Հայաստան - ԱրցախՏնտեսական

2026 թ. ապրիլի 15-ից յետոյ քաղաքացիները ՀՀ երկրորդ սերնդի բոլոր թղթադրամները կարող են անվճար փոխանակել ՀՀ տարածքում գործող առեւտրային բանկերում եւ Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների

2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը յայտարարել էր, որ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշւածութեան արդիւնքում դուրս կը գան շրջանառութիւնից։

2017 թ. յուլիսի 11-ին Կենտրոնական բանկի մամուլի հաղորդագրութեան մէջ յատուկ նշւել էր, որ երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառութիւնից դուրս կը բերւեն միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառութեան ամբողջ շղթայում ներդրւեն 3-րդ սերնդի թղթադրամները եւ երկրորդ սերնդի թղթադրամներն արդէն ունենան դրամաշրջանառութեան համար ոչ պիտանի ֆիզիկական մաշւածութիւն:

Ներկայումս 2-րդ սերնդի թղթադրամների հիմնական զանգւածն ունի բարձր ֆիզիկական մաշւածութիւն, եւ շրջանառութեան մէջ գտնւող 1000 դրամ, 5000 դրամ, 10.000 դրամ եւ 20.000 դրամ անւանական արժէքով թղթադրամների զանգւածի հիմնական մասը կազմում են 3-րդ սերնդի թղթադրամները (Պարոյր Սեւակի, Վիլիամ Սարոյեանի, Կոմիտասի, Յովհաննէս Այւազովսկու դիմապատկերներով), իսկ 1999 թւականի թողարկման 500 դրամ անւանական արժէքով թղթադրամները (Ալեքսանդր Թամանեանի դիմապատկերով) շրջանառութեան մէջ հիմնականում փոխարինւել են մետաղադրամներով, ուստի անհրաժեշտութիւն է առաջացել նշւած 2-րդ սերնդի թղթադրամները դուրս բերել շրջանառութիւնից։

Նշւած որոշման համաձայն՝ շրջանառութիւնից կը հանւեն 2-րդ սերնդի հետեւեալ ՀՀ թղթադրամները.

– 1999 թւականի թողարկման 500 դրամ (Ալեքսանդր Թամանեանի դիմապատկերով)

– 1999, 2001, 2011, 2015 թւականների թողարկման 1000 դրամ (Եղիշէ Չարենցի դիմապատկերով)

– 1999, 2003, 2009, 2012 թւականների թողարկման 5000 դրամ (Յովհաննէս Թումանեանի դիմապատկերով)

– 2003, 2006, 2008, 2012 թւականների թողարկման 10000 դրամ (Աւետիք Իսահակեանի դիմապատկերով)

– 1999, 2007, 2009, 2012 թւականների թողարկման 20000 դրամ (Մարտիրոս Սարեանի դիմապատկերով)

Մինչեւ 2026 թ. ապրիլի 15-ը նշւած թղթադրամները կը համարւեն օրինական վճարամիջոց, իսկ 2026 թ. ապրիլի 15-ից յետոյ քաղաքացիներն իրենց մօտ մնացած բոլոր «հին» թողարկման թղթադրամներն, առանց սահմանափակումների, կարող են անվճար փոխանակել ՀՀ տարածքում գործող առեւտրային բանկերում եւ Կենտրոնական բանկում:

Հայաստանի Հանրապետութեան Կենտրոնական բանկ

Related Articles

Back to top button