Հայաստան - ԱրցախՔաղաքական

Բաքւում խոշտանգւող հայ գերիների ազատ արձակման պահանջով հաւաք Երեւանում

«ԱԼԻՔ» – Բաքւի բանտերում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան եւ միւս հայ գերիների ազատ արձակման պահանջով հանրային ու քաղաքական շրջանակների ներկայացուցիչները, քաղաքացիները  փետրւարի 28-ի վաղ առաւօտից  պետական  կառոյցների առջեւ հաւաք են իրականացրել։ Նրանք ՀՀ իշխանութիւնից կտրուկ անելիքներ են պահանջել՝ գերիների վերադարձման ուղղութեամբ՝ յորդորելով նոյնիսկ դադարեցնել Ադրբեջանի հետ բանակցութիւնները, քանի դեռ  չի լուծւել հայ գերիների վերադարձի հարցը։ Հաղորդում է yerkir.am-ը:

«Բաքւի բանտերում պահւող հայ գերիների հարցի լուծման բանալին գտնւում է Հայաստանի իշխանութիւնների մօտ»,- ՄԱԿ-ի երեւանեան  գրասենեակի դիմաց ակցիայի ժամանակ ասաց Արցախի Հանրապետութեան Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը։ Նա նշեց, որ առնւազն այս հարցը օրակարգ դարձնելու եւ հետապանդելու հարցում առաջնային դեր եւ նշանակութիւն պէտք է ունենայ ՀՀ իշխանութիւնը։ «Սա չի քննարկւում։ Բայց մենք մեր պահանջը ուղղում ենք ոչ միայն Հայաստանի իշխանութիւններին, նաեւ միջազգային հանրութեան այլ դերակատարների, ցոյց ենք տալիս, որ մարդիկ նաեւ ձեզնից պահանջելիք ունեն»,- ասաց Գ. Ստեփանեանը։ Արցախի ՄԻՊ խօսքով՝ ՀՀ ԱԳՆ-ն ոչինչ չասող որոշակի յայտարարութիւն է այսօր (փետրւարի 28-ին-ԽՄԲ.) արել։ Ըստ Գեղամ Ստեփանեանի՝  հայ գերիների՝ այնտեղ գտնւելն արդէն  հակասում է  միջազգային իրաւունքին:

«Շատ կարեւոր է, որ ինքնաբուխ ակցիաներ են կատարւում, սա նշանակում է, որ ժողովուրդը կամաց-կամաց թօթափում են անտարբերութեան զգացումը եւ իւրաքանչիւրն ինչ-որ ձեւով ցանկանում է արտայայտել իր վերաբերմունքը, դիրքորոշումը։ Մնում է, որ սա հաւաքական ուժ դառնայ»,-Հայաստանում ՄԱԿ-ի գրասենեակի դիմաց յայտարարեց Արցախի Հանրապետութեան մշակոյթի նախարար Նարինէ Աղբալեանը՝ յաւելելով.

«Արցախի բլոկադայի օրերին Արցախից 60 հազար ստորագրութիւն էինք հաւաքել եւ դիմել ՄԱԿ-ին, Անվտանգութեան խորհրդին՝ Արցախի էթնիկ զտումը կանխելու համար, բայց այդ կառոյցները որեւէ գործնական քայլ չարեցին եւ չկարողացան կանխել մեծ աղէտը։ Այսօր նոյն իրավիճակում է նաեւ Հայաստանը, կայ հրատապ խնդիր՝ կապւած գերիների հետ եւ այսօր նորից մեր ձայնն ենք բարձրացնում եւ ՄԱԿ-ի, ԵԽ-ի ու ՄԻԵԴ-ի՝ բոլորի ուշադրութիւնն ենք հրաւիրում այս հրատապ խնդրի վրայ, որովհետեւ արդէն իսկ այն ահազանգերը, որոնք հնչեցրել են Ռուբէն Վարդանեանն, իր որդին եւ իրենց պաշտպանական թիմը արդէն իսկ վկայում են, որ կարող է տեղի ունենալ անդառնալին եւ եթէ վաղը փորձեն ինչ-որ բան անել, կարող է անիմաստ լինի։ Մենք ամէն ինչ պէտք է անենք որպէսզի սանձենք Ադրբեջանին եւ կանխենք ամենավատը, թոյլ չտանք, որ այդ կեղծ դատավարութիւնը քաղաքական շուուն հետեւանք ունենայ մեր ղեկավարութեան կորստով»,-կոչ արեց Աղբալեանը՝ նկատելով, որ այսօր Բաքւի բանտերի ճաղերի յետեւում հայ ժողովուրդի պատիւն է, սա պէտք է հասկանան եւ սրա դէմն առնել:

Related Articles

Back to top button