Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սիրանուշ Սահակեան. «Գտնում եմ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը կարելի է վերադարձնել առանց ձեւականութեան»

«ԱԼԻՔ» – Օրերս Բաքւում պահւող 4 պատանդները՝ Գէորգ Սուջեանը, Դաւիթ Դաւթեանը, Վիգէն Էուլջեքջեանը եւ Վագիֆ Խաչատրեանը, վերադարձւեցին Հայաստան:

168.am-ի համաձայն՝ «Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակեանը հրաւիրւած ասուլիսին նշեց, որ, մասնաւորապէս, Վիգէն Էուլջեքջեանի պարագայում իրաւական ձեւականութիւնները պահպանւած չեն եղել:

«Մենք չունենք որեւէ տեղեկատւութիւն, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել 4 հայերին, այդ թւում՝ Վիգէնին, եւ քանի որ ներման արդիւնքում նրանք այլեւս անազատութեան մէջ պահւող անձինք չեն, նրանց յանձնել են Հայաստանի Հանրապետութեանը կամ քաղաքացիութեան երկրին: Մենք ունենք ընդամէնը ձեռք բերւած պայմանաւորւածութիւններ, որոնք յայտնի են դարձել վերջին պահին, եւ դրանց կեանքի կոչումը եղել է արտաիրաւական ճանապարհով»,- մանրամասնեց նա՝ յաւելելով, որ իրաւական ձեւականութիւնները չեն պահպանւել նաեւ սիրիացի վարձկաններին Թուրքիայի միջոցով Սիրիա վերադարձնելու դէպքում:

Անդրադառնալով Բաքւում պահւող Ռուբէն Վարդանեանին, Սիրանուշ Սահակեանն ասաց, որ արտաքին աշխարհի հետ կապն է աւելի սահմանափակւել, նւազել է ընտանիքի հետ հեռախօսազանգերի քանակը՝ «4 զանգի փոխարէն՝ 2 զանգի հնարաւորութիւն է տրւել»:

Ինչ վերաբերում է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարութեան վերադարձին, «Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի» ղեկավարն ասաց, որ հնարաւոր է նրանց եւս առանց ձեւականութիւնների վերադարձնել:

«Մենք ունեցել ենք դէպք, երբ ռազմագերին Հայաստան է վերադարձւել ընթացող դատավարութեան շրջանակներում»,- յայտնեց նա:

Related Articles

Back to top button