Վիտալի Մանգասարեան. «Առաջիկայ զարգացումները կախւած են մի քանի գործօնից»

«ԱԼԻՔ» – Ադրբեջան-Ռուսաստան յարաբերութիւններում լարւածութիւնը պահպանւում է, ըստ էութեան, Ադրբեջանը շարունակում է պնդել իրենց նկատմամբ ռուսական հիբրիդային պատերազմի մասին: Սակայն սրան զուգահեռ՝ տեսնում ենք Ալիեւ-Պուտին ձեռքսեղմումներ, աւելին՝ Ռուսաստանի նախագահը յայտարարում է, որ Ռուսաստան-Ադրբեջան ֆունդամենտալ յարաբերութիւնները եւ դրանք զարգացնելու փոխադարձ հետաքրքրութիւնը, վերջիվերջոյ, ամէն ինչ իր տեղը կը գցի։
Իսկ թէ կոնկրետ ի՞նչ պէտք է անեն կողմերը, որ ամէն ինչ իր տեղն ընկնի եւ լարւած իրավիճակը կարգաւորւի, 168.am-ը փորձել է պարզել «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագէտ Վիտալի Մանգասարեանի հետ զրոյցում:
– Այո, մի կողմից՝ Բաքուն շարունակում է պնդել, որ իր նկատմամբ կիրառւում է հիբրիդային պատերազմ, իսկ միւս կողմից՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ տեսանելի են ժպիտներով եւ ձեռքսեղմումներով ուղեկցւող հանդիպումներ։ Այս երկակիութիւնը վկայում է, որ կողմերը դեռեւս փորձում են պահպանել դիւանագիտական հարթութիւնը՝ չվերածելով լարւածութիւնը բացայայտ հակասութիւնների:
Կարծում եմ՝ Պուտինի յայտարարութիւնը, որ՝ «ֆունդամենտալ յարաբերութիւնները» եւ փոխադարձ հետաքրքրութիւններն «իրենց տեղը կը գցեն ամէն ինչ», հնչում է՝ որպէս հաւասարակշռման փորձ։ Այսօր յարաբերութիւնների «տեղը գցելու» իրական ուղիները կարող են լինել էներգետիկայի ոլորտում նոր ծրագրերը, տրանսպորտային հաղորդակցութիւնների վերականգնումը եւ անվտանգութեան ոլորտում նւազագոյն փոխըմբռնումը։
Վլադիմիր Պուտինը բազմիցս նշել է, որ Ռուսաստանի առաջնահերթութիւնն այս փուլում Ուկրաինայի ճակատում ուժերը կենտրոնացնելն է։ Դա նշանակում է, որ Հարաւային Կովկասում Մոսկւան չունի բաւարար ռեսուրս՝ իրավիճակն ամբողջութեամբ վերահսկելու կամ միջնորդական ծանրակշիռ դեր խաղալու համար։
Ալիեւը որոշակի իմաստով իրեն բաւականին հանգիստ է զգում։ Պատճառը պարզ է․ հայ-ռուսական յարաբերութիւնները գտնւում են անկայուն եւ, մեղմ ասած, ոչ լաւագոյն փուլում։ Դա թոյլ է տալիս Ադրբեջանին զգալ, որ տարածաշրջանում Ռուսաստանը չունի այնպիսի գործիքակազմ, որով կարող է էական ազդեցութիւն գործադրել Բաքւի վրայ։ Այս իրավիճակն Ալիեւին տալիս է մանեւրելու աւելի լայն հնարաւորութիւն՝ թէ՛ արտաքին քաղաքականութեան, թէ՛ տարածաշրջանային նախաձեռնութիւնների հարցում։ Իհարկէ, միեւնոյն ժամանակ Ալիեւը գիտակցում է, որ այս հանգստութիւնը պայմանական է։ Խաղի կանոնները կարող են արագ փոխւել՝ կախւած ինչպէս Ուկրաինայի ճակատում ռուսական դիրքերի զարգացումից, այնպէս էլ՝ միջազգային նոր պայմանաւորւածութիւններից։
– Ի դէպ, Հայաստանը եւս որոշ ժամանակ առաջ պնդում էր, թէ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանը կամ Ռուսաստանից հիբրիդային պատերազմ է վարւում: Օրերս Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան գագաթնաժողովի շրջանակում Պուտինի հանդիպմանը Փաշինեանը յայտարարեց, որ Հայաստանը եւ Ռուսաստանը եղբայրական երկրներ են, բայց սա չի տարածւում ՌԴ-Հայաստան եւ ՀՀ-ՀԱՊԿ ռազմական եւ ռազմաքաղաքական յարաբերութիւնների վրայ։ Միւս կողմից, առանց այս էլ ՀՀ իշխանութիւններն արդէն գլուխ չեն գովում, թէ «սպառազինութեան վրայ «միլիարդաւոր գումարներ են ծախսել», խաղաղութեան են գնում եւ մտածում են բիւջէի կրճատման կամ առնւազն այն չաւելացնելու մասին:
– Իշխանութեան ներկայացուցիչների հռետորաբանութեան մէջ ձեւաւորւել է մի հակասութիւն, որը դժւար է բացատրել։ Այո, մի քանի ամիս առաջ նրանք պնդում էին, թէ Հայաստանի դէմ հիբրիդային պատերազմ վարում է հէնց Ռուսաստանը, այժմ նոյն իշխանութիւնը յայտարարում է, որ Ռուսաստանը եղբայրական երկիր է։ Այս տրամաբանութեան մէջ ստացւում է, որ Հայաստանը եղբայրական յարաբերութիւններ է պահպանում մի երկրի հետ, որն իր դէմ վարում է պատերազմի ամենաբարդ ձեւերից մէկը՝ հիբրիդայինը:
Ինչ վերաբերում է ռազմական բիւջէի կրճատմանը, նշեմ, որ եթէ անցած տարի իշխանութիւնները հպարտանում էին ռազմական բիւջէի աճով եւ միլիարդաւոր դոլարների ներդրումներով զէնքի ձեռքբերման գործում, ապա այսօր արդէն շեշտադրումը փոխւել է։ Հիմա իշխանութիւնները խօսում են ռազմական ծախսերի կրճատման անհրաժեշտութեան մասին, քանի որ Հայաստանը գնում է «խաղաղութեան» ճանապարհով։
Նիկոլ Փաշինեանը պատահական չէ քաղաքական դաշտ նետում՝ «խաղաղութիւնը պէտք է խնամել, ծաղկի պէս ջրել» թէզը: Այլ կերպ ասած՝ ցանկացած զիջում փաթեթաւորւում է՝ որպէս խաղաղութեան պահպանման քայլ։
Ցանկանում եմ ուշադրութիւն հրաւիրել, որ այդ «խնամքի» համար արդէն իսկ գոյութիւն ունեն գործիքակազմեր։ Դրանցից կարեւորագոյնը բանակի ատեստաւորման համակարգն է, որն իշխանութիւններին հնարաւորութիւն է տալիս ցանկացած պահի վերաձեւել եւ կրճատել զինւած ուժերի կազմը։ Այսպիսով՝ խաղաղութեան խնամքի տրամաբանութեան ներքոյ հնարաւոր է նաեւ՝ բանակի թւակազմի կրճատումը ներկայացւի որպէս ռացիոնալ եւ անհրաժեշտ քայլ։ Ցաւօք, Հայաստանի քաղաքական օրակարգը կառուցւում է ոչ թէ երկարաժամկէտ անվտանգութեան ռազմավարութեան, այլ խաղաղութեան մասին սիմւոլիկ պատկերացումների շուրջ, ինչը կարող է կարճաժամկէտ կտրւածքում ապահովել հասարակական աջակցութիւն, բայց երկարաժամկէտում վտանգաւոր ազդեցութիւն ունենալ երկրի պաշտպանունակութեան վրայ։
– Ադրբեջանի նախագահը վերջերս յայտարարել էր, որ ցանկացած պահի պէտք է պատրաստ լինեն պատերազմի՝ նշելով, որ աշխարհաքաղաքական գործընթացները զարգանում են այնպիսի ուղղութեամբ, որ չես կարող ասել՝ վաղն ինչ կը լինի։ Ի՞նչ կարող է նկատի ունենալ Ալիեւը:
– Նախ արձանագրենք, որ Ալիեւի նման յայտարարութիւնները եւս մէկ անգամ փաստում են, որ տարածաշրջանում կայուն խաղաղութիւն դեռեւս չկայ։ Իսկ աշխարհաքաղաքական գործընթացները Հարաւային Կովկասում մշտապէս փոխւում են, եւ իւրաքանչիւր նոր զարգացում կարող է էապէս ազդել ուժերի հաւասարակշռութեան վրայ։
Ալիեւի շեշտադրումն այն է, որ անորոշութեան պայմաններում ուժի գործօնը շարունակում է մնալ առանցքային անվտանգութեան ապահովման միջոց։ Միաժամանակ նրա խօսքն ուղղւած է թէ՛ ներքին լսարանին, թէ՛ արտաքին խաղացողներին։ Ներքին մակարդակում նմանօրինակ յայտարարութիւնը ծառայում է հասարակութեանը մշտապէս մարտական տրամադրութեամբ պահելու եւ ռազմական գերակշռութեան գաղափարն ամրապնդելու նպատակին։ Արտաքին ուղղութեամբ էլ այն ուղերձ է Հայաստանին, ինչպէս նաեւ տարածաշրջանում ներգրաււած այլ պետութիւններին, որ Բաքուն պատրաստ է ցանկացած սցենարի։
Բացի այդ, նրա յայտարարութիւնը կարելի է դիտարկել նաեւ որպէս ճնշման գործիք միջազգային գործընկերների վրայ։ Յիշեցնելով պատերազմի մշտական սպառնալիքը՝ Բաքուն ակնարկում է, որ ցանկացած պայմանաւորւածութիւն պէտք է հաշւի առնի իր շահերը, հակառակ դէպքում՝ «ուժի ճանապարհը» միշտ մնում է իր ձեռքում։
– Դուք ուսումնասիրում էք ռազմական, ռազմատեխնիկական, ռազմարդիւնաբերական զարգացումները, ռազմական բիւջէի վերանայումներն աշխարհում եւ ոչ միայն, արդեօ՞ք աշխարհը խաղաղութեան օրակարգի է գնում, եւ ի՞նչ հակամարտութիւններ կան, որոնք չի կարելի համարել սառեցւած, եւ ամէն րոպէ կարող են վերսկսւել ռազմական գործողութիւններ։
– Պետութիւնները, նկատի ունենալով աշխարհաքաղաքական անորոշութիւնը, ուժերի հաւասարակշռութեան խախտումները եւ նոր տեխնոլոգիական սպառնալիքները, առաջնային են դարձնում ռազմական ներուժի ամրապնդումը։
Մերօրեայ իրականութեան պայմաններում աշխարհի գրեթէ բոլոր պետութիւնները մեծացնում են ռազմական ծախսերը՝ որպէս ազգային անվտանգութեան երաշխիք։ Սա վերաբերում է ոչ միայն մեծ տէրութիւններին, այլեւ փոքր եւ միջին պետութիւններին, որոնք զգում են իրենց խոցելիութիւնը ժամանակակից մարտահրաւէրների առջեւ։
Եւրոպայում վերջին տարիներին աւելի է ակտիւացել միասնական ռազմական քաղաքականութեան գաղափարը։ Եթէ նախկինում ԵՄ-ն հանդէս էր գալիս որպէս տնտեսական եւ քաղաքական ինտեգրացիոն կառոյց, ապա այժմ ձեւաւորւում է նաեւ ռազմական բաղադրիչ։ ԵՄ երկրներն արդէն բարձրաձայնում են միասնական զինւած ուժեր ստեղծելու անհրաժեշտութեան մասին՝ յայտարարելով, որ պատրաստ են մօտ 800 միլիարդ եւրօ ուղղել այդ նպատակին։ Սա նախադէպային քայլ է, որը ցոյց է տալիս՝ եւրոպական մայրցամաքն անվտանգութեան հարցերում այլեւս չի ցանկանում ամբողջովին ապաւինել ՆԱՏՕ-ին եւ ԱՄՆ-ին։ Գերմանիան այս գործընթացում առանձնայատուկ դեր ունի։ Երկիրը, որը երկար ժամանակ վարում էր զսպւած քաղաքականութիւն ռազմական ծախսերի հարցում, այժմ պատրաստ է իր ՀՆԱ-ի 5 տոկոսից աւելի յատկացումներ կատարել պաշտպանութեանը։ Սա արմատական շրջադարձ է գերմանական քաղաքականութեան մէջ եւ վկայում է, որ Բեռլինը պատրաստւում է խաղալ առաջատար դեր Եւրոպայի նոր ռազմական ճարտարապետութեան ձեւաւորման մէջ։
Խաղաղութեան հեռանկարը դժւար է պատկերացնել նաեւ այն պատճառով, որ աշխարհում առկայ են մի շարք հակամարտութիւններ, որոնք ներկայացւում են որպէս «սառեցւած» կամ լուծւած, բայց իրականում կրում են պոտենցիալ ակտիւացման վտանգ։ Դրանք են՝ Ուկրաինայում շարունակւող պատերազմը, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, Կոզովոյի հարցը, Մերձդնեստրի հակամարտութիւնը, ինչպէս նաեւ Ասիայի որոշ գօտիներում՝ Կորէական թերակղզում եւ Թայւանի շուրջ լարւածութիւնը։ Այս համատեքստում կարելի է փաստել, որ աշխարհը շարժւում է ոչ թէ խաղաղութեան, այլ նոր ռազմական մրցավազքի ուղղութեամբ։ Զէնքի արդիականացման, ռազմական արդիւնաբերութեան ընդլայնման եւ ռազմական դաշինքների վերաձեւման գործընթացները վկայում են, որ պետութիւնները կանխատեսում են ուժային բախումների աճ։
– Ժամանակին Հայաստանի անվտանգային մարտահրաւէրները պայմանաւորում էինք այս կամ այն երկրների՝ իրար հետ ունեցած լաւ կամ վատ յարաբերութիւններով, օրինակ, ՌԴ–Ադրբեջան, Իրան–Ադրբեջան, ակտուա՞լ է այսօր այս պայմանաւորումը՝ հաշւի առնելով ՀՀ իշխանութիւնների վարած քաղաքականութիւնը:
– Առաջին հայեացքից կարող է թւալ, որ Հայաստանի անվտանգային մարտահրաւէրները որոշ չափով չէզոքացւած են։ Դրա պատճառներից մէկն այն է, որ տարածաշրջանում ներկայ պահին լայնածաւալ ռազմական գործողութիւններ չեն ընթանում Հայաստանի ուղղութեամբ։ Սակայն նման հանգիստ վիճակը չի նշանակում, որ սպառնալիքները վերացել են։ Հակառակը՝ դրանք պարզապէս փոխել են իրենց բնոյթը:
Անհնար է անտեսել թուրք-ադրբեջանական տանդեմի շարունակական ռազմավարական նպատակները։ Չեմ կարծում, որ դրանք որեւէ կերպ փոխւել են։ Տասնամեակներ շարունակ ձեւաւորւած քաղաքականութիւնը միտւած է տարածաշրջանը պատկերացնել առանց հայերի։ Սա ոչ միայն պատմական նարատիւի մի մասն է, այլեւ գործնական քաղաքականութեան բաղադրիչ, որն իր արտայայտութիւնն է գտնում ե՛ւ ռազմական գործողութիւններում, ե՛ւ քարոզչական հռետորաբանութեան մէջ։ Հայաստանի անվտանգութեան համակարգը պէտք է կառուցւի ոչ թէ միայն դաշնակցային յարաբերութիւններին ապաւինմամբ, այլեւ սեփական ներուժի ամրապնդման, դիւանագիտական ճկունութեան եւ ազգային դիմադրողականութեան հիման վրայ։ Միայն այսպէս հնարաւոր կը լինի դիմակայել այն սպառնալիքներին, որոնք կարող են ծագել ցանկացած պահի։
– Ի՞նչ զարգացումներ սպասել «Զանգեզուրի միջանցք»-ի կամ «Թրամփի ուղի» նախագծի համատեքստում։
– Նախ նշեմ, որ որքան էլ Հայաստանի ղեկավարութիւնը փորձի հանրութեանը համոզել, թէ խօսքը միջանցքի մասին չէ, այլ միայն տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակման, փաստերը հակառակն են վկայում։ Ադրբեջանական կողմը բացայայտ այն ներկայացնում է որպէս միջանցք՝ յատուկ կարգավիճակով եւ առանց հայկական վերահսկողութեան։
Հայկական կողմը երկար ժամանակ չի կարողացել կառուցել վստահելի յարաբերութիւններ Թեհրանի հետ՝ յատկապէս այս հարցում։ Իրանից հնչող յայտարարութիւնները վկայում են, որ Թեհրանը բացայայտ դէմ է որեւէ միջանցքային տրամաբանութեան։ Իրանի համար կենսական է չխաթարել իր ցամաքային կապը Հայաստանի հետ, եւ ցանկացած միջանցք, որը կարող է այս կապը թուլացնել, ընկալւում է՝ որպէս անմիջական սպառնալիք։
Կարեւոր է ընդգծել, որ Հայաստանի վրայ որեւէ պարտաւորութիւն չկայ Ադրբեջանի համար միջանցք տրամադրելու: Իսկ Հայաստանի իշխանութիւններն այնպիսի տպաւորութիւն են ստեղծում, որ իրենց իսկ նախաձեռնութիւնն է իրականացւում՝ «Խաղաղութեան խաչմերուկ», եւ այլն: Իրականում ակնյայտ է, որ տեղի ունեցող քայլերը մեծապէս պայմանաւորւած են արտաքին ճնշումներով։ Առաջիկայ զարգացումները կախւած են միաժամանակ մի քանի գործօնից՝ Ադրբեջանի ճնշումների ինտենսիւութիւնից, Թուրքիայի մասնակցութիւնից, Իրանի ակտիւ դիրքորոշումից եւ միջազգային խաղացողների ներգրաււածութիւնից։ Սակայն ակնյայտ է մէկ բան. որքան էլ փորձ արւի հանրութեանը ներկայացնել, որ «Զանգեզուրի միջանցք» չկայ, իրական քաղաքական դաշտում այն արդէն ձեւաւորւել է՝ որպէս սպառնալիք, որի չէզոքացումը պահանջում է Հայաստանի եւ Իրանի սերտ համագործակցութիւն ու յստակ ռազմավարական քայլեր։
Զրոյցը՝ ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ