«ԱԼԻՔ» – Տարածաշրջանում նոր զարգացումների եւ աշխարհաքաղաքական փոփոխութիւններին անհրաժեշտ իներցիան լարողների միջեւ ակնյայտ մրցակցութիւն է սկսւել: Մինչ Գազայի հատւածի տիրոյթում գտնւող գազի պաշարներին տիրանալու ենթադրեալ ենթատեքստով բռնկւած սիոնիստա-ՀԱՄԱՍ-ական հակամարտութիւնը, տարածաշրջանն ականատեսն էր Արցախի հայաթափմանն ու 21-րդ դարի մարդկութեան դէմ յանցագործութիւններից մէկի իրականացմանը, որն իրականացւեց նոյն՝ «իներցիան» լարող տարածաշրջանային ու արտատարածաշրջանային ուժերի անմիջական մասնակցութեամբ: Ձեռագիրը մնում էր նոյնը, շրջափակում, սով, աշխարհից մեկուսացում, էներգիայի ու էլեկտրականութեան եւ ինտերնետ կապի անջատում, ապա ռազմական գործողութիւն՝ պաշտպանւելու կարողութիւնից զրկւած Արցախի եւ Գազայի խաղաղ բնակչութեան դէմ:
Զարգացումների այս ֆոնին, երբ ռուսական կողմը շարունակում է կախեալ վիճակում մնալ Ուկրաինայի դէմ բացւած ճակատի բերումով, ինչպէս նաեւ Արցախի զարգացումների հաշւին հեղինակազրկւել է, գնալով Կովկասը դառնում է արեւմտեան տէրութիւնների միջեւ մրցակցութեան փորձաքար:
Արեւմուտքի մրցակցութիւնը հիմնականում տարածաշրջանային երթուղիներ անւան տակ քողարկւած «միջանցքին» տիրանալու ուղղութեամբ է:
Միջանցքներին «նստելու» նպատակային ծրագրերը գործում են նաեւ Գազայի հատւածի հակամարտութիւնում: Turkiye օրաթերթն իր առաջին էջի վերնագրում Գազայի ճգնաժամը յաղթահարելու համար առաջարկել է «Թուրքական միջանցք» ծրագրի իրականացումը:
«Կովկասի ձայն» (farsighafghaz) պարսկալեզու տելեգրամային ալիքն իր վերջին հրապարակումներից մէկում անդրադարձել է թերթի հրապարակմանը եւ նշել, որ այս միջանցքը Գազայի նաւահանգիստը կը միացնի Անթալիայի նաւահանգստին եւ այդպիսով կը տապալւի Գազայում տնտեսական-անվտանգային փակուղի ստեղծելու Արեւմուտքի եւ Իսրայէլի երազանքը: Անկախ ձեւակերպման շարահիւսութիւնից, որտեղ ընթերցողին է ներշնչւում իբր թուրքական կողմը պաշտպանում է Պաղեստինի այս հատւածի շահերը, սա խօսուն փաստն է նաեւ այն բանի, որ կարելի է ռազմական եւ տնտեսական խորացւած գործարքներում լինել Իսրայէլի հետ, իսկ մեդիադաշտում տեղեկատւական տարբեր հնարքներով ասել այն, ինչը դուր կը գայ զոհերին:
Turkiye թերթը «Թուրքական միջանցք»-ի ստեղծումը դիտարկում է որպէս «Կապոյտ հայրենիք» նախագծի մի մաս, որը նպատակ ունի ռազմավարական խորութիւն ստեղծել Թուրքիայի ծովային սահմաններում եւ տիրոյթի տակ վերցնել Միջերկրական ծովի էներգետիկ ռեսուրսները։
«Կովկասի ձայն»-ը յիշեցրել է նաեւ, որ Գազայի հատւածի ափամերձ ջրերի էներգետիկ ռեսուրսներն ունեն միլիարդաւոր խորանարդ մետր գազ, որի շուրջ 60%-ը պատկանում է Պաղեստինին։
Մէկ այլ հրապարակման համաձայն՝ խաղատախտակին եղած խաղաքարի հաշւին եւս մրցակցութիւնը իւրայատուկ երանգ է կրում, յատկապէս՝ մի տեղի թելը քաշելով մէկ այլ շրջանում առաւելութիւն ստանալու տեսքով: Նոյն հարթակում պէտք է տեսնել Թուրքիայի F-16 կործանիչներ վաճառելու ԱՄՆ-ի նախապայմանը, որով վերջինս Թուրքիայից պահանջել է դադարեցնել Բաքւին ռազմական աջակցութիւն ցուցաբերելու ծրագիրը:
Աղբիւրի համաձայն՝ Թուրքիայի իշխող կուսակցութեան խօսնակը յայտնել է, որ Ամերիկան Թուրքիային խնդրել է ձեռնպահ մնալ «Ղարաբաղի» հարցում Բաքւի Հանրապետութեանն աջակցելուց՝ որպէս F-16 կործանիչներ վաճառելու նախապայման։
ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ մրցակցութիւնը գնալով սառը պատերազմի տեսք է ստանում: Փորձագիտական որոշ շրջանակների հաւաստմամբ, Արեւմուտքին կարող է յաջողւել վերջ տալ Կովկասում լարւածութեանը՝ պայմանաւորւելով հաղորդակցութեան ուղիների էութեան շուրջ։ Նրանց, ինչքան շուտ՝ Կովկասի ռեսուրսները թալանելը, Ռուսաստանին դուրս մղելու եւ «Արեւելք-արեւմուտք» եւ «Հիւսիս-հարաւ» միջանցքները վերահսկելն է հետաքրքրում: Սակայն մի բան մնում է չլուծւած: Այն, որ ինչպէս է նրանց յաջողւելու անտեսել Իրանը:
Թուրքիային ուղղւած այս յորդորով ԱՄՆ-ը նրան վտարո՞ւմ է Կովկասից, սանձը կապելով ռազմական տեխնիկաների գործարքներից։
«Կովկասին տարօրինակ օրեր են սպասւում»,- եզրակացրել է տելեգրամային ալիքը:
Նոյն լուրի հետ միասին մեդիադաշտի ուշադրութիւնը սեւեռւեց Իրանի նախագահ Էբրահիմ Ռէյիսիի Թուրքիա սպասւող այցի չեղարկման մասին լուրի ուղղութեամբ: Այցը նախօրօք պայմանաւորւած գրաֆիկի համաձայն պէտք է կայանար երեքշաբթի օրը, սակայն վերջին պահին չեղարկւել է այն:
Այցի չեղարկման պատճառների մասին մանրամասներ առայժմ չեն հաղորդւում։ Յայտարարութեան մէջ Իրանի նախագահի՝ Անկարա այցի ժամկէտի հնարաւոր փոփոխութեան մասին եւս խօսք չկայ։
Յիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը սրանից երկու շաբաթ առաջ յայտարարել էր Ռէյիսիի սպասւող այցի մասին: Թուրքական կողմի համաձայն չեղարկւած ուղեւորութեան ընթացքում երկու երկրների նախագահները պէտք է քննարկէին «Գազայի պատերազմի վերաբերեալ միասնական դիրքորոշում ընդունելու հարցը»։