Հայ Դատ

Լեմկինի ինստիտուտի տնօրէնը կոչ է անում ԼՂ-ում Ադրբեջանի արածն անւանել ցեղասպանութիւն ու կիրառել համապատասխան կոնւենցիան

Անհրաժեշտ է, որ միջազգային հանրութիւնն Ադրբեջանի նկատմամբ յստակ քայլեր ձեռնարկի, քանի որ վերջինիս նախագահ Ալիեւի նման բռնապետները, որոնք ցեղասպանութիւն են իրականացնում, կանգ չեն առնի, քանի դեռ ինչ-որ մէկը չի ստիպել նրանց կանգ առնել։ 

«Արմէնպրես»-ին տւած հարցազրոյցում այս մասին ասել է Լեմկինի անւան ցեղասպանութեան ինստիտուտի գործադիր տնօրէն Էլիզա Ֆոն Եօդէն-Ֆորգին։ 

Հարցազրոյցում Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրէնն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձութիւններին, հայ բնակչութեան՝ իրենց հայրենիք վերադառնալու հնարաւորութիւններին եւ այլ հարցերի։

-Լեմկինի անւան Ցեղասպանութեան կանխարգելման ինստիտուտը մշտապէս զգուշացրել եւ իր մտահոգութիւնն է յայտնել անցեալ տարի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձութիւնների վերաբերեալ՝ դրանք որակելով որպէս Ադրբեջանի կողմից ցեղասպանութեան նախապատրաստութիւն։ Այժմ, երբ ձեր բոլոր նախազգուշացումներն իրականութիւն են դարձել, եւ Լեռնային Ղարաբաղը փաստացի մնացել է առանց հայ բնակչութեան, ի՞նչ էք կարծում, ի՞նչ պէտք է անէր միջազգային հանրութիւնը, որպէսզի թոյլ չտար էթնիկ հայերի բռնի տեղահանումն իրենց հայրենիքից:

-Այնքան բան կար, որ կարելի էր անել։ Այնպէս որ, դա շատ հիասթափեցնող է: Եւ Լեմկինի ինստիտուտի համար հիասթափեցնող ու փոքր-ինչ զարմանալի էր, որ միջազգային հանրութիւնը նախօրօք աւելին չարեց: Քանի որ ստեղծւել էր այնպիսի իրավիճակ, որ Ադրբեջանը պատրաստւում էր ցեղասպանութիւն իրականացնել, մենք ցեղասպանութիւնը կանխարգելելու կատարեալ լուծում համարեցինք Արեւմուտքի կողմից Ադրբեջանի վրայ ճնշումը՝ հաշւի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն Արեւմուտքի երկրների հետ ունի առեւտրային, տնտեսական, ռազմական, ռազմավարական յարաբերութիւններ, ինչի շնորհիւ Արեւմուտքն Ադրբեջանի վրայ որոշակի լծակներ ունի։  Եւ Ադրբեջանը հասկացրել էր, որ ցեղասպանական մտադրութիւն ունի հայերի եւ մասնաւորապէս Արցախի հայերի նկատմամբ։ Այսպիսով, ամէն ինչ միանգամայն պարզ էր թւում: Այնուամենայնիւ, կատարւածի վերաբերեալ սարսափելի լռութիւն էր տիրում, եւ Ալիեւի հրապարակային սպառնալիքներին ու ցեղասպան հայատեացութեանը երբեք հակահարւած չեղաւ:  Այսպիսով, ի՞նչ կարող էր անել աշխարհը: Նրանք կարող էին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Նրանք կարող էին բարձրաձայն խօսել Ալիեւի ցեղասպան հայատեացութեան մասին: Նրանք կարող էին ՄԱԿ-ի մակարդակով սպառնալ մեկուսացնել Ադրբեջանին։ Նրանք կարող էին նաեւ օրինական մեխանիզմներ կիրառել Ադրբեջանին յետ քաշելու համար։ Եւ, յատկապէս, կարող էին օգտագործել կուլիսային դիւանագիտութիւնն աւելի շատ, քան արել են։ Դա դիւանագիտութեան մի մասն է, որը մենք չենք տեսնում: Չեմ կարծում, որ Ադրբեջանի վրայ մեծ ճնշում է գործադրւել, որպէսզի փոխւեն նրա ուղիները, փոխւի ճանապարհը։ Ալիեւը գիտէր, որ ապրում է անպատժելիութեան մէջ։ Եւ, գիտէք, ինչպէս միւս ցեղասպան բռնակալները, նա մաս առ մաս ստուգում էր իրավիճակը․ նախ, պատերազմ եղաւ 2020-ին, յետոյ, իհարկէ, 2020-ից յետոյ Ադրբեջանը դանդաղօրէն գրաւում էր Հայաստանի Հանրապետութեան տարածքներ, որից յետոյ եղաւ Ադրբեջանի ագրեսիւ պատերազմը 2022-ի սեպտեմբերին, յետոյ (խմբ․ Լեռնային Ղարաբաղի) շրջափակումը՝ 2022-ի դեկտեմբերին, այնուհետեւ Հակարիի անցակէտի կառուցումը 2023-ի ապրիլին, եւ Ալիեւը պարզապէս ճնշում էր ու ճնշում: Եւ ամէն անգամ, երբ նա դա անում էր, միջազգային հանրութիւնը շարունակում էր խաղաղութեան բանակցութիւնները եւ շարունակում էր անձնատուր լինել նրան, իսկ դրա հետեւանքը միշտ ցեղասպանութիւնն է, երբ գործ ունես ցեղասպան բռնապետի հետ։ Նրանք պէտք է  հասկանային դա:

-Դուք տեսնու՞մ էք որեւէ հնարաւորութիւն, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութիւնը յստակ եւ ամուր միջազգային երաշխիքներ ունենալու դէպքում կը կարողանայ վերադառնալ հայրենիք։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարող է կամ պէտք է անի միջազգային հանրութիւնն այս առնչութեամբ։

-Տեղահանւած բնակչութեան համար շատ դժւար է տուն վերադառնալը:  Եթէ նայէք ռոհինջաներին, եթէ նայէք դարֆուրացիներին, եթէ նայէք քրիստոնեաներին, եզդիներին եւ Իրաքի միւս փոքրամասնութիւններին, ապա, չնայած այն հանգամանքին, որ ԴԱԻՇ-ը արդէն իշխանութիւն չունի, նրանք դեռ չեն կարողացել ամբողջութեամբ վերադառնալ իրենց նախնիների տները։ Դա շատ դժւար է, բայց Լեմկինի ինստիտուտում մենք տեսնում ենք այն փաստը, որ Արցախի բնակչութեան մեծամասնութիւնը, ճնշող մեծամասնութիւնը դեռ ողջ է։ Դա օրհնութիւն է: Հազւադէպ է պատահում, որ ինչ-որ մէկը հնարաւորութիւն ունենայ չեղարկել ցեղասպանութեան հետեւանքները, բայց մենք ունենք այդ հնարաւորութիւնը եւ պէտք է օգտւենք դրանից՝ նրանց տուն վերադարձնելու եւ անվտանգութիւն ապահովելու համար, քանի որ այս քաղաքակրթութիւնը 4000 տարեկան է: Համոզւած չեմ, որ արեւմտեան աշխարհը բարձր է գնահատում, թէ ինչ է նշանակում ունենալ 4000 տարւայ շարունակական քաղաքակրթութիւն, բայց դա մի բան է, որը հնարաւոր չէ փոխարինել: Երբ այն անհետանայ, այն ընդմիշտ կը վերանայ: Այն կառուցելու համար պահանջւել է 4000 տարի, եւ աշխարհին բացարձակապէս անհրաժեշտ է այս բազմազանութիւնը: Այսպիսով, մենք այլեւս չենք կարող կորցնել այս հնագոյն համայնքները: Մարդիկ պէտք է իրաւունք ունենան ապրել իրենց նախնիների տներում: Սա ծանր է Հայաստանի համար, քանի որ Հայաստանը նման բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում է։ Այսպիսով, այն ամէնը, ինչ հարկաւոր է ձեզ, դա այն է, որ արեւմտեան աշխարհը դա առաջ մղի, քանի որ, հակառակ դէպքում դա կը յանգեցնի նրան, որ նման ցեղասպանութիւնը կարող է պարզապէս տեղի ունենալ առանց որեւէ հակազդեցութեան եւ լիակատար անպատժելիութեան մթնոլորտում, իսկ Ադրբեջանը դրանից օգուտ է քաղում։ Այդ դէպքում բոլորը 21-րդ դարում կօգտագործեն ցեղասպանութիւնը։ Ով ցանկանայ օգտագործել դա, կօգտագործի այսկերպ: Նրանք կօգտագործեն այս ձեւը, քանի որ այն աշխատեց Ադրբեջանի պարագայում: Նրանք տեսնում են, որ այդպէս լինում է, եւ այդ ձեւով հնարաւոր է շահել։ Բանն այն է, որ պետութիւնները կարող են տարաձայնութիւններ ունենալ որոշակի հարցերի շուրջ, նոյնիսկ տարածքի վերաբերեալ, սակայն դուք ունէք այնպիսի բնակչութիւն, ինչպիսին արցախցիներն են, որոնք ունեն ինքնորոշման բոլոր հիմքերը, նրանք միշտ եղել են Լեռնային Ղարաբաղում։ Պատմութեան իմ ընկալմամբ՝ նրանք երբեք չեն եղել ուղիղ օտարերկրեայ տիրապետութեան տակ՝ առանց ինքնավարութեան եւ տեղական վերահսկողութեան որոշակի մակարդակի: Արցախը կառավարող բոլոր կայսրութիւնների ընթացքում նրանք պահանջել են անկախութիւն եւ ինքնավարութիւն՝ մինչեւ Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան կազմաւորումը: Խորհրդային Միութիւնում Արցախը ինքնավար մարզ էր։ Երբ Խորհրդային Միութիւնը սկսեց փլուզւել, Արցախը կրկին պահանջեց կամ անկախութիւն կամ միացում Հայաստանին։ Արցախցիներն այս մասին վաղուց են յայտարարում, եւ աշխարհը պէտք է լուրջ վերաբերւի նման յայտարարութիւններին։  Մենք այլեւս գաղութային ժամանակաշրջանում չենք ապրում, որ կառավարութիւնները կարողանան պարզապէս վտարել մարդկանց այն պատճառով, որ իրենց հող է պէտք: Բանն այն է, որ կանոնների վրայ հիմնւած աշխարհում ամէն ինչ այդպէս չի աշխատում: Եթէ արեւմտեան աշխարհը ցանկանում է ապրել կանոնների վրայ հիմնւած աշխարհում, ապա պէտք է նաեւ ուղիներ գտնի այդ կանոնների վրայ հիմնւած կարգը պարտադրելու համար: Եւ հիմա էլ տեղի է ունենում նոյնը, ինչ տեղի էր ունենում մինչեւ 2023 թւականի սեպտեմբերի 19-ը, երբ Ադրբեջանը ցեղասպանութիւն իրականացրեց: Եւ դա նշանակում է, որ Ադրբեջանին պէտք է իսկապէս ստիպել նստել բանակցութիւնների սեղանի շուրջ, որպէսզի ինչ-որ լուծում մշակւի արցախցիների հետ, որպէսզի նրանք կարողանան ապրել իրենց նախնիների տներում՝ խաղաղ եւ անվտանգ ինքնակառավարմամբ։ Կարծում եմ, որ միջազգային հանրութիւնը պէտք է պնդի, որ լուծւի արցախցիների ինքնորոշման հարցը։

– 2023 թւականի սեպտեմբերին հայերի բռնի տեղահանումից յետոյ Լեմկինի ինստիտուտը նաեւ իր մտահոգութիւնը յայտնեց Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների անօրինական ձերբակալութիւնների առնչութեամբ՝ ահազանգելով նրանց կեանքին սպառնացող վտանգների մասին։ Այս առումով աշխարհն ի՞նչ քայլեր պէտք է ձեռնարկի նրանց ազատելու համար եւ ի՞նչ միջոցներ կարող են կիրառւել այս պարագայում։  

-Կարծում եմ, որ մենք այստեղ պէտք է փոխենք օգտագործւող լեզուն: Դա վերաբերում է միջազգային հանրութեանը, եւ յատկապէս Միաւորւած ազգերի կազմակերպութեան դիւանագէտներին։ Ադրբեջանի դէմ բաւարար պատասխան միջոցներ չկան այն ձեւակերպումների համար, որոնք նա օգտագործում է։ Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները օրինական բանտարկեալներ են, քանզի նրանք ահաբեկիչներ եւ անջատողականներ են: Սա չափազանց քաղաքականացւած լեզու է, եւ դա պարզապէս ճիշտ չէ այն պատճառներով, որոնք ես քիչ առաջ ընդգծեցի: Նրանց մեծ մասը ժողովրդավարական ճանապարհով ընտրւած քաղաքական գործիչներ են Արցախում, որը` համաձայն Freedom House-ի, իսկապէս լաւ ժողովրդավարութեան վարկանիշ ունէր այս տարածաշրջանում, այն իսկապէս լաւ ազատութեան վարկանիշ ունէր, շատ աւելի լաւ, քան Ադրբեջանը: Յամենայնդէպս, տարբերութիւնը հսկայական էր: Խօսքը մեծամասամբ ժողովրդավարութեան մասին է, բայց նաեւ ինքնորոշման իրաւունքի, ապագաղութացման եւ այս բոլոր բաների մասին է: Մենք պէտք է փոխենք ձևակերպումները եւ Ադրբեջանին հասկացնենք, որ նրանք պատանդներ են, նրանք գերիներ են, ոչ թէ օրինական բանտարկեալներ։ Եւ իրականում նրանց նոյնիսկ չեն մեղադրում որեւէ իրական յանցագործութեան մէջ։ Նրանց մեղադրում են ինքնորոշման ձգտելու համար։ Ի՞նչ է, դա յանցագործութի՞ւն է: Այս ամէնը պատիժ է այն փաստի համար, որ հայերն ինքնիշխանութիւն են ցանկանում։

– Ադրբեջանի իշխանութիւնները շարունակում են Լեռնային Ղարաբաղի հայկական պատմական ժառանգութեան ոչնչացումն ու վանդալիզմը։ Ադրբեջանցի զինւորները պղծում եւ աւերում են հայկական պատմամշակութային յուշարձանները եւ նոյնիսկ հայկական գերեզմանները։ Վանդալիզմի վերջին արտայայտումը Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շէնքի աւերումն էր։ Դոկտոր Էլիզա, ի՞նչ քայլեր պէտք է ձեռնարկի միջազգային հանրութիւնը՝ վերջ դնելու Ադրբեջանի այս վայրագութիւններին ու վանդալիզմին, քանի որ, ինչպրէս տեսնում ենք, սա մշակութային ցեղասպանութիւն է։

-Այո, իհարկէ, հենց այդպէս: Եւ ես կարծում եմ, որ միջազգային հանրութիւնն օգտագործում է էթնիկ զտումներ տերմինը, եւ դա ինչ-որ չափով աշխատում է, քանի որ դա գործընթացի նկարագրութիւնն է: Սակայն էթնիկ զտումն ընդամէնը ցեղասպանութեան ձեւերից մէկն է։ Եկէք օգտագործենք ցեղասպանութիւն տերմինը եւ գործի դնենք ցեղասպանութեան կանխարգելման մասին կոնւենցիան։ Ցեղասպանութեան լաւագոյն ապացոյցներից մէկն այսպիսի մշակութային ոչնչացումն է, որը յաճախ անւանում են մշակութային ցեղասպանութիւն, բայց դա պարզապէս ցեղասպանութիւն է, քանզի ցոյց է տալիս, որ յանցագործը շահագրգռւած չէր միայն մարդկանց որոշակի տարածքից դուրս բերելով։ Մարդիկ գնացել են, հիմա ինչո՞ւ են նրանք քանդում այդ  խորհրդանշական շէնքերը, եկեղեցիները, ազգային խորհրդարանը։ Նկատի ունեմ, որ դա յստակ նպատակ է: Սա Արցախին իշխանութիւնից զրկելու միջոց է, որը պարզապէս քանդում է Արցախի գաղափարը։ Այս բոլոր բռնութիւնները պարզապէս աներեւակայելիօրէն նման են ցեղասպանութեան: Դուք նշեցիք գերեզմանատները: Սա ցեղասպանութեան ամենադաժան գործողութիւններից մէկն է, քանի որ դրա նպատակն է ջնջել պատմական ներկայութիւնը եւ, ըստ էութեան, ոչնչացնել յիշողութիւնը, ոչնչացնել տոհմը: Դա սարսափելի, հրէշաւոր յանցագործութիւն է։ Եւ աշխարհը պէտք է դա ցեղասպանութիւն անւանի։ Կարծում եմ, որ Միջազգային քրէական դատարանը կարող է միջամտել։ Հայաստանի համար դժւար ժամանակներ են, սակայն որեւէ երրորդ երկիր կարող էր Ադրբեջանին կանգնեցնել Արդարադատութեան միջազգային դատարանի առջեւ: Ես կը ցանկանայի նման բան տեսնել: Անհրաժեշտ է ինչ-որ լուրջ բան ձեռնարկել Ադրբեջանին կանգնեցնելու համար, քանի որ դա, թոյլ տւէք ասել, ադրբեջանական ժողովրդի շահերից նոյնպէս չի բխում։ Եւ Ալիեւն իսկապէս ապաւինում է այդ հայատեացութեանն ու Հայաստանի նկատմամբ այս մշտական յաղթանակներին, որպէսզի ամրապնդի սեփական դիրքերն ու իշխանութիւնն Ադրբեջանում։ Այնպէս որ, սա պարզապէս սարսափելի իրավիճակ է: Կարծում եմ, որ Հայաստանն իր առաւելագոյնն է անում դրա դէմ պայքարելու համար։ Սակայն կարծում եմ, որ արեւմտեան աշխարհը պէտք է հասկանայ, որ Ալիեւի նման բռնապետները, որոնք ցեղասպանութիւն են իրականացնում, կանգ չեն առնի, քանի դեռ ինչ-որ մէկը չի ստիպել նրանց կանգ առնել:

-Հաշւի առնելով այն փաստը, որ ցեղասպանութիւններն, ընդհանուր առմամբ, իրականացւում են պետութիւնների եւ նրանց ղեկավարների կողմից, եւ միեւնոյն ժամանակ հաշւի առնելով այն իմպերատիւ սկզբունքի առկայութիւնը, որը թոյլ չի տալիս միջամտել պետութիւնների ներքին գործերին՝ ինչպէ՞ս կարելի է կանխել ցեղասպանութիւնները կամ պատասխանատւութեան ենթարկել դրանց մեղաւորներին, եւ ի՞նչ գործիքներ ունենք այս դէպքում։

-Կարծում եմ, որ այստեղ դեր է խաղում պաշտպանելու պատասխանատւութիւնը: Եթէ Ադրբեջանը ենթադրում է, որ արցախցիներն ինչ-որ կերպ մտել են Ադրբեջանի կազմի մէջ, եթէ նրանք դա են ակնարկում, ուրեմն նրանք սարսափելի արարք են կատարել, նրանք հիմա էլ սարսափելի աշխատանք են կատարում՝ նման ձեւով «պաշտպանելով» իրենց սեփական քաղաքացիներին։ Եւ դա արտաքին ուժերի պաշտպանութեան պատասխանատւութիւնն է, որն ուժի մէջ է մտնում, երբ պետութիւնը դա շատ յստակ ցոյց է տալիս։ Մենք ապրում ենք միջազգային շատ դժւար ժամանակներում։ Աշխարհը շատ արագ է փոխւում, բայց ես իսկապէս կարծում եմ, որ մենք պէտք է շարունակենք օգտագործել այդ լեզուն: Եւ Ադրբեջանի իշխանութիւնն այնքան էլ լաւ չի ծառայում իր քաղաքացիներին։ Ուստի օգտակար կը լինէր մատնանշել Ադրբեջանում մարդու իրաւունքների հետ կապւած իրավիճակի մասին, որն այնքան էլ լաւը չէ։ Արեւմուտքի խնդիրն այն է, որ Ադրբեջանի շուրջ պարզապէս լռութեան դաւադրութիւն գոյութիւն ունի։ Նրանք բացայայտ չեն խօսում Ադրբեջանի մասին։ Եթէ Արեւմուտքի համար աւելի քիչ ռազմավարական նշանակութիւն ունեցող որեւէ այլ պետութիւնում լինէր մի առաջնորդ, որը այնպիսի բաներ կասէր, ինչպիսին ասում են Ալիեւը կամ Ադրբեջանի խորհրդարանը, որ օրինակ՝ «հայերը Եւրոպայի քաղցկեղն են», ապա դա կառաջացնէր միջազգային հանրութեան վրդովմունքը միջազգային լրահոսում եւ միջազգային դիւանագիտական շրջանակներում, բայց, ցաւօք, Ադրբեջանը, կարծես, յատուկ կարգավիճակ ունի։ Կարծում եմ, որ ժամանակն է վերջ տալ դրան, քանի որ այդպէս այս  տարածաշրջանում խաղաղութիւն չի լինի: Իրավիճակը չափազանց անկայուն է, քանի որ Ադրբեջանն իրեն այդպէս է պահում։ Անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու դէպքում Ալիեւը կը հասկանայ, որ իր շահերից է բխում փոխել մօտեցումները եւ այլ արտաքին քաղաքականութիւն վարել Հայաստանի նկատմամբ, որը հիմնւած կը լինի ինքնիշխանութեան, հաւասարութեան, սահմանների, իրաւունքների եւ արցախցիների ինքնորոշման իրաւունքի յարգանքի վրայ։        

Դաւիթ Մամեան  

Related Articles

Back to top button