբերութիւնները ու ջանք ենք գործադրում, որ, ինչպէս դուք ասացիք, նոր պատերազմ չլինի։ Դիւանագիտութիւնը հարցերի լուծման ամենալաւ տարբերակն է։ Ինչո՞ւ սպասենք, որ պատերազմ տեղի ունենայ, յետոյ դիւանագիտութիւնը գործի։ Մենք պատրաստ ենք մեր ամբողջ պոտենցիալը օգտագործել, որ հարցերը լուծւեն խաղաղութեան միջոցով։ Մենք դա ասում ենք որպէս մի երկիրը, որը կարող է տուժել անկայունութիւնից եւ կարող է շահել կայունութիւնից։
– Կարճ ճշտում, եթէ Բաքւի կողմից տեսնենք ռազմական ագրեսիա, Իրանի կողմից կը տեսնե՞նք քայլեր։
– Սա Հայաստանն է, այն անկախ երկիր է, ունի ազգային ինքնիշխանութիւն, ունի տարածքային ամբողջականութիւն, եւ այս երկրում, ուրիշ երկրի ցանկացած գործողոթիւն պէտք է լինի տւեալ երկրի համաձայնութեամբ։ Այն, թէ Իրանը Հայաստանի հետ համագործակցութիւնն ինչպէս առաջ կը տանի, կախւած է երկու երկրների համագործակցութիւնից։
– Հայաստանին ներկայացւող Բաքւի պահանջներից մէկն էլ այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ն է, Ալիեւը պնդում է, որ Ադրբեջանը Նախիջեւանի հետ պէտք է կապ ունենայ Սիւնիքով, բայց առանց մաքսային ու սահմանային հսկողութեան։ Ո՞րն է Իրանի դիրքորոշումն այս հարցում։
– Ադրբեջանի նեկայացրած պահանջների շուրջ որոշում կայացնողը Հայաստանն է, բայց մեր դիրքորոշումն այդ հարցի վերաբերեալ հետեւեալն է՝ մենք կողմնակից ենք, դէմ չենք սահմանային ապաշրջափակմանը։ Դուք հարեւան էք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, միշտ չէք կարող թշնամութեան մէջ լինել, եւ մի օր կը լուծէք այդ հարցերը նրանց հետ։ Եւ բնական է, որ երբ յարաբերութիւնները կարգաւորւեն, սահմանները կը բացւեն։ Մենք կողմ ենք հաղորդակցային ուղիների բացմանը՝ Հայաստանի ինքնիշխանութեան ներքոյ։ Եւ սա պէտք է վերաբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։ Մենք հիմա Նախիջեւանի հետ սահման ունենք, եւ Ջուլֆայից կարող ենք ե՛ւ երկաթգծով միանալ Երեւանին, ե՛ւ ճանապարհով Շատախտիից՝ Երասխին։ Երթուղին շատ կը կարճանայ։ Այսինքն՝ Մեղրիից Երեւան մօտաւորապէս 6 ժամւայ ճանապարհ է, իսկ Շատախտից մինչեւ Երասխ ու Երեւան երեւի մէկ ժամից էլ քիչ կը լինի։ Այսինքն՝ եթէ բացւի ճանապարհը, բոլորը կօգտւեն։ Սա ոչ միայն արեւելք-արեւմուտք, այլեւ՝ հիւսիս-հարաւին է վերաբերում։ Բայց ապաշրջափակումն այդ բոլորը պէտք է ներառի իր մէջ՝ երկրների ազգային ինքիշխանութեան շրջանակներում։ Ոչ ոք թոյլ չի տալիս, որ իր տարածքում իր օրէնքները չպահպանւեն, դա միջազգային իրաւունքի դէմ է եւ չպէտք է այստեղ որեւէ դիւիդենտ ստեղծւի։ Եւ օգուտն էլ պէտք է վերաբերի բոլորին։
– Այն, որ Դուք նշում էք, որ պէտք է յարգւի ինքնիշխանութիւնը, այդ մասին նաեւ Հայաստանն է խօսում, առաջարկելով «Խաղաղութեան խաչմերուկ»-ը։ Բայց Ռուսաստանը պնդում է, թէ նոյեմբերի 9-ի յայտարարութեամբ Նախիջեւան-Սիւնիք այդ հատւածը պէտք է վերահսկեն ռուս սահմանապահները։ Եւ այժմ արդէն կան տեղեկութիւններ, որ այդ գործառոյթը կարող է վստահւել որեւէ եւրոպական կամ միջազգային կազմակերպութեան։ Իրանի համար այս տարբերակներից ո՞րն է առաւել ընդունելի։
– Ես արդէն ասացի մեր դիրքորոշումը՝ մենակ կողմ ենք, որ լինի Հայաստանի տարածքային ինքնիշխանութեան ներքոյ։ Այն համաձայնագիրը, ինչի մասին դուք նշեցիք, դրանում առկայ պայմանաւորւածութիւնների մի մասն այլեւս գոյութիւն չունի։ Դուք միայն այդ պայմանաւորւածութիւնների մի մասն էք ասում։ Սա մի համաձայնագիր է, որը նաեւ ուրիշ հարցեր է ընդգրկել։ Այդ հարցերի մէջ եղել են Ղարաբաղը, Ղարաբաղի եւ Հայաստանի կապը, Լաչին-Շուշի կապը։ Դրանք հիմա չկան, որ ուզենանք դրանց յղում անել։ Հիմա իրականում չկայ գործնական առումով գոյութիւն ունեցող փաստաթուղթ։
– Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ չի գործում այդ փաստաթուղթը։
– Այո՛, դա չի գործում։ Եւ այդ պայմանաւորւածութիւնների մի մասն արդէն գոյութիւն չունի։ Եւ մնացածն էլ, բնականաբար, գոյութիւն չունեն։
– Պարոն դեսպան, նշեցիք, որ կողմ էք, որ այդ ճանապարհները ապաշրջափակւեն, կարո՞ղ ենք ասել, որ Իրանը կողմ է, որ ապագայում, Բաքուն Սիւնիքով դուրս գայ Նախիջեւան։ Մենք գիտենք, որ Բաքուն այդ կապը հիմա ապահովում է Իրանի միջոցով։ Դուք, այսինքն, որեւէ խնդիր Ձեր շահերի հետ կապւած չէք տեսնո՞ւմ այս հարցում։ Հայաստանեան որոշ քաղաքական գործիչներ պնդում են, որ սա Իրանի համար կարմիր գիծ է։
– Մեր կարմիր գիծն այն ժամանակ է լիելու, երբ Հայաստանի հետ մեր սահմանը խզւի։ Այսինքն՝ այնպէս ստացւի, որ մենք չկարողանանք Հայաստանի հետ կապ ունենալ։ Սա է մեր կարմիր գիծը։ Մնացած ապաշրջափակումն էլ լինի Հայաստանի ինքնիշխանութեան ներքոյ, տարածքային ամբողջականութեան շրջանակներում, յարգեն Հայաստանի օրէնքները։ Դուք շատ էք անդրադառնում այդ հարցին, նրանք մի բան ասում են, դուք այնքան էք անդրադառնում այդ հարցին, որ ուռճացնում էք։ Նրանք զբաղեցրել են ձեզ մի նախադասութեամբ։ Նայէ՛ք, եթէ մի երկիր ուրիշ երկրից դիւիդենտ է ուզում, արդեօ՞ք պատրաստ է ինքն էլ դիւիդենտ տալ այդ երկրին։ Երկրները միմեանց հետ խօսում են, որ դիւրացնեն իրենց յարաբերութիւնները, բայց չեն թողնի, որ իրենց ազգային ինքիշխանութիւնը խախտւի, ուրիշները մտնեն իրենց տարածքի մէջ, եւ դա լինի իրենցը։ Եթէ Հայաստանն ուզենար, որ նման բան պատահէր, նման գին չէր վճարի։
– Պարոն դեսպան, ինչպէ՞ս էք գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շուրջ երկու տարի ընթացող խաղաղութեան գործընթացը։ Դուք հնարաւոր համարո՞ւմ էք, որ առաջիկայում փաստաթուղթ ստորագրւի։ Ինչպէս գիտէք, Բաքուն հերթական պահանջն է առաջ քաշել եւ պնդում է, որ պայմանգիրը չի ստորագրւի, քանի դեռ Հայաստանը չի փոխել իր Սահմանադրութիւնը։
– Մենք լաւատես ենք այդ հարցի շուրջ, տեսէք դուք, երբ երկխօսում էք, դուք կրակելու ժամանակ չունէք։ Սա պէտք է շարունակւի։ Ամէն դէպքում ամէն կողմ իր սակարկութիւնը բանակցութիւններում ուժեղացնելու համար հնարաւոր է ինչ-որ հարցեր առաջ քաշի։
– Մենք երկար խօսեցինք ինքնիշխանութեան կարեւորութեան մասին, բայց արդեօ՞ք երբ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է փոխել իր Սահմանադրութիւնը, սա հէնց ինքնիշխանութեան դէմ ուղղւած քայլ չէ։
– Սա արդէն Հայաստանի կառավարութիւնը պէտք է որոշի, դա դէ՞մ է իր ինքնիշխանութեանը, թէ՝ ոչ։
– Մենք ասում ենք, որ դա մեր ներքին գործն է։
– Բնականաբար, եթէ ասում էք՝ դա ձեր ներքին գործն է, ձեր կառավարութիւնն էլ համապատասխան դիրքորոշում կը կայացնի։
– Երեւանում արտախորհրդարանական մի շարք ուժեր նաեւ յորդորում են իշխանութեանն արդէն այս աշնանը ԵՄ անդամակցութեան հարցով հանրաքւէ անցկակցնել։ Ինչպէս գիտէք, Հայաստանում են ԵՄ դիտորդները, ովքեր մոնիտորինգ են իրականցնում հայ-ադրբեջանական սահմանին։ Վարչապետ Փաշինեանը յայտարարել է, որ պատրաստ է լինել մօտ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ թոյլ կը տայ։ Հայաստանի խորհրդարանի ղեկավարը չի բացառել, որ մօտ ապագայում Հայաստանում կը լինի ԵՄ անդամակցութեան հանրաքւէն եւ հայ ժողովուրդը կասի՝ այո։ Հայաստանի ԵՄ անդամակցութեանը, Հայաստանի այս ձգտումներին Իրանն ինչպէ՞ս է արձագանգում, Իրանը դէ՞մ է։
– Հայաստանը անկախ երկիր է եւ մենք յարգում ենք Հայաստանի որոշումները։ Հայաստանի ժողովուրդն իրաւունքը ունի որոշել իր ճակատագիրը։ Եւ այն, որ Հայաստանը որոշել է իր քաղաքականութեան մէջ բազմազան ուղղութիւններով առաջ գնալ, դա էլ ենք յարգում։ Բայց մեզ համար կարեւորն այն է, որ այդ բազմազանութիւնը արտաքին քաղաքականութեան մէջ Իրան-Հայաստան յարաբերութիւններին չվնասի։ Հիմնական հարցը մեզ համար դա է։ Մենք ուզում ենք, որ Հայաստանը զարգանայ, Հայաստանի ենթակառուցւածքները զարգանան, նաեւ պատրաստ ենք, որ երբ Եւրոպայից ներդրումները գան այստեղ, ծրագրեր, նաեւ մենք կարողանանք իրականացնել՝ ճանապարհներ, ջրամբարներ, էներգետիկ ոլորտում, որը կը նպաստի Հայաստանի բարգաւաճմանը։ Ենթադրենք ԵՄ-ն գայ եւ Քաջարանից մինչեւ Սիսիան ճանապարհի կառուցումը ֆինասնաւորի։ Բնականաբար, իրանական ընկերութիւնները կը ներգրաււեն։ Ներկայ պահին Մեղրիում սահմանային մաքսակէտն իրանական ընկերութիւնն է վերանորոգում, եւ դա ֆինասաւորել է Եւրոպական բանկը։ Մենք պէտք է նայենք ապագային։ Հայաստանի կառավարութիւնը մեզ ասել է, որ այլ երկների հետ փոխյարաբերութիւնները բացասական ազդեցութիւն չեն թողնի Իրանի հետ յարաբերութիւնների վրայ։ Եւ մենք հաւատում ենք նրան, ինչ մեզ ասում են։