«ԱԼԻՔ» – Անվտանգութեան նախարարութեան աշխատակիցները ձերբակալել են յունւարի 3-ին Քերման քաղաքում մօտ 100 մարդու կեանք խլած ահաբեկչական յարձակման գլխաւոր կազմակերպիչներից մէկին:
Այս կապակցութեամբ Անվտանգութեան նախարարութիւնը հանդէս է եկել յատուկ յայտարարութեամբ՝ տեղեկացնելով, որ նախարարութեան աշխատակիցների իրականացրած բարդ գործողութեան արդիւնքում, արտերկրում յայտնաբերւել, ձերբակալւել եւ Իրան է տեղափոխւել Քերման քաղաքում կազմակերպւած ահաբեկչական յարձակման կազմակերպող եւ ղեկավարող հիմնական տարրերից մէկը՝ Աբդուլլահ Քուվէյթէն:
Նշւում է, որ ձերբակալւածից ձեռք բերւած հետախուզական տւեալների շնորիւ նախարարութեան աշխատակիցներին յաջողւել է խափանել մի քանի այլ թաքֆիրիական խմբաւորումների կազմակերպած ահաբեկչական դաւադրութիւններ եւ բացայայտել բազմաթիւ այլ ահաբեկիչների եւ նրանց թաքստոցները:
Յայտարարութեան մէջ նշւած է, որ ահաբեկչական յարձակումներ կազմակերպելու փորձերն յատկապէս ակտիւացել են վերջին նախագահական ընտրութիւնների ժամանակ, որոնք, բարեբախտաբար, չէզոքացւել են:
Մասնաւրապէս մայիսի 21-ից յուլիսի 5-ը նախարարութեան աշխատակիցները յայտնաբերել, հարւածել եւ չէզոքացրել են 79 ահաբեկչական բջիջներ:
Գործողութիւնների ընթացքում ձերբակալւել են տասնեակ ահաբեկիչներ, նրանց կողմնակիցներ եւ նրանց զէնք ու զինամթերք մատակարարող տարրեր, առգրաււել է 560 տարբեր ինքնաձիգ, մօտ 42 հազար փամփուշտ, ինը ռումբ եւ ռումբերի պատրաստման մէջ կիրառւող բազմաթիւ նիւթեր։
Նախարարութեան ուժերը միաժամանակ բացայայտել եւ ձերբակալել են վերջերս երկրի տարածք ներթափանցած անջատողական ահաբեկչական խմբաւորումների մի շարք անդամների, ինչպէս նաեւ քրէական անցեալ ունեցող մի շարք տարրերի, որոնց յանձնարարւած էր խափանարար եւ մահապարտ գործողութիւններ իրագործել տարբեր քաղաքներում:
Ահաբեկիչները հիմնականում կենտրոնացել են Թեհրան, Ալբորզ, Ղազւին, Խորասան Ռազաւի, Ֆարս, Սիստան եւ Բելուչիստան, Հորմոզգան եւ Բուշեհր նահանգներում ահաբեկչութիւններ իրականացնելու նպատակով: