Արաղչին եւ Լաւրովը քննարկել են իրավիճակը Սիրիայում
«ԱԼԻՔ» – Իրանական կողմի նախաձեռնութեամբ, երէկ՝ նոյեմբերի 30-ին հեռախօսազրոյց է տեղի ունեցել ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչիի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի միջեւ:
Զրոյցի ընթացքում երկու գործընկերները քննարկել են իրավիճակը Սիրիայում:
Նրանք ծայրայեղ մտահոգութիւն են յայտնել Սիրիայում իրավիճակի վտանգաւոր սրման կապակցութեամբ՝ կապւած Հալէպ եւ Իդլիբ նահանգներում ահաբեկչական խմբաւորումների գործողութիւնների հետ:
Արաղչին եւ Լաւրովը համակարծիք են եղել Սիրիայում իրավիճակի կայունացմանն ուղղւած համատեղ ջանքերի ակտիւացման եւ Աստանայի ձեւաչափի շրջանակներում իրավիճակի հրատապ համապարփակ վերանայման անհրաժեշտութեան մասին:
Յիշեցնելով ահաբեկչութեան չարաբաստիկ երեւոյթի դէմ պայքարի միջազգային հանրութեան պարտաւորութիւնը՝ Արաղչին Սիրիայում ահաբեկչական խմբաւորումների ակտիւացումը դիտարկել է որպէս Սիոնիստական ռեժիմի եւ ԱՄՆ-ի՝ տարածաշրջանն ապակայունացնելու ծրագրի մի մաս՝ ընդգծելով Իրանի, Ռուսաստանի եւ տարածաշրջանի երկրների, յատկապէս Սիրիայի հարեւանների միջեւ զգօն եւ համակարգւած գործողութիւնների անհրաժեշտութիւնը՝ այս վտանգաւոր դաւադրութիւնը չէզոքացնելու եւ Սիրիայում ու տարածաշրջանում ահաբեկիչների գործողութիւններին դիմակայելու համար։
Լաւրովն իր հերթին անդրադառնալով Սիրիայի զարգացումներին, անհրաժեշտ է համարել բոլոր կողմերի համակարգւած համագործակցութիւնն ահաբեկչութեան դէմ պայքարի գործում, ինչպէս նաեւ Թեհրանի եւ Մոսկւայի միջեւ սերտ խորհրդակցութիւնների շարունակումը: