Հայաստան - ԱրցախՔաղաքական

Փաշինեանի վերջին ելոյթները կառուցւած են «փոքր մարդուն» սիրաշահելու հիմնաթէզի վրայ

ՄՀԵՐ ՅԱԿՈԲԵԱՆ

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան

 

Նիկոլ Փաշինեանի վերջին ելոյթներում ակնյայտ ՄԻՏՈՒՄ ԿԱՅ փորձ կատարելու՝ ձեւաւորել իշխող քաղաքական ուժի, իսկ գուցէ նոյնիսկ հէնց իր՝ Նիկոլ Փաշինեանի, քաղաքական հայեցակարգը: «Իզմեր»-ից հրաժարւող ուժի համար վատ չէ, սակայն…

… Լսելով պարոն Փաշինեանի վերջին ելոյթները՝ ակնյայտ է դառնում, որ այդ հայեցակարգը կառուցւած է «ՓՈՔՐ ՄԱՐԴՈՒՆ» ՍԻՐԱՇԱՀԵԼՈՒ հիմնաթէզի վրայ՝ մի մտածիր ապագայի մասին, հաճոյք ստացիր այս պահին, մի ձգտիր կրել պարտականութիւններ, ապրիր այսօրւայ օրով եւ այլ մտքեր այս ոճով: Սա «Փոքր մարդուն» սիրաշահելու պարզ մի հայեցակարագ է, բայց… դրանով կունենա՞նք արդեօք ուժեղ պետութիւն եւ առողջ հասարակութիւն…

Եթէ ես այս հայեցակարգով շարժւեմ, օրինակ, երեխաներիս հետ ողջ օրը «ՎԱՏ ՈՒ ԼԱՒ ՉԵՄ ԼԻՆԻ», որ գիրք կարդան եւ ձգտեն լաւ կրթութիւն ստանալ կը տամ ամէն մէկի ձեռքը մէկ հեռախօս ու անսպառ քաղցրաւէնիք եւ կը քարոզեմ, որ պարի կամ կարատէի գնալ պէտք չէ, ի՞նչ իմաստ կայ ապագայի մասին մտածելու – հաճոյք ստացէք ու այսօրւայ օրով ապրէք: Պատկերացնում է՞ք, ինչ «լաւը» կը լինեմ այդ պարագայում երեխաներիս համար, բայց այս հասարակ օրինակի վրայ նաեւ պարզ է, չէ՞, թէ երիտասարդ դարձած իմ երեխայի հետ ՅԵՏՈՅ ԻՆՉ ԿԸ ԼԻՆԻ…

Մենք այժմ գտնւում ենք ԲԱՑԱՌԻԿՕՐԷՆ ԾԱՆՐ ԴՐՈՒԹԵԱՆ ՄԷՋ: Երկիրը վատ է կառավարւում ու այս ոլորտում դրականի յոյս չկայ, տնտեսութեան վիճակը ողբալի է հաշւի առնելով հէնց միայն պետական պարտքի աննախադէպ չափը, մեր պետութեան գլխին լուրջ արտաքին սպառնալիքներ են կախւած եւ այս պարագայում, որպէսզի, ուղղւենք, մեզ պէտք է ԾԱՆՐ Ու ՔՐՏՆԱՋԱՆ, ՆՊԱՏԱԿԱՄՂՒԱԾ եւ ՃԻՇՏ ԱՇԽԱՏԱՆՔ: Ուղղւելու համար մեզ սա է պէտք եւ դեռ շատ ու շատ հարցական է, թէ կը հերիքի՞ այդ ամէնը մեզ ընդհանրապէս, թէ՞ ոչ, բայց «Փոքր մարդու» ուսին ձեռքը գցելը եւ նրա ձգտումներին «այո» ասելը հաստատ, որ չի հերիքի, չէ՞ որ «Փոքր մարդու» ու պետութեան շահերը որպէս կանոն ԻՐԱՐ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ: Պետութեանը պէտք է հարկ, բանակ, զինւոր եւ աշխատանք, իսկ այդ ամէնի «վճարողը» հէնց «Փոքր մարդն» է: Ասել նրան այդ մասին, սակայն, չի կարելի, «Փոքր մարդը» կը հիասթափւի ժողվարչապետից, պէտք է նրան դատարկ ու սրտին հաճոյ խօսքերով թմրեցնել եւ խոստումներ տալ, որ յետոյ… լաւ կը լինի, իսկ այժմ կեանքը վայելիր:

Մանաւանդ, որ ընտրութիւնները մօտենում են:

Ինձ սա չի համոզում, ուղղւելու համար ես տեսնում եմ արիւն եւ քրտինք, անդուլ աշխատանք ու պայքար, սակայն «Փոքր մարդուն» դա չես ասի, նա չի հասկանայ, ինչպէս երեխաները յաճախ չեն հասկանում, երբ նրանց կոչ ես անում… գրքեր կարդալ ու լաւ կրթութիւն ստանալ: Ես չէի ուզենայ, որ ինձ խաբէին որպէս «Փոքր մարդու», ինքս ինձ ոչ մի կերպ «Փոքր մարդ» չեմ համարում: Ես չեմ սիրում, երբ ինձ խաբում են կեանքից կտրւած ու գեղեցիկ սխեմաներով, ես գերադասում եմ ճիշտն իմանալ, ես կուզենայի, որ ինձ հետ խօսէին ՔՐՏԻՆՔԻ, ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՊԱՅՔԱՐԻ, իսկ գուցէ նոյնիսկ ԱՐԵԱՆ մասին, որպէս ապագայ յաջողութեան երաշխիք, այլ ոչ թէ թմրեցնեին ուղեղս կեանքից կտրւած հեքիաթներով, երբ ինձ ակնյայտօրէն հիմարացնում են:

Դու, որ այս տողերը կարդում ես, ԴՈ՞Ւ ՈՐԸ ԿԸ ԳԵՐԱԴԱՍԷԻՐ…

Related Articles

Back to top button