Սուրբ տաճարը կրկին կը բացի իր դռները՝ շարունակելով բաշխել դարաւոր օրհնութիւնը հաւատացեալներին
«ԱԼԻՔ» – Սեպտեմբերի 29-ին Էջմիածնի Սուրբ տաճարը կրկին կը բացի իր դռները՝ շարունակելով բաշխել դարաւոր օրհնութիւնը մեր ժողովրդին։ Այս մասին երէկ՝ օգոստոսի 17-ին, Շողակաթ Սուրբ Էջմիածնի տօնի առիթով, իր ֆէյսբուքեան էջում տեղեկացրել է Հայր Զաքարիա ծայրագոյն վարդապետ Բաղումեանը։
«Այսօր Շողակաթ Ս. Էջմիածնի տօնն է՝ ըստ Սբ. Գրիգոր Լուսաւորչի տեսիլքի:
Ըստ Ագաթանգեղոսի` Ս. Գրիգոր Լուսաւորչի տեսիլքում Քրիստոս երկնքից իջնում է ոսկէ մուրճով եւ ցոյց տալիս Մայր Տաճարի կառուցման տեղը: Այս տեսիլքը կոչւում է «Շողակաթ», քանզի Ս. Գրիգորը տեսնում է, թէ ինչպէ՛ս է երկնքից մի շող կաթում:
Այսօր Մայր Տաճարի նաւակատիքի օրն է:
Միածնաէջ Մայր տաճարը նւիրագործւել եւ օծւել է 303 թ. Ս. Աստւածածնի Վերափոխման տօնին:
Տիրոջ կամքով սեպտեմբերի 29-ին Ս. Տաճարը կրկին կը բացի իր դռները՝ շարունակելով բաշխել դարաւոր օրհնութիւնը մեր ժողովրդին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Մայր Տաճարը տեւական ժամանակ փակ էր հաւատացեալների վրայ, նորոգութեան եւ շինարարական աշխատանքների պատճառով:
Նշենք, որ վերաօծման եւ Միւռոնօրհնութեան արարողութիւնները կայանալու են սեպտեմբերի 28-29-ին։