Վահագն Խաչատուրեանն ուրանում է՝ յանուն ծառայողական մեքենայի
2007 թւականին Լեւոն Տէր-Պետրոսեանի թիմակից եւ համախոհ Վահագն Խաչատրեանը Արցախի ազատագրական պայքարով եւ յաղթանակով էր հպարտանում, Արցախի անկախութեան ճանաչման ջատագովն էր: Այսօր՝ 2023 թւականի նոյեմբերի 28-ին, Վահագն Խաչատուրեան դարձած ՀՀ նախագահը յայտարարել է, թէ «Արցախը Ադրբեջանի մաս Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչել է 1991 թւականին»:
Արցախի պետական ինստիտուտների մասին էլ է խօսել Վահագն Խաչատուրեանը. «Արցախի պետական ինստիտուտները գործում են, ի՞նչ անեն… Կայ Հայաստանի Հանրապետութիւն, Հայաստանի Հանրապետութեան պետական ինստիտուտները գործում են։ Նրանք ի՞նչ գործառոյթ պիտի իրականացնեն… Արցախահայութեան իրաւունքները Հայաստանի Հանրապետութիւնը պաշտպանում է»:
168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, Գեղամ Մանուկեանը Խաչատուրեանի դիրքորոշումների փոփոխութիւնը պայմանաւորեց ամենասովորական ուրացմամբ։
«Հայաստանում կայ մի շրջանակ, որը ծառայողական մեքենայի համար պատրաստ է ուրանալ ամէն ինչ։ Ուրացում է՝ ապրած կեանքի։ Վստահ եմ, որ իրենք իրենց հայելու մէջ նայելով՝ ամաչում են։ Ասում են, որ 1991 թւականին են Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, դա Արցախի նկատմամբ իրենց դաւաճանական քայլերը քողարկելու մէջ պէտք է դիտարկել, դաւաճանութեան մեղքը գցում են Ալմա Աթայի հռչակագրի վրայ, որը կապ չունի Արցախի հետ»,- ասաց Մանուկեանը՝ ընդգծելով՝ Վահագն Խաչատուրեանն Արցախի մասին իր նախկին ասածները յիշելով՝ այսօր պէտք է հրաժարական տար։
Պատգամաւորի խօսքով՝ Փաշինեանի իշխանութիւնը քնում-արթնանում է՝ մտածելով՝ ինչպէ՞ս սեփական անմեղսունակութիւնը քողարկի քարոզչական տարատեսակ հնարքներով, միայն թէ ժողովրդի մեծամասնութիւնն իրենց չհամարի մեղաւոր։
«Հանրային գիտակցութիւնը տեռորի են ենթարկում, բթացնում, նստացնում թմրանիւթի ասեղի վրայ, որ չմտածի»,- ասաց Մանուկեանը՝ շեշտելով՝ հէնց դա են անում Վահագն Խաչատուրեանն ու նրա նմանները, Նիկոլ Փաշինեանը՝ Արցախը յանձնելու իրենց մեղաւորութիւնը փաթեթաւորելով տարատեսակ յայտարարութիւններով ու հռչակագրերով՝ պատրաստւում է կնքել մի նոր կապիտուլիացիայի պայմանագիր։
«Պայմանագիր, որը երկրորդ կապիտուլիացիայի, պարտութեան, ամէն րոպէ Հայաստանի վրայով ասպատակելու, գնալ-գալու պայմանագիր է լինելու»,- ասաց Մանուկեանը։