Դաշնակցական Բեմ

ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը Սումգայիթեան ջարդերի 37-րդ տարելիցի եւ Բաքւում ընթացող դատավարութեան կապակցութեամբ

«ԱԼԻՔ» – 1988 թ․ փետրւարն ազդարարեց ազգային զարթօնքի եւ նորագոյն ժամանակների ազատագրական պայքարի մեկնարկը, որի փառապսակը Հայաստանի վերանկախացումն էր եւ Արցախի Հանրապետութեան կերտումը։ Ի պատասխան արցախահայութեան սահմանադրական իրաւունքի իրացման խաղաղ պայքարի, Ադրբեջանը՝ Խորհրդային իշխանութիւնների անտարբերութեան պայմաններում, 1988 թ․ փետրւարի 27-ից 29-ը կազմակերպեց եւ իրականացրեց Սումգայիթ քաղաքի հայ ազգաբնակչութեան արիւնալի ջարդերը։ Սումգայիթին յաջորդեցին Բաքւում, Գանձակում, Շամխորում եւ այլ քաղաքներում իրականացրած հայկական կոտորածներն ու էթնիկ զտումը։ 1988 թ․ Սումգայիթի հայկական ջարդերը, հարիւր հազարաւորների բռնի տեղահանումը, դրանց յաջորդած արցախեան առաջին եւ 44-օրեայ պատերազմն ու Արցախի հայաթափումն ու Ադրբեջանին բռնակցումը, ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարութեան պատանդառումն ու կեղծ դատավարութիւնն ի ցոյց են դնում տարածաշրջանում Ադրբեջանի երկարաժամկէտ ռազմավարական նկրտումները։ Ադրբեջանի հակահայ քաղաքականութիւնն այսօր բացայայտ դրսեւորւում է Բաքւում ընթացող դատավարութեան բեմականացմամբ, նաեւ այսպէս կոչւած «խաղաղութեան» պայմանագրի բանակցութիւնների գործընթացով, որի ակնյայտ նպատակը ոչ թէ միջազգային իրաւունքի եւ նորմերի վրայ խարսխւած խաղաղութեան հաստատումն է, այլ՝ հայկական պետականութեան փաստացի կազմաքանդումը, հայկական քաղաքական գործօնի վերացումը։ Սումգայիթի ջարդերի 37-րդ տարելիցի եւ Բաքւում շարունակւող դատավարական ֆարսի կապակցութեամբ ՀՅԴ Բիւրօն յայտարարում է.

  • Դաշնակցութիւնը շարունակելու է հետամուտ լինել 1988-90 թթ․Ադրբեջանի կողմից իրականացւած ցեղասպանական գործողութիւնների ճանաչման, դատապարտման եւ արդար հատուցման պահանջին։
  • Սումգայիթում, տարբեր այլ քաղաքներում եւ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացրած ցեղասպանութեան զոհերի արդար փոխհատուցման եւ վերադարձի իրաւունքի պահանջը, ինչպէս նաեւ Բաքւում պատանդառւած բոլոր գերիների եւ պահւող անձանց անյապաղ ազատ արձակումը պէտք է հայ-ադրբեջանական բանակցութիւնների օրակարգի մաս դառնան։  

ՀՅԴ Բիւրօ

Related Articles

Back to top button