«Ալիեւը Ամիրբէգովի միջոցով ուրւագծում է Հայաստանի ինքնիշխանութեան նոր սահմանները»
Իլհամ Ալիեւը հայ ժողովրդի նկատմամբ կը կրկնի՞ Նեթանիահուի հնարքը
Քաղաքագէտ Բենիամին Մատթէոսեանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծութիւն, որում մասնաւորապէս ասւում է.
««3+3» տարածաշրջանային համագործակցութեան ձեւաչափի երկրների արտգործնախարարների հերթական հանդիպումից անմիջապէս յետոյ պաշտօնական Բաքուն հերթական հարւածը հասցրեց ոչ միայն Հայաստանի հետ բանակցային գործընթացին, այլեւ Նիկոլ Փաշինեանին։
Գերմանական «Berliner Zeitung»-ին տւած հարցազրոյցում Ադրբեջանի նախագահի յատուկ յանձնարարութիւնների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբէգովն ասել է, որ Բաքուն ցանկանում է խաղաղութիւն կնքել ոչ թէ Նիկոլ Փաշինեանի, այլ Հայաստանի հետ։ «Եթէ Սահմանադրութիւնը թողնենք ներկայիս տեսքով, ապա խաղաղութեան պայմանագիրը կարճատեւ կը լինի, քանի որ Հայաստանի ցանկացած նոր ղեկավարութիւն, որը դէմ է Ադրբեջանի հետ խաղաղութեանը, պարզապէս կը չեղարկի այն՝ պատճառաբանելով համաձայնագրի անհամապատասխանութիւնն ամենաբարձր իրաւական ուժ ունեցող Սահմանադրութեանը։ Այսինքն՝ Ադրբեջանը ցանկանում է խաղաղութիւն կնքել ոչ թէ վարչապետ Փաշինեանի, այլ Հայաստանի հետ»,- ընդգծել է նա։
Ամիրբէգովի յայտարարութիւնը մի քանի քաղաքական շերտ ունի․ նախ՝ Իլհամ Ալիեւը Նիկոլ Փաշինեանին այս կերպ ասում է, որ պաշտօնական Բաքուն նրան ընկալում է որպէս «մարւած օբլիգացիա», իսկ այսօր Ադրբեջանի պահանջներն ուղղւած են Հայաստանի նոր, ապագայ ղեկավարութեանը։ Նրան, ով Բաքւի ընկալմամբ պէտք է աւարտի Փաշինեանի սկսածը:
«ՔՊ» անդամները, որոնք այսօր ՀՀ քննչական կոմիտէի ղեկավարի հետ «տուր ու դմփոցի» մէջ են՝ փորձելով պաշտպանել «անպատիժ կերպով սեփական քաղաքական դիրքի առաւելութիւններից օգտւելու իրաւունքը», ձեզ չեն ասի, որ Ամիրբէգովի յայտարարութիւնները Հայաստանի պետականութեան արագ փլուզման հերթական վկայութիւնն է։
Փաստօրէն, Բաքւում կարծում են, որ իրենք իրաւունք ունեն եւ կարող են միջամտել ոչ միայն Հայաստանում Սահմանադրութեան փոփոխութեան հանրաքւէ անցկացնելուն, այլ նաեւ կարծում են, որ կարող են նշանակել «օպերատոր»՝ այս գործընթացի համար, որը կարող է չլինել Նիկոլ Փաշինեանը:
Եթէ պատկերաւոր խօսենք, ապա այս տեմպերով Հայաստանի ինքնիշխանութիւնը կարող է սահմանափակւել այն հարցերի մակարդակով, որոնք կարող են լուծել «ԺԵԿ»-ի պետը կամ «զաւխոզը»։ Պայմանականօրէն Փաշինեանը կարող է որոշել, թէ որ տեսակի եղջերուն բուծի Երեւանի կենդանաբանական այգում, բայց արդեօք Երեւանի կենդանաբանական այգում եղջերուներ կը լինեն, եւ արդեօք Երեւանը կենդանաբանական այգի կունենայ թէ ոչ, ինքը չի կարող որոշել։
Ամիրբէգովի «խաղաղութիւնը ոչ թէ Փաշինեանի, այլ Հայաստանի հետ» ձեւակերպումն ինքնին ապացուցում է, որ ամիսներ առաջ մեր առաջ քաշած թէզը ճիշտ էր։ Բաքւում, ի տարբերութիւն իշխանութիւնների, Փաշինեանի ու իր թիմի գիտեն, որ հայերը պայքարել են Արցախի համար ոչ թէ այն պատճառով, որ դա ամրագրւած է եղել Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան հռչակագրում, այլ այստեղ գործել է հակառակ տրամաբանութիւնը՝ հայերը կռւել են Արցախի համար, ուստի դա ամրագրւել է հայկական պետութեան հիմնարար փաստաթղթերում: Ըստ այդմ, Բաքուն ձգտում է «իջեցնել Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան եւ պետականութեան նշաձողն» այնքան ուժեղ եւ անդառնալիօրէն, որպեսզի ապագայում պետական ինստիտուտների բնականոն գործունէութեան հնարաւորութիւն չմնայ։ Էլ չեմ խօսում ՀՀ-ն ամբողջութեամբ կլանելու ցանկութեան մասին։
Քաղաքականութեան մէջ միշտ էլ կարեւոր դեր է խաղացել, խաղում եւ խաղալու է մարդկային գործօնը։ Յաճախ դա կարող են որոշել նաեւ միջպետական յարաբերութիւնները։ Այսպէս, «ոչ թէ Փաշինեանի, այլ Հայաստանի հետ խաղաղութիւն կնքելու» եւ, համապատասխանաբար, երկրի բնակչութեան, քաղաքացիների հետ իր այս ձեւակերպմամբ Ալիեւն արձագանգում է Փաշինեանի 2019-2020 թւականների յայտարարութիւններին, երբ Նիկոլ Փաշինեանը բազմիցս յայտնել էր իր պատրաստակամութեան մասին՝ «երկխօսութեան մէջ մտնել ադրբեջանական հասարակութեան հետ, եթէ Ալիեւի հետ երկխօսութիւնը ձախողւի»: Այսօր Ալիեւը փորձում է անել այն, ինչի մասին տարիներ առաջ խօսում էր ինքը՝ Փաշինեանը, բայց այդպէս էլ չկարողացաւ անել (ինչպէս եւ շատ այլ բաներ….)։
Զարմանալի չի լինի, եթէ Իլհամ Ալիեւը շուտով կրկնի Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուի հնարքը, ով վերջերս դիմել էր Իրանի ժողովրդին՝ ասելով, որ «իրանցիներն աւելի լաւին են արժանի»։
Մտածէ՛ք այդ մասին…»։