Մայր Աթոռը խստօրէն դատապարտում է իշխանութիւնների հերթական միջամտութիւնը Եկեղեցու ներքին գործերին

Մայր Աթոռը խստօրէն դատապարտում է ՀՀ Սահմանադրութեան եւ օրէնքների բացայայտ խախտումներով իշխանութիւնների հերթական միջամտութիւնը Եկեղեցու ներքին գործերին, որով քրէական վարոյթ է նախաձեռնւել եւ քրէական հետապնդում է յարուցւել Գերագոյն Հոգեւոր Խորհրդի հոգեւորական անդամների նկատմամբ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։
Յունւարի 31-ին Գերագոյն Հոգեւոր Խորհրդի հոգեւորական անդամներին ծանուցագրեր են յղել եւ պահանջել որպէս մեղադրեալ ներկայանալ Քննչական կոմիտէ, ինչը վերստին ակնյայտ վկայութիւն է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ ձեռնարկւած արշաւի եւ հոգեւորականների նկատմամբ իրականացւող բռնաճնշումների։
Քրէական հետապնդման շրջանակներում արգելափակւել է Գերագոյն Հոգեւոր Խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից։ Այս դատապարտելի գործընթացը մեր պետութեան օրէնքներով եւ միջազգային պայմանագրերով ամրագրւած մարդու հիմնարար իրաւունքների կոպտագոյն խախտում է, որի նպատակն է խաթարել Հայ Առաքելական Եկեղեցու բնականոն գործունէութիւնը, մասնաւորաբար առաջիկայում Աւստրիայում գումարւելիք եպիսկոպոսական ժողովի աշխատանքները։
Մայր Աթոռը կոչ է անում Հայաստանի Հանրապետութեան իշխանութեանը եւ իրաւապահ համակարգին գործել բացառապէս ՀՀ Սահմանադրութեան եւ օրէնքի շրջանակներում, արդարութեան եւ ճշմարտութեան բարձրագոյն սկզբունքներին հաւատարմութեամբ եւ յարգել Եկեղեցու ինքնավարութեան իրաւունքը։
Yerkir.am



