Հայաստանեան աշխարհաքաղաքական անվտանգային օրէօր մագլցող սպառնալիքներիով մտահոգւելու հետ միաժամանակ՝ հպարտանալու-շոյւելու բացառիկ առիթ է իրանահայերիս համար, ասենք, ազգային բարերարի կոչմանը արժանացած՝ իրանահայ բժիշկ Արսէն Մինասեանի մեծարման երեկոն։ Նա օրերս կրկին յիշւեց-մեծարւեց Իրանի Գիլան նահանգի կենտրոն՝ Ռաշտում, որտեղ արդէն քանիերո՜րդ անգամը լինելով՝ ի մի էին եկել Նրա հասարակական, ժողովրդական ու պետական-կառավարական իրանցի երախտագէտները։
Իրանի Գիլան նահանգի ու մասնաւորապէս Ռաշտի մասին, որպէս հայասիրութեան օջախներ, բացի վերոգրեալից, բաւական է վկայաբերել այն, որ նոյն նահանգի կենտրոնից են ակունք առել Պարսկաստանի սահմանադրական շարժման անզուգական հերոս, հայազգի՝ մեծն Եփրեմի ազատախոհական սխրանքները…։ Իսկ այս դէպքում էլ՝ դարձեալ միեւնոյն հայասէր օջախներում անպակաս ու հպարտալի են երախտագէտների նմանօրինակ կեցւածքները։
Պատմականօրէն, քիչ չեն եւ գրեթէ յաւուր պատշաճի էլ յիշւել ու մեծարւել են իրանահայութեան հինաւուրց համայնք-գաղթօջախներ՝ Ատրպատականի եւ Սպահանի (Նոր Ջուղա) երեւելիները՝ վաճառականական-առեւտրական ու ճարտարապետական-տպագրական եւ քաղաքակրթական-մշակութային այլեւայլ բնագաւառներում։ Ի դէպ՝ պարտք եմ համարում նշել, որ իրանահայ ազնիւ գործարար, Իրան-Հայաստան, ինչպէսեւ՝ Իրան-Չինաստան առեւտրական զոյգ պալատների նախագահ Հերւիկ Եարիջանեանը խրախուսելի միտք է յղացել գրատիպ հրատարակութեամբ իրանական լայն հասարակայնութեանը ծանօթացնել-ներկայացնել Պարսկաստանի Առաջին ու հիմնադիր առեւտրական-վաճառականներին, որոնց ակունքներում են կանգնած (դարձեալ ի հպարտութիւն մեզ) ջուղայաբնակ Շահրամանեանների ու թաւրիզաբնակ Թումանեանների տոհմ-գերդաստանների ներկայացուցիչները…
Պատմականից բացի, մեզ՝ իրանահայերիս երիցս հպարտանալու զգացում են պարգեւում ժամանակակից, ինչպէս նաեւ ներկայումս երկրի մասշտաբներով հպարտալի ներդրումներ ունեցող իրանահայ պրոֆեսորա-դասախօսական բնագաւառի գիտնականներ, ակադեմականներ, արւեստագէտներ եւ …։
* * *
Մեր համայնքում յուշերեկոների աւանդոյթը խրախուսելի նախաձեռնութիւն է համարւում։ Նոյնիսկ կարելի է ասել՝ այդ բնագաւառում մեզ մօտ չափազանցօրէն ակներեւ է դրսեւորւող համեստութիւնը։ Հարկաւոր է տարբեր կարգի յուշերեկոների համար այսպէս ասած՝ քանակական եւ որ կարեւոր է՝ որակական աճ ապահովել, խրախուսելով մշակութային, կրթական եւ հասարակական կազմակերպութիւններին եւ միութիւններին, հանրայնացնելու համար համապատասխան հանդիսութիւններն ու միջոցառումները։ Ինչ խօսք՝ իւրաքանչիւր յուշերեկոյ կամ նմանատիպ ձեռնարկ, որպէս մէկական վարակիչ-դաստիարակչական օրինակ կարող է ծառայեցւել նոյն հասարակայնութեան հետնորդ եւ յատկապէս երիտասարդ սերունդների համար, որոնք առաջնակարգօրէն իրաւունք ու պարտաւորութիւն ունեն ինքնահաստատւելու սեփական անցեալի ու ապրող բնօրրանի պատմութեամբ, յատկապէս եթէ դա հինաւուրց կենսագրութեան կրող գաղթօջախ ու համայնք է ըստ ամենայնի…։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Իրանահայ համայնքի եռեակ թեմեր՝ հինաւուրց Ատրպատականը, Սպահան-Նոր Ջուղան, ինչպէսեւ կենտրոնական շրջան՝ Թեհրանը, իրենց Ազգային իշխանութիւնների, յանձինս՝ օրէնսդիր ու գործադիր միաւորներ՝ Պատգամաւորական ժողովների ու Թեմական խորհուրդների նպատակայարմար կողմնորոշման պարագայում, ի զօրու են միջթեմական ընկալեալ ձեւաչափի (ներկայացուցչական կամ ժողովական) հանդիպում կազմակերպել զորօրինակ՝ հետեւեալ բնաբանով.-
«Միջհամայնքային գործակցութիւն՝ սեփական արժէքների պահպանման-խրախուսման նպատակով»…
Ինչպէս հոգեւոր միասնութեան դէպքում, որն արտայայտւում է Ս. Թադէի հոյակերտ վանքի համահայկական ուխտագնացութեան ընթացքում, կամ մարզական-մշակութային միասնական փառատօներում ենք ցուցաբերում, հնարաւոր է միջթեմական ու համահամայնքային տեսք ու բովանդակութիւն հաղորդել համընդհանուր իրանահայ միւս կարեւոր արժէքների խրախուսման ու տարածման առաքելութեան մէջ։
Ու կարելի է սկսել համայնքի բոլոր ժամանակների որեւիցէ մարդկային ու ազգային արժէքների պահպանման գործում ստւարաթիւ երախտաւորներից մէկի յուշերեկոյի կայացման ընդմիջից։
Իսկ թող առաջին, այդ կարգի յուշերեկոյի կազմակերպիչը հանդիսանայ հայաշխարհի ամենահինաւուրց՝ Ատրպատականի թեմը՝ նոյն՝ պատմակերտ Արամեան վարժարանի հոգեհարազատ միջավայրում…։
Դ. Մ.
Պատմական գիտութիւնների թեկնածու