Եւրոպական խորհրդարանում հայութեանն առնչւող հարցերով ձեւաւորւած է առարկայական դիրքորոշում
Եւրոպական խորհրդարանի՝ Ստրասբուրգում ընթացող լիագումար նիստի ընթացքում, հոկտեմբերի 22-ին քննարկւել է Ադրբեջանում մարդու իրաւունքների եւ միջազգային իրաւունքի խախտումների վիճակը, ինչպէս նաեւ յարաբերութիւնները Հայաստանի հետ։
Ելոյթ են ունեցել շուրջ 30 պատգամաւորներ, ովքեր իրենց ելոյթներում անդրադարձել են Արցախում ադրբեջանական ցեղասպան քաղաքականութեանը։ Եւրոպական խորհրդարանի պատգամաւորների կողմից, ի թիւս այլնի, կարեւորւել է հայ ռազմագերիների ազատ արձակումը, հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը, արցախցիների՝ արժանապատիւ ու ապահով վերադարձի իրաւունքի իրացումը։
COP29-ին ընդառաջ՝ խստօրէն քննադատւել է Ալիեւի ռեժիմի յանցագործ քաղաքականութիւնն ինչպէս Ադրբեջանի ներսում, այնպէս էլ պատերազմական ոճրագործութիւններն ու շրջափակումը Լեռնային Ղարաբաղում։ Մի շարք պատգամաւորներ հանդէս են եկել Ադրբեջանի նկատմամբ թիրախային պատժամիջոցների կիրառման, ԵՄ էներգետիկ համագործակցութիւնը դադարեցներու դիրքերից։ Մի խումբ պատգամաւորների կողմից ուշադրութեան է հրաւիրւել Եւրոպական միութիւնում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի լկտի պահւածքը, ով Եւրոպական խորհրդարանի կողմից Ադրբեջանին խստիւ քննադատող բանաձեւի քւէարկութեան նախօրէին սպառնացել է Եւրոպական խորհրդարանի պատգամաւորներին։
Կարեւոր էր նաեւ Բաքւի կողմից միջազգային կառոյցներում կոռուպցիոն սխեմաներ ստեղծելու եւ օտարերկրեայ պաշտօնեաներին կաշառելու կամ շանտաժի ենթարկելու դրսեւորումների մասին պատգամաւորների զգուշացումներն ու յայտարարութիւնները։
Եւրոպական խորհրդարանի պատգամաւորների շրջանում Հայաստանին ու Արցախին վերաբերող հարցերի վերաբերեալ առարկայական իրազեկւածութեան նման բարձր մակարդակը պայմանաւորւած է նաեւ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի տեւական աշխատանքով։ Նախորդ գումարման խորհրդարանի պատգամաւորների համար ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը մի շարք փաստահաւաք այցելութիւններ է կազմակերպել, որոնք նպաստել են ստեղծւած իրավիճակի վերաբերեալ պատգամաւորների իրազեկւածութեան բարձրացմանը։
Մեկնաբանելով Եւրոպական խորհրդարանի քննարկումը՝ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը նկատել է․ «Մենք շնորհակալ ենք Եւրոպական խորհրդարանի պատգամաւորներին՝ իրենց սկզբունքային դիրքորոշումների համար։ Այս քննարկումը մէկ անգամ եւս ցոյց տւեց՝ Եւրոպական խորհրդարանում հայութեանն առնչւող հարցերով ձեւաւորւած է առարկայական դիրքորոշում։ Խորհրդարանականների տեւական եւ անզիջում աշխատանքի արդիւնքում է նաեւ, որ ԵՄ գործադիր իշխանութեան շրջանում մեր տեսակէտները սկսում են ընկալելի դառնալ։
Մասնաւորապէս, կարեւոր է քննարկմանը ներկայ՝ ԵՄ գործադիր իշխանութեան ներկայացուցչի յայտարարութիւնը՝ տեղում իրավիճակի գնահատման համար Արցախում միջազգային ներկայութեան ապահովման եւ վերադարձի իրաւունքի իրացման վերաբերեալ։ Ի գիտութիւն ենք ընդունում նաեւ գործադիր իշխանութեան այն տեսակէտը, որ Ադրբեջանի հետ ԵՄ էներգետիկ գործարքները չպէտք է եւրոպական կառոյցներին հետ պահեն Ադրբեջանի հասցէին խիստ քննադատութիւնից։ Յատկապէս այս յայտարարութիւնից յետոյ մենք ԵՄ գործադիր իշխանութիւնից ակնկալում ենք յստակ քայլերի»։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ
23.10.2024 թ.