Մարդու իրաւունքնե՞ր, թէ՞ գազ ու նաւթ.
Եւրոպական խորհրդարանի 2024 թ. հոկտեմբերի 24-ի բանաձեւի մասին
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ–ՋԱԼԱԼԵԱՆ
Քաղաքագէտ
2024 թ. հոկտեմբերի 24-ին Եւրոպական խորհրդարանն ընդունել է Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրաւունքների եւ միջազգային իրաւունքի խախտման եւ Հայաստանի հետ յարաբերութիւնների մասին ռեզոլիւցիա:
Ադրբեջանաարցախեան հակամարտութեան կարգաւորման համատեքստում նշւած ռեզոլիւցիայում Եւրոպական պառլամենտը, մասնաւորաբար, արձանագրել է.
- Արցախի վրայ 2023 թ. Ադրբեջանի յարձակումը ներկայացնում է մարդու իրաւունքների եւ միջազգային իրաւունքի կոպիտ խախտում՝ 2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի յայտարարութեան ակնյայտ խախտում, եւ Եւրոպական միութեան միջնորդութեամբ բանակցութիւնների ընթացքում ստանձնած պարտաւորութիւնների չկատարում;
- արժանահաւատ զեկոյցները հաստատում են Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային եւ կրօնական ժառանգութեան կազմակերպւած ոչնչացումը;
- Ադրբեջանի ղեկավարներն ու պաշտօնեաները բազմիցս ատելութեան խօսք են օգտագործում հայերի նկատմամբ;
Այս առնչութեամբ անհրաժեշտ եմ համարում հրաւիրել Ռուսաստանի Դաշնութեան այն պաշտօնատար անձանց ուշադրութիւնը, ովքեր յորդորում, առաջարկում են Արցախի հայութեանը Արցախում ադրբեջանական վարչակազմի գոյութեան պայմաններում վերադառնալ Արցախ: 2024 թ. հոկտեմբերի 16-ի ճեպազրոյցի ժամանակ նման յայտարարութեամբ հանդէս էր եկել Ռուսաստանի Դաշնութեան արտաքին գործերի նախարարութեան տեղեկատւութեան եւ հրատարակչութեան դեպարտամենտի տնօրէն Մարիա Զախարովան:
- պնդում է, որ Եւրոպական միութեան եւ Ադրբեջանի միջեւ ցանկացած ապագայ գործընկերութեան համաձայնագիր պայմանաւորւի բոլոր քաղբանտարկեալների ազատ արձակմամբ, իրաւական բարեփոխումների իրականացմամբ եւ երկրում մարդու իրաւունքների վիճակի ընդհանուր բարելաւմամբ, ինչպէս նաեւ ի ցոյց դնի Ադրբեջանի՝ Հայաստանի հետ խաղաղութեան համաձայնագրի բանակցութիւններում իրական բարեխիղճ պատրաստակամութիւնը եւ յարգանքը Լեռնային Ղարաբաղի հայերի իրաւունքների նկատմամբ:
- Կոչ է անում լիովին կատարել Արդարադատութեան միջազգային դատարանի կողմից ընդունւած բոլոր որոշումները:
Յիշեալ արձանագրումների վերաբերեալ հարկ է նշել հետեւեալը: Որեւէ հաւատ չպէտք է ընծայել Եւրոպական խորհրդարանի այս եւ նմանատիպ բանաձեւերին: Ինչո՞ւ, շատ ակնյայտ պատճառով. այսօր Եւրոպայի համար առաջնային են ոչ թէ մարդու իրաւունքները, ժողովրդավարութիւնը, այլ՝ նաւթը, գազը, փողը եւ ամէն նիւթականը:
Այսպէս,
Եւրոպական միութիւնն այսօր հակւած է Ադրբեջան-Արցախ հակամարտութեան կարգաւորումը տեսնել յօգուտ Ադրբեջանի, քանի որ վերջինս Եւրոպական միութեան համար դիտարկւում է որպէս վստահելի գործընկեր էներգետիկ ոլորտում: Այդ մասին վկայում են Եւրոպական միութեան բարձրաստիճան պաշտօնատար անձինք:
Այսպէս, 2022 թ. դեկտեմբերի 17-ին Հունգարիայի, Ռումինիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ստորագրել են յուշագիր էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցութեան վերաբերեալ: Փաստաթղթով նախատեսւում է Կասպից ծովի հողմակայանների արտադրած էլեկտրական էներգիան տեղափոխել դէպի Եւրոպա:
Յուշագրի համաձայն՝ մօտաւորապէս 1100 կմ երկարութիւն ունեցող 500 կվ լարման մալուխը պէտք է սկիզբ առնի Ադրբեջանից, ցամաքով հատի Վրաստանի տարածքը, այնուհետեւ շարունակւի Սեւ ծովի յատակով՝ հասնելով մինչեւ Ռումինիա:
Յուշագրի ստորագրման արարողութեան ժամանակ Հունգարիայի, Ռումինիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ներկայութեամբ Եւրոպական յանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, մասնաւորապէս, յայտարարել է. «…Ռուսաստանի պատերազմի սկզբից մենք որոշել ենք երես թեքել ռուսական հանածոյ վառելիքից եւ դիւերսիֆիկացւել դէպի յուսալի էներգետիկ գործընկերներ, ինչպիսիք են սեղանի շուրջ այստեղ գտնւող գործընկերները: Եւ դա աշխատում է…»:
Եւրոպական յանձնաժողովի նախագահի խօսքից պարզւում է, որ Եւրոպական միութիւնն Ադրբեջանին համարում է «յուսալի էներգետիկ գործընկեր»:
Իսկ Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլն էլ 2023 թ. հոկտեմբերի 3-ին «Եւրոնիւզ» եւրոպական հեռուստաալիքին տւած հարցազրոյցի ժամանակ, պատասխանելով «Արդեօ՞ք Ադրբեջանը դեռեւս Եւրամիութեան գործընկերն է» հարցին, մասնաւորապէս, յայտարարել էր. «Գործընկերն է, այո, այսօր գործընկերն է»:
Այսպիսով, վերը յիշատակւած փաստերն առանձին-առանձին, կամ բոլորը միասին վկայում են, որ Ադրբեջան-Արցախ հակամարտութեան կարգաւորման համատեքստում Եւրոպական միութիւնն այսօր հանդէս է գալիս Ադրբեջանի օգտին:
Չնայած ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների եւ նման կարգի այլ արժէքների յարգման եւ պաշտպանութեան մասին եւրոպական տարբեր կառոյցների պաշտօնատար անձանց պարբերական յայտարարութիւններին եւ հաւաստիացումներին, այդուհանդերձ գործնականում նրանք այդ արժէքները ստորադասում են իրենց շահերին, որոնք հիմնականում ունեն նիւթականացւած դրսեւորում: