ՄիջազգայինՔաղաքական

Ռիւտէն յայտարարել է արեւելքում ռազմական կարողութիւններն ամրապնդելու ՆԱՏՕ-ի պատրաստակամութեան մասին

«ԱԼԻՔ» – ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտութեան դէպքում ամրապնդել իր ռազմական ներկայութիւնը Ռումինիայում, յայտարարել է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Մարկ Ռիւտէն Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում է News.am-ը:

Չորեքշաբթի օրը Ռիւտէն ժամանել է Ռումինիա՝ ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարի պաշտօնում իր առաջին այցով։ Բանակցութիւնները տեղի են ունեցել Բուխարեստի Կոտրոչէնի պալատում։ Դանի եւ Ռիւտէի համատեղ մամուլի ասուլիսը հեռարձակւել է Ռումինիայի նախագահի պաշտօնական կայքում։

«Անհրաժեշտութեան դէպքում կարող ենք լրացուցիչ ուժեր, դրանց թւում՝ ստորաբաժանումներ ուղարկել Ռումինիա։ Այժմ այստեղ մարզւում է աւելի քան 5000 զինւոր։ Եթէ Ռումինիան յարձակման ենթարկւի, ՆԱՏՕ-ի 31 երկիր կը պաշտպանի այն։ Մենք անպարտելի ենք, ուստի ոչ ոք ռիսկի չի դիմի մեր ուժերը փորձելու»,- ասել է Ռիւտէն։

ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարը յաւելել է, որ Ռումինիան արժէքաւոր դաշնակից է եւ Սեւծովեան տարածաշրջանում կայունութեան ապահովման գործում առանցքային դեր է խաղում։

«Խօսքը լրացուցիչ ցամաքային եւ օդային միջոցների, ինչպէս նաեւ նոր մարտավարութեան մասին է, ներառեալ՝ ծովային անօդաչու թռչող սարքերի օգտագործման։ ՆԱՏՕ-ն ամրապնդում է դիրքերը ամբողջ արեւելեան հատւածում»,- յաւելել է Ռիւտէն։

Ռումինիայի նախագահ Դանը աջակցել է գլխաւոր քարտուղարի դիրքորոշմանն՝ ընդգծելով, որ «տարածաշրջանների միջեւ անհաւասարակշռութիւն չկայ» եւ որ «ՆԱՏՕ-ի առաջնահերթութիւնը մնում է իր արեւելեան թեւի անվտանգութիւնը»։

Պատասխանելով համաեւրոպական անօդաչու թռչող սարքերի դէմ վահանի ստեղծման վերաբերեալ լրագրողների հարցերին՝ Ռիւտէն յայտարարել է, որ ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն համատեղ աշխատում են նախագծի վրայ։

Ռումինիայի պաշտպանութեան նախարարութիւնը հոկտեմբերի վերջին յայտնել էր, որ Ռումինիան եւ նրա ՆԱՏՕ-ի դաշնակիցները տեղեկացւել են Եւրոպայում ԱՄՆ զօրքերի մակարդակի կրճատման մասին։ Աւելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել էր, որ Վաշինգտոնը չի ծրագրում կրճատել Եւրոպայում ամերիկեան զօրքերի թիւը, սակայն չի բացառել, որ տարածաշրջանում որոշ ստորաբաժանումներ կը տեղափոխւեն։

Related Articles

Back to top button