Հայ Դատ

ԵՄ գործադիր իշխանութեան դիրքորոշման փոփոխութիւնն Ադրբեջանի համար կարող է ցաւոտ լինել

Եւրոպական Միութեան օրէնսդիր մարմնում՝ Եւրոպական խորհրդարանում հոկտ. 22-ին աւարտւեց «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրաւունքների եւ միջազգային իրաւունքի խախտումների եւ Հայաստանի հետ յարաբերութիւնների մասին» բանաձեւի շուրջ քննարկումը։ Ելոյթ ունեցող շուրջ 30 պատգամաւորները հիմնականում քննադատում էին Ադրբեջանին, նոյնիսկ կոչ անում՝ բոյկոտել Բաքւում կայանալիք COP29-ը։ Թէ՝ որքանով էր սպասելի, Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանի հետ։

«Եւրոպական խորհրդարանում Ադրբեջանի հասցէին կոշտ քննադատութիւնը սպասելի էր, նման նախադէպեր վերջին տարիների ընթացքում շատ են եղել։ COP 29-ին ընդառաջ երէկւայ քննարկումը Եւրոպական խորհրդարանի լիագումար նիստերի ժամանակ բաւական ուշագրաւ էր, որովհետեւ շատ կարճ ժամանակամիջոցում բարձրացւեց Եւրոպական խորհրդարանի պատգամաւորների կողմից հարցերի էն ամբողջ ներկապնակը, որը վերաբերւում էր հայութեանը, ՀՀ անվտանգութեանը, Արցախին, Արցախահայութեանը եւ այլն։ Այս առումով սպասելի էր։

Յատկանշական է նաեւ Ադրբեջանի նկատմամբ միջազգային ընկալման փոփոխութիւնը դէպի բացասականացում, որը բաւական ակտիւ տեմպերով է ընթանում, ինչին նաեւ նպաստել է պաշտօնական Բաքւի այն որոշումը, որով Եւրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, կարծեմ, 76 պատգամաւորի մուտքն արգելւել էր Ադրբեջան։ Այս փաստը եւս վերջին ամիսներին կարեւոր ազդեցութիւն ունեցաւ Ադրբեջանի նկատմամբ եւրոպական ընկալման վրայ»,-ասաց Գէորգ Ղուկասեանը։

Մեր դիտարկմանը՝ կարո՞ղ ենք ֆիքսել, որ Եւրախորհրդարանում հոկտ. 22-ի քննարկումը, այն էլ այդ որակով եւ պատկերով, նաեւ ՀՅԴ Հայ Դատի գերասենեակների կատարած աշխատանքների արդիւնքն էր, Գէորգ Ղուկասեանն ասաց.

«Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը, բառի բուն իմաստով, ամենօրեայ կապի մէջ է Եւրոպական խորհրդարանի պատգամաւորների հետ, կատարում է նրանց իրազեկւածութեան բարձրացմանը միտւած աշխատանքներ եւ կուզեմ նշել, որ դեռեւս վերջին գումարումների խորհրդարանների պատգամաւորները Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի միջնորդութեամբ պարբերաբար այցելել են Հայաստան եւ տեղում ծանօթացել իրավիճակին, այսինքն՝ Եւրոպայի խորհրդարանի պատգամաւորների շրջանում Ղարաբաղեան հիմնախնդրի վերաբերեալ կայ օբիեկտիւ իրազեկւածութեան բաւական բարձր մակարդակ, ինչը, բնականաբար, Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի տեւական նպատակադրւած աշխատանքների արդիւնք է։ Ես դիտաւորեալ չեմ օգտագործում հայամետ ձեւակերպումը պատգամաւորների յայտարարութիւնները գնահատելիս, դրանք օբիեկտիւ յայտարարութիւններն են, բայց, իհարկէ, հաշւի առնելով էն օբիեկտիւ իրավիճակը, որում մենք կանք, այո՛, այդ յայտարարութիւններն իրենց բնոյթով հայամէտ են, ի նպաստ մեզ էին եւ շօշափում էին բոլոր այն խնդիրների շրջագիծը, որ մենք այսօր ունենք»,-ասաց Գէորգ Ղուկասեանը՝ յաւելելով. «Կարեւոր էր, որ այդ ելոյթներում յստակ գնահատական տրւեց Ադրբեջանի կողմից կատարւածին՝ որպէս էթնիկ զտում, ցեղասպանական գործողութիւն, անդարադարձ եղաւ ռազմագերիների ազատութեան խնդրին, պահանջւեց ռազմագերիների ազատարձակում։ Ալիեւի ռեժիմն իսկապէս բաւական կոշտ քննադատութեան արժանացաւ ոչ միայն Հայաստանին, Արցախին վերաբերող հարցերով, այլեւ՝ միջազգային դիրքաւորման տեսանկիւնից, խօսքի ազատութեան սահմանափակման, ճնշումների, քաղբանտարկեալների եւ այլն, եղան նաեւ թիրախային պատժամիջոցների պահանջններ։ Մի քանի պատգամաւորներ բարձրաձայնեցին ինստիտուցիոնալ սխեմաները, որոնք ադրբեջանական կողմը գործի է դնում եւրոպական պաշտօնեաներին կաշառելու համար։ Խօսք գանց «խաւիարային դիւանագիտութեան» մասին, իսկապէս Ադրբեջանն իր ամբողջ «շուքով» ներկայացւեց Եւրոպական խորհրդարանի պատգամաւորների կողմից։ Իհարկէ, COP29-ը բոյկոտելու պահանջը նոյնպէս առանցքային էր։ Նաեւ Եւրոպական միութեան գործադիր իշխանութեան էներգետիկ գործարքները դադարեցնելու պահանջն էր առանցքային»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցին, թէ՝ քննարկմանը հնչած ելոյթներն արդեօ՞ք կը զգաստացնի Ադրբեջանին, Գէորգ Ղուկասեանը հետեւեալ կարծիքը յայտնեց.

«Կարծում եմ, որ նման քննարկումները, չնայած որ Ալիեւը փորձում է ծածկադմփոց անել եւ տպաւորութիւն ստեղծել, թէ առանձնապէս իր հոգը չէ, բայց Եւրոպական միութիւնում Ադրբեջանի մշտական ներկայցուցչի խայտառակ պահւածքը ցոյց է տալիս էն ջղաձգումները, որ Ալիեւի վարչակազմն ունի եւրոպական պաշտօնեաների ելոյթներից յետոյ։ Մասնաւորապէս մի քանի խորհրդականների ելոյթներից պարզ դարձաւ, որ Ադրբեջանի ներկայցուցիչը Եւրոպական միութիւնում խայտառակ արշաւ է սկսել, էլեկտրոնային հասցէներով սպառնալիքներ է ուղարկում Եւրոպական խորհրդարանի պատգամաւորներին՝ համապատասխան բանաձեւի ընդունման նախօրէին։

Վաղը նախատեսւած է Եւրոպական խորհրդարանի բանաձեւի ընդունում, որը, մինչ այս պահն ունեցած մեր տեղեկութիւններով, դեռեւս բանակցւում է հիմնական քաղաքական խմբակցութիւնների միջեւ եւ հիմնական օբիեկտիւ շեշտադրումներ կան։ Ինչ վերաբերւում է Ադրբեջանի զգաստանալուն, մի շատ կարեւոր արձանագրում եմ ուզում անել, քնարկմանը ներկայ ԵՄ գործադիր իշխանութեան ներկայացուցչի յայտարարութիւններից պարզ է դառնում, որ ԵՄ գործադիր իշխանութեան դիրքորոշումների որոշակի փոփոխութիւն կայ Ադրբեջանի հետ յարաբերութիւններում։ Յատկանշական է, որ այս առումով մենք միշտ խնդիր ենք ունեցել։ Իհարկէ, Եւրոպական խորհրդարանն իր օբիեկտիւ դիրքորոշումնրերով այլեւս յայտնի է, բայց գործադիր իշխանութիւնն այդքան էլ իր ամբողջ քաղաքականութիւնը չի տեղաւորում եւրոպական խորհրդարանի ցուցումների համատեքստում, մասնաւորապէս՝ գազային համաձայնագիր, պատժամիջոցների կիրառում, ընդհանրապէս Ադրբեջանի քաղաքակնութեան վերագնահատում, բայց երէկւայ քննարկմանը գործադիր իշխանութեան ներակայցուցչի՝ Նիկոլաս Շմիդի ելոյթները մեզ համոզում են, որ ընկալունակութիւնը ԵՄ գործադիր իշխանութեան մեր հետ կապւած հարցերի վեաբերեալ փոխւել է։ Եւ եթէ ամիսներ առաջ զգուշաւոր լաւատեսութեամբ էինք այդ մասին խօսում, հիմա աւելի վստահ կարող ենք փաստել»,-ասաց Գէորգ Ղուկասեանը։

Յիշեցնենք, որ Եւրախորհրդարանում երէկւայ քննարկման ժամանակ հիմնական զեկուցող, Եւրայանձնակատար Նիկոլաս Շմիդը յայտարարեց, որ COP29-ը Բաքւի համար հնարաւորութիւն է ցոյց տալու հաւատարմութիւնը մարդու իրաւունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտաւորութիւններին։

Գէորգ Ղուկասեանը նկատում է, որ այս առումով Ադրբեջանը շատ լուրջ մտածելու բան ունի, որովհետեւ ԵՄ գործադիր իշխանութեան դիրքորոշման որոշակի փոփոխութիւնն Ադրբեջանի հարցում կարող է Ադրբեջանի համար ցաւոտ լինել, ընդհուպ՝ Ադրբեջանի ֆինանսատնտեսական շահերին հարւածելու առումով։

«Ադրբեջանը որոշակի հետեւութիւններ պէտք է սկսի անել»,- վստահեցնում է Գէորգ Ղուկասեանը։

Ըստ Գէորգ Ղուկասեանի՝ բանաձեւի քւէարկութիւնը նախատեսւած է վաղը, ներկայում բանակցւում է հիմնական քաղաքական խմբակցութիւնների կողմից, որպէսզի միասնական տարբերակ կազմւի։

«Ձայների ճնշող մեծամասնութեամբ բանաձեւը կընդունւի»,-խօսքն ամփոփեց Գէորգ Ղուկասեանը։

ՀԵՐՄԻՆԷ ԶԷՅՆԱԼԵԱՆ

Related Articles

Back to top button