ԽմբագրականՀՅԴ Մամուլ

ԱԿՆԱՐԿ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՒԱԿԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԴԷՊՔՈՒՄ՝ ԻՆՉՊԷ՞Ս Է ՎԵՐԱՁԵՒԱՒՈՐՒՈՒՄ ԻՐԱՆՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵԱՆՔԸ

ՀԱՏԻՍ

 

Իրանում այսօր քաղաքական զարգացումներն այլեւս ժամանակաւոր երեւոյթ չեն, այլ առօրեայի մաս։ Երկիրը միաժամանակ ապրում է տնտեսական ճնշումների, անվտանգային զգայունութեան եւ արտաքին լարւածութեան պայմաններում, որտեղ տեւական ժամանակ է, ինչ պատերազմը յաճախ հնչում է ոչ թէ որպէս քաղաքական գործօն, այլ լուրջ մտահոգութիւն:

Այս միջավայրում հասարակական կեանքի փոփոխութիւնները տեղի են ունենում լուռ, առանց բարձրաձայն յայտարարութիւնների, սակայն զգալի հետեւանքներով։ Քաղաքականութիւնը մտել է ընտանիքների կենցաղային զամբիւղ:

Գնաճը, գործազրկութիւնը եւ կենսապայմանների թանկացումն արդէն իսկ ձեւաւորել են սոցիալ-տնտեսական ծանր ֆոն։ Դրան են գումարւում միջազգային ճնշումներն ու կոշտ հռետորաբանութիւնը, մասնաւորապէս՝ ԱՄՆ-ից հնչող սպառնալիքներն ու ուժի կիրառման ակնարկները, որոնք նպաստում են այն զգացողութեանը, թէ տնտեսութիւնն ու անվտանգութիւնը պահւում են երկարատեւ պատերազմական վիճակի մէջ։ Անկախ նրանից՝ այդ սցենարները կիրականանան, թէ ոչ, դրանց ազդեցութիւնը շուկայի, բիզնեսի եւ առօրեայ որոշումների վրայ արդէն իսկ զգացւում է։

Անորոշութեան այս շղթայում առանձին ազդեցութիւն ունի նաեւ ինտերնետ կապի պարբերական խափանումների կամ սահմանափակումների խնդիրը, որը վերջին տարիներին վերածւել է առօրեայ ռիսկի։ Թւային հաղորդակցութեան խզումները ոչ միայն բարդացնում են տեղեկատւութեան հասանելիութիւնը, այլեւ անմիջական ազդեցութիւն ունեն փոքր բիզնեսների, առցանց առեւտրի, բանկային գործարքների եւ կրթական ծրագրերի վրայ։ Փոքրաթիւ համայնքների պարագայում, որոնց ներքին կապերը եւ տնտեսական գործունէութիւնը յաճախ հիմնւած են վստահելի եւ արագ հաղորդակցութեան վրայ, նման ընդհատումները կարող են խորացնել մեկուսացման զգացողութիւնը եւ մեծացնել տնտեսական կորուստների վտանգը՝ առանց հրապարակային պատճառաբանութեան։

Տնտեսական անորոշութիւնը յատկապէս ազդում է փոքր բիզնեսների վրայ, որտեղ շրջանառութեան ամենափոքր տատանումն անգամ կարող է վճռորոշ լինել։ Ներդրումային սպասողականութիւնը, արժութային փոփոխութիւնները եւ մատակարարման խաթարումները վերածւում են առօրեայ գլխացաւի՝ անկախ ազգութիւնից կամ համայնքային պատկանելութիւնից։

Փոքրաթիւ համայնքների համար այս պայմանները կրկնակի զգուշաւորութեան կոչի պէս են հնչում: Համայնքային կեանքը ինքնաբերաբար վերադասաւորւում է՝ միջոցառումները սահմանափակւում են, նախաձեռնութիւնները՝ վերանայւում, իսկ հրապարակային ներկայութիւնը՝ խստօրէն չափաւրւում։ Սա քաղաքական արձագանք չէ, այլ գոյատեւման տրամաբանութիւն՝ օրէնքի սահմաններում մնալու եւ անցանկալի կորուստներից խուսափելու համար։

Զարգացումները դեռ ընթացքի մէջ են, սակայն մի բան արդէն ակնյայտ է. Իրանում համայնքային կեանքն այսօր ապրում է ոչ թէ փոփոխութիւնների, այլ անորոշութիւնների հետ յարմարւելու փուլ։ Եւ այդ հարմարւողականութիւնը դարձել է ժամանակի ամենախօսուն ցուցիչը։

Related Articles

Back to top button